Ստեփանակերտի օրը նշվելու է որոշ սահմանափակումներով

Ստեփանակերտի վերանվանման օրն այս տարի նշվելու է սեպտեմբերի 26-ին: Մինչ այդ, տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է քաղաքային հանձնաժողով, որի աշխատանքները համակարգում է փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։ Նրա հաղորդմամբ՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով՝ Ստեփանակերտի տոնին նվիրված միջոցառումների ցանկն այս տարի սահմանափակվել է:
Նախատեսվող միջոցառումներն էլ անցկացվելու են բացառելով մարդկային կուտակումները: Այդուհանդերձ, արվելու է հնարավորը քաղաքում տոնական տրամադրություն ապահովելու համար: Այդ օրը Ստեփանակերտի տոնական տեսքն ապահովվելու են զարդարված փողոցներն ու պուրակները: Նախատեսվում են բացօթյա համերգներ՝ մասնավորապես փողային նվագախմբի, ինչպես նաև Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների ներգրավմամբ:
Ինչպես հայտնի է Ստեփանակերտի վերանվանման 97-ամյակն այս տարի համընկել է Կոմիտասի ծննդյան 151-րդ տարեդարձին: Ըստ այդմ՝ օրը կնշանավորվի նաև մայրաքաղաքի Կոմիտասի անունը կրող երաժշտական կրթօջախի սաների համերգով:
Տոնի նախօրյակին՝ սեպտեմբերի 25-ին, քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպվելու է նկարչական մրցույթ, որին կմասնակցեն քաղաքի բոլոր դպրոցներից ընդգրկված աշակերտներ: Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի մարզահրապարակում կայանալու է մինի-ֆուտբոլի մրցույթ աշակերտների միջև:
Մանկապատանեկան շախմատի մրցույթ է նախատեսվում քաղաքային շախմատի դպրոցում: Այս տարի առցանց է անցկացվելու՝ աշակերտական շարադրությունների մրցույթը՝ նվիրված Ստեփանակերտին: Տեղի կունենա քաղաքապետարանի և ենթակայությամբ գործող կառույցների լավագույն աշխատակիցների, քաղաքապետարանի աշխատանքերին աջակցություն ցուցաբերած մասնագետների պարգևատրման արարողություն:
Բոլոր միջոցառումներն անցկացվելու են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ համապատասխան վայրերում կհերթապահեն շտապօգնության բժիշկները: