Լիբանանը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին
Լիբանանում ֆինանսատնտեսական կոլապսը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի ու ժողովրդական բողոքի ցույցերի: Դրան գումարվեցին աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը, այնուհետև Բեյրութի նավահանգստի պայթյունը: Ինչպե՞ս է այս ծանր փորձություններին դիմագրավում հայ համայնքը: Ինչպիսի՞ դիրքորոշումներ կան հայրենադարձության վերաբերյալ: Այս հարցերի շուրջ Ապառաժ-ը զրուցել է Բեյրութի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի հետ:
-Բարեւ Ձեզ, պարոն Ավագյան: Բարեկամ Լիբանանին պատուհասած փորձություններին խոր տագնապով է հետևում հատկապես համայն հայությունը: Ինչպե՞ս է տեղի հայ համայնքը դիմագրավում այդ մարտահրավերներին ու ծանր կացությանը:
-Լիբանանն ու տեղի հայությունը թևակոխում են պատմության ամենածանր հանգրվաններից մեկը: Եթե աշխարհի ներկա տագնապները հիմնականում պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով, ապա Լիբանանն ավելի քան մեկ տարի է, ինչ դիմագրավում է քաղաքական, տնտեսական, առողջապահական մարտահրավերներին: Այս ամենը շուրջ երեսնամյա քաղաքական ու տնտեսական քաղաքականության ձախողման հետևանք են: Արդյունքում, անցած տարվա հոկտեմբերին ծայր առավ համաժողովրդական շարժում, որը տապալեց կառավարությունը: Այդ դեպքերին հաջորդած ժամանակահատվածում մենք ականատես եղանք, որ տապալվեց ևս երկու կառավարություն: Վերջինը օրեր առաջ էր: Նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանը լիովին կանգնեց անկայուն ու անորոշ կացության առջև: Քաղաքական իրավիճակն ուներ նաև ֆինանսատնտեսական պատճառներ: Անցնող 10 ամիսների ընթացքում լիբանանյան թղթոսկին արժեզրկվեց 80-100 տոկոսով: Ավելին, Լիբանանի դրամատները լուրջ ցնցում ունեցան: Ներկայումս իրենց տարիների քրտինքով վաստակած ֆինանսները բանկերին պահ տված լիբանանցիներն այդ միջոցները ստանալու և օգտագործելու լուրջ դժվարություններ ունեն: Երկրում առկա է ծանր կացություն՝ դրամի չգոյություն, գործազրկություն և ընդհուպ՝ սովի ու սովամահության հասնող իրավիճակ: Այդ բոլորին գումարվեց նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը: Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 հազարի սահմանը: Սա լիբանանցիներին պարտադրեց առանց այն էլ ծանր կացությունը հարմարեցնել համաճարակային պայմաններին: Եվ, վերջապես, ծանր վնասներ հասցրեց նաև ,Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը: Դրա հետևանքով կիսով չափ քանդվեցին Լիբանանի մայրաքաղաքն ու շրջակայքը, որտեղ գտնվում էին հայկական արվարձաններն ու շեն քաղաքները: Ունեցանք 14 զոհ և հարյուրավոր վիրավորներ: Ընդհանուր առմամբ, 5 հազար ընտանիք մեծ վնասներ է կրել: Ավերվել են նրանց բնակարանները, խանութներն ու գրասենյակները: Շուրջ 3 հազար հայ ընտանիք ահավոր վնասներ կրեց, իսկ հարյուրավոր ընտանիքներ անօթևան ու անգործ մնացին: Ներկայումս նրանք լքված են ու մատնված ծանր կացության:
-Հաջողվո՞ւմ է համայնքին ինքակազմակերպվել, և ինչպիսի՞ մասնակցություն ու ներդրում ունեն ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները ծանր կացությամբ ստեղծված իրավիճակը հնարավորինս մեղմելու գործում:
-Լիբանանը դեռևս 15-ամյա քաղաքացիական պատերազմից կուտակած կամք ու կազմակերպվելու փորձառություն ունի: Լիբանանահայությունը նույնպես ունի ներքին լայն կազմակերպվածություն, փորձառություն, ազգային միութենական կառույցներ, Կիլիկիայի կաթողիկոսարանն ու կուսակցություններ՝ իրենց ուղեկից միություններով: Այս տագնապալից իրադարձությունների առաջին իսկ օրից բոլորը միասնաբար ճիգերով ձեռնամուխ եղան լիբանանահայության առջև կանգնած մարտահրավերների դիմագրավմանը: Արտասովոր դժվարությունները, բնականաբար, պահանջում էին դրանց դիմագրավելու տարբեր ճիգեր: Լիբանանահայությունը, որն անցած 30 տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել Մայր Հայրենիքին, Արցախին ու Սփյուռքի մի շարք գաղութների, այժմ կարիքավորության դժվարությունների դիմաց է կանգնել:
Շուրջ 10 ամիս շարունակվող տագնապի տևողությունն ու անորոշությունը և վերոնշյալ բոլոր դժվարությունները՝ լիբանանահայության ուժերը չէին բավականացնի այդ ամենը հաղթահարելու համար: Համայն հայության զորակցության ու զորաշարժի անհրաժեշտություն է զգացվում: Բնականաբար, այդ ուժը Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅԴ-ն են, որոնք աշխարհի բոլոր երկրներում ունեն միություններ ու կառույցներ: Անցնող ամիսներին մենք ականատես եղանք Սփյուռքի տարբեր համայնքներում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնադրամի ստեղծմանը, կազմակերպված դրամահավաքներին ու միջոցառումներին: Իր հերթին ՀՅԴ-ն իր ուղեկից կազմակերպություններով՝ Մոսկվայից մինչև Հայաստան, Ավստրալիա, Կանադա, Ամերիկա և ամենուր, որտեղ դաշնակցական բջիջ է գործում, կարողացավ ի նպաստ Լիբանանի գործել: Լիբանանահայությունը մեր ազգային գաղափարների ու նպատակների իրականացման գործում ռազմավարական նշանակություն ունեցող համայնքներից է: Լիբանանահայ գաղութը շարունակում է մնալ մեր ազգային գործիչների ու Հայ Դատի լուծմանը ձեռնամուխ եղած ներուժի թրծման դարբնոցը: Լիբանանահայությունը նաև մերձավորարևելյան գաղութ է՝ աշխարհագրականորեն մոտ Պատմական Հայաստանին, բռնագրավյալ մեր հողերին ու Մայր հայրենիքին: Գործում է նաև Հայաստան-Լիբանան բարեկամական անմիջական կապը, որը նույնպես դրական է անդրադառնում մեր ժողովրդի համար: Ուրախությունը բաժնեկցելով կկրկնապատկվի, իսկ դժվարությունը՝ կիսելով կմեղմանա: Այս տագնապալի օրերին շնորհակալությամբ ենք անդրադառնում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի տարբեր գաղութներում կազմակերպված դրամահավաքների և աջակցության այլ միջոցառումներին: Ակնարկն անպատճառ միայն նյութական աջակցությանը չի վերաբերում: Անչափ մեծ է բարոյական նեցուկ կանգնելու այն նշանակությունը, երբ գիտակցում ես, որ քո հայրենակիցը, եղբայրը, ով քեզնից հազարավոր մղոններ այն կողմ՝ Մայր հայրենիքի հողում է ծնվել ու մեծացել և շատ դեպքերում Լիբանանի աշխարհագրականորեն գտնվելու վայրն էլ անգամ չգիտի, բայց լիբանահայությանը ձեռք է մեկնում ու անվերապահ զորակցություն հայտնում: Շատերն էլ ուղղակիորեն աջակցեցին՝ Լիբանան առաքելով դեղորայք, ուտելիք, հագուստ, անմիջական անհրաժեշտության իրեր:
— Հայրենադարձության վերաբերյալ մտորումներ կա՞ն մեր համայնքում
-Այս ծանր կացության մեջ շատ է խոսվում լիբանանահայության հայրենադարձության մասին: Այդ մասին հրապարակումներ են լինում նաև մամուլում: Նախքան այս տագնապալի իրադարձությունները, շատ լիբանանահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էին ստացել: Շատերն էլ ուսանում էին Հայաստանում, սեփական գործ էին նախաձեռնել, հող և տուն էին գնել: Հայրենադարձության ընդհանուր ալիք ու տրամադրություն կար: Իրարահաջորդ դեպքերը, բնականաբար, այդ ալիքը մի քիչ արագացրին, բայց չհանգեցրին համաժողովրդական ներգաղթի հոսանքի: Ճիշտ է, մտադրություն ու ցանկություն կա Հայաստան գալու, բայց այստեղ արդարացիորեն առկա է մտահոգություն. Հայաստան ու Արցախ գնալու դեպքում՝ արդյո՞ք մեր զույգ պետություններն ունեն հայեցակարգ՝ առողջապահական, կրթական, սոցիալական, բնակարանային, մշակութային և այլ խնդիրների լուծման և արժանապատիվ կյանք ապահովելու համար: Այս է հիմնական հարցադրումը, որն առկա է լիբանանահայության շրջանում: Հարցը ժամանակավոր կեցությանը չէ վերաբերում, այլ մշտական բնակությանն ու ապագային, որի համար լուրջ կռվաններ են պահանջվում, որպեսզի հայրենիք եկող մարդիկ կարողանան գոյատևել, ապրել և արարել: Հաշվի առնելով սիրիահայության թարմ փորձը, նախքան լիբանանահայությանը հայրենադարձության մասին հարցնելը, պետք է հարց ուղղել հայկական զույգ պետությունների իշխանություններին՝ ի՞նչ կարող են անել, որպեսզի կարողանան հյուրընկալել տրամադրություն և ցանկություն ունեցող լիբանանահայերին: Բացի ցանկությունն ու պատրաստակամությունը, շատ կարևոր և հիմնական է գործնական հող ստեղծելը:
— Լիբանանի կառավարությունում շրջանառվում էր համայնքային կառավարման գործող ձևաչափի վերանայման հարցը: Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք: Արդյո՞ք հայ համայնքը կպահպանի իր դիրքը:
-Լիբանանի կառավարման համակարգի վերաբերյալ խոսակցությունները նորություն չեն: Փոփոխությունները երբեք էլ դյուրին չեն եղել և չեն լինի: Լիբանանը համայնքային երկիր է՝ բաղկացած 17 համայնքներից: Կան 7 գլխավոր համայնքներ, որոնցից մեկը հայ համայնքն է: Մեր համայնքը դիտվում է որպես Լիբանանը կերտողներից մեկը: Լիբանանի առաջին Հանրապետությունը ստեղծվելու ժամանակ՝ 1926 թվականին, լիբանանահայերն արդեն ներկա էին այստեղ: Արդեն 1945 թվականին, երբ Լիբանանն անկախություն ստացավ, լիբանանահայերը քաղաքական կյանքում դերակատար ուժ էին, մասնակից՝ անկախության կերտմանը, և 1937 թվականից երկրի խորհրդարանում պատգամավոր ունեին: Այս իմաստով, ցանկացած փոփոխություն պետք է նկատի ունենա հայ համայնքի շահերն ու ներկայությունն այստեղ՝ որպես քրիստոնյա համայնքի կարևոր հատված: Համայնք, որն իր ուրույն մասնակցությունն ու ներդրումն ունի այս երկրի կերտման և զարգացման գործում: Հետևաբար, կասկած չկա, որ ինչպես առաջին և երկրորդ հանրապետությունների ժամանակ, այնպես էլ այժմ կառավարման համակարգի փոփոխությունների հետևանքով տեղի հայությունը չի կորցնի իր որոշիչ դերակատարությունը Լիբանանում:
— Արդյո՞ք տեսանելի են Լիբանանի ներքաղաքական իրավիճակի կայունացման հնարավորությունները:
-Լիբանանի ներքաղաքական իրավիճակն այնքան բարդ է, որ շատ մոտալուտ լուծումներ պետք չէ ակնկալել: Լինելով փոքր երկիր, Լիբանանը մեծ պետությունների քաղաքական մրցակցությունների և միջամտության թատերաբեմ է դարձել: Այսօր Լիբանանում խաչաձևվում են՝ մի կողմից ֆրանսիական ու թուրքական մրցակցությունը, մյուս կողմից՝ ամերիկյան-եվրոպական մրցակցությունը: Չպետք է մոռանալ, որ Լիբանանի հարավային սահմանակիցը Իսրայելն է, որի հետ թշնամական հարաբերություններ ունի: Գումարած՝ սիրիական տագնապները, որոնք անպայման անդրադարձ են ունենում նաև Լիբանանի վրա: Այս բոլորը արտաքին ազդակներ են, որոնք լիբանանյան հարցը բավականին կնճռոտ են դարձնում: Ավելին, պետք է նշել, որ Լիբանանը վերջին 100-տարվա ընթացքում, յուրաքանչյուր 30-40 տարին մեկ իշխանության փոփոխություն է ունեցել՝ առաջին, երկրորդ, երրորդ հանրապետություններ:
Վան Նովիկով