Ըստ ԱՀ նախագահի հրամանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնի է
Գլխավոր » Լրահոս » Ըստ ԱՀ նախագահի հրամանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնի է

Ըստ ԱՀ նախագահի հրամանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնի է

«Նախագահն իր լիազորությունների մի մասը, այն չափով, որ ճիշտ է համարել, տվել է մեզ՝ հրամանով ու գաղտնի»: Այս մասին այսօր ԱՀ ԱԺ-ում պատգամավորների և ԱԺ աշխատակազմի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ իրավական հիմքով են կարգավորվում նախագահի կողմից Անվտանգության խորհրդին տրված լիազորությունները, քանզի Անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է:

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են, ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ մասը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»,- նշել է Սամվել Բաբայանը:

ԱԱԽ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ իրենք լիազորված են ամեն հարցով. «Բոլոր ոլորտներն իրավունք ունենք ստուգել, նայենք ինչ է կատարվում և այլն: Այնպիսի ոլորտ չկա, որ մեզ արգելված լինի գործունեություն ծավալել կամ հասկանալ ինչ է կատարվում այդ ոլորտում»:

1