Գաղափարի մարտիկը. Մերուժան Մոսիյան
Սեպտեմբերի 7-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան շարժման առաջամարտիկ, Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Մերուժան Մոսիյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ԿԿ անդամներ, Մերուժան Մոսիյանի մարտական ու գաղափարական ընկերները, հարազատները:
Ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Մերուժան Մոսիյանի շիրիմին, ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, այնուհետև անմիջական մթնոլորտում վերհիշել Մերուժանի կյանքի որոշ դրվագներ, որոնք բացահայտում են նրա քաղաքական ու ռազմական գիտելիքները, հրամանատարական տաղանդը:
Մերուժան Մոսիյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին, Մարտունի քաղաքում: Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ և ավարտել 1988-ին: Ծառայել է խորհրդային բանակում:
Մերուժան Մոսիյանն ակտիվ դերակատարություն է ունեցել Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպման գործում 1990-1991թթ.՝ իր շուրջը համախմբելով գաղափարակից երիտասարդների և ձևավորելով առանձին մարտական ջոկատ: 1992թ. սեպտեմբերին ձևավորված Մարտունու պաշտպանական շրջանի թիվ 26 գումարտակի հրամանատար է նշանակվում:
Մարտունու պաշտպանական շրջանի նախկին շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանի խոսքով՝ Մերուժանը համախմբել է Մարտունու շրջանի և հարակից գյուղերի այն երիտասարդներին, ովքեր առաջին հերթին գաղափարի մարտիկ էին, նույնիսկ նրա ուսանողական ընկերներն են այլ շրջաններից տեղափոխվել Մարտունի՝ Մերուժանի հետ կռվելու համար: «480-ից ավելի մարտիկներ ունեցող 26-րդ գումարտակի զինվորները և սպայական կազմը հարգում էին, ոչ թե վախենում Մերուժանից: Մերուժանն արել է հնարավորն ու անհնարինը, որպեսզի անառիկ մնան իրեն վստահված սահմանները»,- նշել է Աբրիկ Հայրապետյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Մերուժանի մարտական ընկեր Դավիթ Իշխանյանը նշել է, որ պատերազմը բացահայտել է ուրիշ Մերուժան, ժամանակները երևան են հանել նոր որակներ: Ըստ Դավիթ Իշխանյանի՝ Հրայր Խաչերյանի հայտնի լուսանկարը, որտեղ պատկերված են Արմեն Մելքումյանն ու Մերուժան Մոսիյանը, նրանց կերպարներն ամբողջապես երևան է հանում: Բավական բնութագրական են Մաճկալաշենի Արմենի ժպիտը և Մերուժանի մտազբաղ հայացքը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Մերուժանի մտերիմ ընկեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Մերուժանը պատահական չի ընտրվել ՀՅԴ Արցախի առաջին Կենտրոնական կոմիտեի անդամ:
«Այո, Մերուժանը պատերազմի ժամանակ ամեն տեղ էր, բայց նաև միշտ Դաշնակցության մեջ էր: Դիրքերը շրջագայելու, պատերազմելու արանքում ինքը միշտ կարողանում էր ժամանակ գտնել ու անդրադառնալ կուսակցական կյանքին: Մենք նրան համարում էինք ՀՅԴ Արցախի կազմակերպության խիղճը»,- ընկերոջ մասին այսպես է արտահայտվել Սերգեյ Շահվերդյանը՝ ավելացնելով, որ մինչև այսօր բոլոր գործերում զգում են Մերուժանի անտեսանելի ներկայությունը:
Սերգեյ Շահվերդյանի կարծիքով Մերուժանը մարմնավորում էր այն ժամանակվա սերնդի պետականամետությունը. «Պետականամետ լինելը ստիպում էր ձգտել ՀՅԴ ողջ ներուժը ուղղորդել Ղարաբաղ, աջակցել, որ այդ ներուժը ավելի մեծ հոսքով հասնի: Մերուժը մեր ուժն էր ու այդ ուժը մեր թիկունքում ամենածանր պահերին շոշափելիորեն զգում էինք»:
Մերուժանի հրամանատարական դիտակետը մարտի առաջին շարքերն էին: Հեռակապով մարտ վարելը նրա համար չէր: Նա կարող էր լինել Ճարտարում, որոշ ժամանակ անց Աշանում ու այլ վայրերում:
Մարտական ընկեր Նելսոն Սողոմոնյանի խոսքով՝ Մերուժան Մոսիյանը մեր ազգի այն մեծերի շարքում է, որոնց շնորհիվ ոգևորվել ու դաստիարակվել են շատերը: «Նա գաղափարով մասնակցելով մեր ազգի ազատագրական պայքարին, լրիվությամբ նվիրվեց այդ վեհ գործին: Իր շուրջն իր նման նվիրյալներ հավաքելով ավելի էր մոտեցնում հաղթանակի երազելի օրը: Մերուժանի համարյա բոլոր զինվորները գաղափարական, նվիրված երիտասարդներ էին, ամենաերիտասարդը՝ մյուս գումարտակների հետ համեմատած: Հայտնի է, որ առաջին զենքերը դաշնակցականներն են հասցրել Արցախ: Մերուժանը, գաղափարական Դաշնակցական լինելով հանդերձ, իր կապերն օգտագործում էր սպառազինություն ստանալու, զինվորներ հավաքելու համար»,- իր ելույթում ասել է Նելսոն Սողոմոնյանը:
Մերուժանի մարտական ընկերներից Վլադիկ Խաչատրյանը Արցախյան պատերազմի մասնակիցներին երկու խմբի է բաժանում, առաջին սերնդի զինվորներ ու հրամանատարներ և երկրորդ սերնդի զինվորներ ու հրամանատարներ. «Առաջին սերնդի զինվորներ, որովհետև նրանք կամավոր զենք վերցրին: Առաջին սերնդի հրամանատարներ, որովհետև նրանց չեն նշանակել հրամանով: Մերուժանը հենց առաջին սերնդի զինվոր ու հրամատար էր, նրան հրամանով չեն ընտրել ջոկատի կամ գումարտակի հրամանատար, գումարտակն է ընտրել»:
Բացի Մարտունու շրջանի գյուղերից, Մերուժանը մասնակցել է Աղդամ, Ֆիզուլի շրջանների, Խոջալու, Կուրապատկինո, Ամիրանլար, Վ. Վեսալյու, Աբդալ-Գյուլափլու, Մերզիլյու և այլ բնակավայրերի ազատագրմանը: Նրա գումարտակը ոչ միայն իրեն վստահված տարածքում էր, այլ նաև մասնակցում էր Արաքսից մինչև Օմար բոլոր ազատագրական գործողություններին:
Մարտունու հյուսիսային պաշտպանական հատվածն ամրապնդելիս 1993 թ. օգոստոսի 23-ին Մերուժանը զոհվեց ականի պայթյունից: Նրա հետ զոհվեցին մարտական ընկերներ Մհեր Ջուլհաճյանը, Արտակ Մնացականյանը, Լևոն Համբարձումյանը և Ռուդիկ Ավագյանը: Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Սեպտեմբերի 7-ին Մերուժան Մոսիյանը կդառնար 55 տարեկան, բայց իր ընկերների հուշերում ընդմիշտ մնաց ավյունով ու նվիրումով լի այն երիտասարդը, ում համար հայրենիքի ազատագրումը գերխնդիր էր, նպատակ ու հավատամք: «Ես մտովի ի մի եմ բերում Քո մասին հուշերը. հանրակացարանային նեղլիկ սենյակի պատերից ներս մտերմիկ մի ամբողջ աշխարհ է իմ առջև կենդանանում՝ լույս ու մարդամոտ տեսակովդ ջերմացած…
Քո մասին անցյալով խոսելն անտանելի ծանր ու անհնար է, քո պակասն՝ անասելի զգալի. կարոտի ցավը փարատում է՝ ապրելու բանաձևդ, իբրև նշաձող, կյանքում և գործունեության մեջ անշեղ պահելու ձգտումս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մերուժան Մոսիյանի ուսանողական ընկեր, ԱՀ ԱԺ նախագահ նախագահ Արթուր Թովմասյանը: