Ղարաբաղի խնդիրը 1918-1920 թթ: Անգլիայի դիրքորոշումը և մեր դասերը
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը և Անգլիայի՝ որպես պատերազմում հաղթանակած դաշնակից երկրների ներկայացուցիչ հաստատվելն Անդրկովկասում ոգևորությամբ ընդունվեցին հայության կողմից։ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայությունը լիահույս էին, որ արդարացի լուծում կստանան հայ ժողովրդին հուզող տարածքային խնդիրները։ Այդ տարածքների թվում էր հայկական պատմական Արցախը (13-14-րդ դարերից օտարներն սկսեցին այն անվանել Ղարաբաղ, որը հետագայում դարձավ տիրապետող)։ Բանն այն է, որ դաշնակից երկրները պատերազմի ընթացքում բազմիցս մեծամեծ խոստումներ էին տվել հայերին, բացի այդ` հայ ժողովուրդն իր համեստ ներդրումն էր ունեցել գերմանա-թուրքական դաշինքի ջախջախման գործում։ Սակայն հայոց հույսերը չարդարացան: Ինչպես նկատել է Հրաչիկ Սիմոնյանը, «պատերազմը շահած դաշնակիցները, ամենից առաջ Անգլիան, մտնելով Կովկաս և փոխարինելով թուրք-գերմանական զավթիչներին, ոչ միայն սատար չկանգնեցին իրենց «փոքր դաշնակցին», այլև բացահայտորեն պաշտպանության տակ վերցրին երեկվա պատերազմական հակառակորդներին, այդ թվում՝ կովկասյան թուրքերին, Ադրբեջանի հայատյաց իշխանություններին….»1:
Այժմ Անգլիան պատրաստ էր «Թուրքիայի հետ հաստատել բարեկամական հարաբերություններ», իսկ նրա հետ առնչվող ժողովուրդներին թողնել բախտի քմահաճույքին2։ Այդ կերպ Անգլիան ակնկալում էր Թուրքիայի ձեռքով Կովկասն անջատել Ռուսաստանից և կանխել նրա կողմից Արևելքում իր շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը ՀՀ վարչապետներից Ալ. Խատիսյանը բացատրում էր Ադրբեջանը հզորացնելու և նրա նավթն օգտագործելու ձգտումով3։
Անգլիական քաղաքականության վրա ազդող կարևոր գործոններից էր նաև այն, որ Անգլիան ավանդաբար Հայաստանը դիտում էր որպես Ռուսաստանի պոտենցիալ դաշնակից, իսկ նորաստեղծ Ադրբեջանը՝ ամենահուսալի պատվար Ռուսաստանի դեմ4։ Ի դեպ, Ադրբեջանի մուսավաթական ղեկավարները, ձգտելով օգուտ քաղելու ստեղծված նոր իրավիճակից և կատարելով ճիշտ հաշվարկներ, նախ անգլիացիներին հրավիրեցին Բաքու5 (չնայած որ Անգլիան դրա կարիքը չուներ և չէր էլ սպասում), ապա Խորհրդային Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների համար նրանց տրամադրեցին 4500-անոց զորաջոկատ: Հետևաբար Անգլիայի համար, որի գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի ազդեցության թուլացումն էր, անկախ այն բանից, թե Ռուսաստանն ինչպիսին կլիներ՝ բոլշևիկյա՞ն, թե՞ ոչ բոլշևիկյան, Թուրքիան և Ադրբեջանը մղվում էին առաջին, իսկ Հայաստանը՝ երկրորդ պլան:
1918 թ. նոյեմբերի 17-ից, երբ անգլիական զորքերը մտան Բաքու, Անգլիան՝ հանձին Անդրկովկասում անգլիական ռազմական առաքելության ղեկավար Թոմսոնի, հայտարարեց Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին` դրա տակ, որքան էլ անարդարացի է, նկատի ունենալով նաև Ղարաբաղն ու Զանգեզուրը6։ Փաստորեն, անտեսվեցին 1918 թ. հուլիսին և սեպտեմբերին գումարված Ղարաբաղի հայության 1-ին և 2-րդ համագումարների որոշումները Ղարաբաղն անկախ վարչաքաղաքական միավոր հռչակելու, Ադրբեջանի իշխանությունը մերժելու և Ղարաբաղի անկախ կառավարություն ստեղծելու մասին7։ Ղարաբաղի հայությանը և ՀՀ-ին հույս ներշնչելով, թե տարածքային հարցերը վերջնականապես լուծվելու են Խաղաղության կոնֆերանսում, անգլիացիները նշում էին, թե մինչև այդ երկրամասը պետք է ենթարկվի Ադրբեջանի իշխանությանը:
Անգլիայի հակահայկական դիրքորոշումն առաջին անգամ, թերևս, գործնականորեն դրսևորվեց 1918 թ. նոյեմբերի 29-ին դեպի Ղարաբաղ զորավար Անդրանիկի սկսած ռազմարշավի հարցում8։ Այն բանից հետո, երբ Ղարաբաղի հայության խնդրանքով օգնության շտապող Անդրանիկը, երկօրյա կռիվներում ջախջախելով Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում կուտակված թուրք-թաթարական ու քրդական զինված խմբերին, հասել էր Ավդալար գյուղ, որից հետո գրեթե անարգել կարող էր շարժվել Շուշի, Թոմսոնն իր պատվիրակների միջոցով զորավարից պահանջեց «ձեռնպահ մնալ որևէ թշնամական գործողություններից՝ ուղղված թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ», և նախազգուշացրեց, որ Շուշի մտնելու դեպքում զորավարն անձամբ պատասխանատու կլինի արյունահեղության համար, և իր հրահանգները չկատարելը «անպայման լրջորեն կազդի հայերի հարցի վրա, երբ այն քննարկվի Խաղաղության վեհաժողովում»9: Անձնական պատասխանատվությունից երբեք չխուսափած Անդրանիկը, անգլիացիների հետ չընդհարվելու և դրանով իսկ հայոց շահերը չվնասելու մտահոգությամբ, դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Զանգեզուր։ Իսկ անգլիացիները, թեև խոստացել էին, ոչինչ չարեցին ադրբեջանական հարձակումները Ղարաբաղի հայկական բնակավայրերի վրա կանխելու ուղղությամբ։ Ընդհակառակը` 1919 թ. հունվարի 15-ին Ղարաբաղի հայությանն ուղղված պաշտոնական հաղորդագրությամբ Անդրկովկասում անգլիական ռազմական առաքելությունն իր լիակատար աջակցությունը հայտնեց նույն օրն Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետ նշանակված հանցագործ, հայատյաց Խոսրով բեկ Սուլթանովին՝ Ղարաբաղի հայությունից պահանջելով ճշտորեն կատարել նրա բոլոր «օրինական հրամանները»10։ Եվ սա` այն դեպքում, երբ անգլիացիները տեղյակ էին նրա` թուրքական գործակալ լինելու իրողությանը։
Հայաստանի կառավարությունը, որքան էլ որ նրա դրությունը ծանր էր, փորձում էր սատարել գոյամարտ մղող Ղարաբաղի հայությանը: 1919 թ. հունվարի 21-ին ՀՀ կառավարությունը Ղարաբաղը և Զանգեզուրը ճանաչեց ՀՀ անբաժան մասեր, որոնք պետք է ղեկավարվեին Զանգեզուր-Ղարաբաղի շրջանային խորհրդի և ՀՀ կառավարության կողմից նշանակված պետական կոմիսարի կողմից՝ ՀՀ օրենքներով11։ Այս կապակցությամբ այդ ամիսներին Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Ե. Իշխանյանն իր հուշերում գրել է, որ ՀՀ կառավարությունը ցուցաբերում էր դանդաղկոտություն ու զգուշավորություն, և ավելացնում, որ ՀՀ կառավարությունը պետք է ժամանակին փորձառու մի զինվորականի Ղարաբաղում նշանակեր նահանգապետ և միայն որպես ի գիտություն հայտներ դաշնակից զորքերի հրամանատարությանը12: Առաջ անցնելով նշենք, որ 1919 թ. ամռանը Զանգեզուր-Ղարաբաղում ստեղծված ծանր դրության կապակցությամբ ՀՀ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում քննադատել է նաև Ղարաբաղի ժողովրդական լուսավորության վարիչներից Հակոբ Տերունին՝ նշելով, թե ՀՀ «կառավարութիւնը …. լուրջ, մտածւած ու ծրագրւած վերաբերմունք չունի Զանգեզուր-Ղարաբաղի, մանաւանդ Ղարաբաղի վերաբերեալ: Եթէ Արամը (խոսքը ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի մասին է – Ա. Ա.) վաղաժամ մեռած չլինէր, վստահ եղիր, այլ վերաբերմունք կը լինէր»13:
Փոքր-ինչ առաջ անցնելով` պետք է ասենք, որ չի կարելի միանշանակ ընդունել ՀՀ կառավարության հասցեին ասված այս քննադատական խոսքերը: ՀՀ ցանկացած ակտիվացման դեպքում Անգլիան սպառնում էր չաջակցել Կարսում և Նախիջևանում նրա իշխանության հաստատմանը։ Անառարկելի փաստ է, որ, առանց անգլիական օժանդակության, ՀՀ-ի համար չափազանց դժվար կլիներ, եթե ոչ անհնար, իր իշխանությունը հաստատել այդ երկու երկրամասերում, որոնք ևս ՀՀ-ի համար ունեին ստրատեգիական նշանակություն։
ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումն անչափ կարևոր էր Ղարաբաղում հայերի ռազմական ոգին բարձրացնելու առումով, բայց անգլիական դիրքորոշման վրա ազդեցություն չգործեց: 1919 թ. հունվարի 28-ին ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Ադրբեջանի կառավարությանը, որը, ոգևորված Անգլիայի աջակցությունից, լկտիաբար հայտարարեց, թե այդ տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մասերն են: Ավելին` մեծաքանակ զորքեր կենտրոնացրեց Ղարաբաղի սահմաններին, նույնիսկ զորքեր մտցրեց Խանքենդ14 ու Շուշի՝ այն նվաճելու համար: Ղարաբաղ էր ժամանել նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Որքան էլ որ դրությունը ծանր էր, Ղարաբաղի հայությունը տեղի չտվեց։ 1919 թ. փետրվարին գումարված Ղարաբաղի հայության 4-րդ համագումարը վճռականորեն բողոքեց Ղարաբաղն իր տարածքը համարելու Ադրբեջանի մտադրության դեմ՝ հայտարարելով, որ Ղարաբաղը երբեք չի ճանաչել ու չի ճանաչում Ադրբեջանի իշխանությունն իր վրա15։ Անհանգստացած անգլիացիները Շուշիից հեռացրին ՀՅԴ Բաքվի գործիչներին, որոնք Շուշի էին եկել համագումարի աշխատանքներին օժանդակելու համար, իսկ այդ կապակցությամբ հայերի շրջանում առաջացած հուզումները հանդարտեցնելու համար Շուշի բերեցին անգլիական բանակի 200 զինվոր: Ղարաբաղի հայության դիրքորոշումից զայրացած Շուշիի անգլիական առաքելությունը 1919 թ. փետրվարի 28-ին Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդից պահանջեց ընդունել Սուլթանովի իշխանությունը։ Ազգային խորհուրդը վճռականորեն անընդունելի համարեց այդ պահանջը և առաջարկեց Ղարաբաղում ստեղծել անգլիական գեներալ-նահանգապետություն՝ համաձայն անգլիական կողմի այն հայտարարության, թե մինչև Խաղաղության կոնֆերանսը Ղարաբաղը չպետք է ենթարկվի որևէ պետության16։ Սակայն Անգլիան անտեսեց այս առաջարկը և շարունակեց աջակցել Ադրբեջանին։
Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի դիրքորոշումից անհանգստացած ու զայրացած Թոմսոնը 1919 թ. փետրվար-մարտ ամիսներին նրա անդամներին, այդ թվում` նաև ղեկավարությանը, հրավիրեց Բաքու։ Անշուշտ, Թոմսոնի ակնկալիքը մի կողմից այն էր, որ Բաքվում հեշտ կլիներ ճնշում գործադրել հայ ներկայացուցիչների վրա, մյուս կողմից՝ գլխատված Ղարաբաղի հայությանը հեշտ կլիներ ծնկի բերել։ Հենց այդ նպատակով էլ նա Ադրբեջանին թույլատրեց նոր զորքեր տեղափոխել Ղարաբաղ (1919 թ. մարտին Խանքենդում Ադրբեջանն ուներ արդեն 2000 զինվոր, իսկ Շուշիում՝ 1000), իսկ Ղարաբաղի կառավարությանը՝ Հայոց ազգային խորհրդին, արգելեց հայկական ուժեր բերել Շուշի՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր դրանից լարվածությունը կմեծանար:
1919 թ. մարտի վերջին գեներալ Թոմսոնին փոխարինած Շատելվորդը Բաքվում ուղղակիորեն հայտարարեց, որ մինչև հարցի վերջնական լուծումը Ղարաբաղը պետք է ճանաչի Ադրբեջանի իշխանությունը, և Ղարաբաղում Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած ելույթ կգնահատվի որպես Անգլիայի դեմ ուղղված քայլ, որից հետո Անգլիան ուղղակի հայերին կստիպի ենթարկվել17։ Սակայն նույնիսկ հեռավոր Բաքվում, կարելի է ասել պատանդի կարգավիճակում գտնվող Ղարաբաղի պատվիրակները մնացին անդրդվելի՝ նշելով, որ իրենք ռազմական դիմադրություն ցույց կտան բոլորին, ովքեր կփորձեն ներխուժել Ղարաբաղ։ Վրդովված Շատելվորդը պահանջեց հրավիրել Ղարաբաղի հայության նոր համագումար` այն հույսով, որ նրա մասնակիցների նկատմամբ անմիջական ճնշումների միջոցով կհասնի Ղարաբաղի կողմից Ադրբեջանի իշխանության ճանաչմանը։ Սակայն, ի հեճուկս անգլիացիների, 1919 թ. ապրիլին գումարված Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը հայտարարեց, որ երբեք չի ընդունի Սուլթանովի իշխանությունը18: Զուր էր անգլիացիներին ուղղված համագումարի տեղեկանքն Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և Թուրքիայի դաշնակիցը լինելու մասին։ Անգլիացիները, որոնք հստակ գիտեին նաև, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը հայկական տարածքներ են, անդրդվելի էին իրենց նպատակադրումներում։
Անգլիան և Ադրբեջանը նաև քայլեր ձեռնարկեցին Ղարաբաղում միասնությունը խախտելու ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, էական հաջողությունների չհասան:
Ղարաբաղում իրենց պլաններն իրագործելու մտադրությամբ՝ անգլիացիները կեղծ լուրեր տարածեցին, թե իբր ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, սակայն իրականությունն այլ էր: Իրականում 1919 թ. մարտի 28-ին Երևանում Թոմսոնի հետ ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Ա. Խատիսյանը հայտնել էր, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը մնում է իր տեսակետին19: 1919 թ. մայիսի սկզբին Թիֆլիսում կայացած խորհրդակցության ժամանակ Ա. Խատիսյանը, մեկ անգամ ևս Ղարաբաղը համարելով ՀՀ անբաժան մասը, Թոմսոնին առաջարկեց մինչև Փարիզի խաղաղության խորհրդաժողովում հարցի լուծումը այն վերցնել անգլիական գեներալ-նահանգապետի կառավարման ներքո։ Բայց Թոմսոնը մերժեց ինչպես այդ առաջարկը, այնպես էլ թաթարներին զինաթափելու պահանջը։ Ավելին` խորհրդակցությանը մասնակցող դաշնակից երկրների ներկայացուցիչները ՀՀ կառավարությունից պահանջեցին իր ներկայացուցիչներին հետ կանչել Ղարաբաղից։ ՀՀ դիրքորոշումից վրդովված Թոմսոնը հայտարարեց, որ Ղարաբաղի գործերին իր միջամտությամբ Հայաստանը կարծես թե պատերազմ է հայտարարում Անգլիային20։
Իրենց հեռագնա պլաններից ելնելով՝ անգլիացիները չէին ցանկանում իրենց դիմագիծն ամբողջությամբ կորցնել ՀՀ-ի ու Ղարաբաղի հայության շրջանում և պարբերաբար նշում էին, թե վիճելի հարցերը վերջնականապես լուծվելու են Խաղաղության կոնֆերանսում, բայց իրականում շարունակում էին աջակցել Ադրբեջանին։ Անգլիան ոչ միայն քայլեր չձեռնարկեց 1919 թ. մայիսի վերջին Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հարյուրավոր հայերի կոտորածը կանխելու համար, այլև արգելեց Ղարաբաղի շրջաններից օգնության շտապող հայկական 4000-անոց զորագնդի մուտքը Շուշի՝ սպառնալով հակառակ պարագայում Սուլթանովին քաղաքը գրավելու իրավունք տալ։ Ավելին` անգլիացիները Ազգային խորհրդի ղեկավարությանը հեռացրին Շուշիից՝ կեղծ խոստումներ տալով իրավիճակը կարգավորելու մասին, որից անմիջապես հետո Սուլթանովի ուժերը գրավեցին Շուշիի հայկական թաղամասերի շուրջը ստեղծված հայկական դիրքերն ու զորանոցները։
Անգլիայի և Ադրբեջանի աննախադեպ ռազմաքաղաքական ճնշման պայմաններում Վարանդայի Շոշ գյուղում գումարված Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը, երկրամասում խաղաղություն հաստատելու հույսով, 1919 թ. օգոստոսի 22-ին Ադրբեջանի ներկայացուցիչ Սուլթանովի հետ կնքեց 26 կետանոց համաձայնագիր, որով Ղարաբաղի լեռնային մասի՝ Շուշիի, Ջեբրայիլի և Ջևանշիրի գավառները ժամանակավորապես ճանաչեց Ադրբեջանի մաս21: Բայց, ինչպես սպասելի էր, Ադրբեջանը չբավարարվեց դրանով և նախապատրաստական քայլեր ձեռնարկեց այն ամբողջովին զավթելու համար:
Այդ օրերին Ղարաբաղից հեռացավ անգլիական առաքելությունը, որն ամեն ինչ արել էր Ղարաբաղն Ադրբեջանին ենթարկելու համար, իսկ 1919 թ. օգոստոսի 15-ին անգլիական զորքերը սկսեցին հեռանալ Անդրկովկասից՝ մինչև հեռանալը մեկ անգամ ևս փորձելով ՀՀ վարչապետ Ալ. Խատիսյանի վրա ճնշում գործադրելու միջոցով հասնել Ղարաբաղի վրա Սուլթանովի իշխանության ճանաչմանը, սակայն հաջողության չհասան22։
Անգլիան, որը շարունակում էր ներկայացուցիչներ պահել Անդրկովկասում, և նրա դաշնակիցները ոչինչ չարեցին նաև 1919 թ. սեպտեմբերի վերջին Ղարաբաղը, Շարուրը, Նախիջևանը հայերից դատարկելու նպատակով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակումը կանխելու համար։ Միայն հարձակումից օրեր անց` ՀՀ դիմումից հետո, Անգլիայի հատուկ հանձնակատար Ուորդրոպն առաջարկեց համատեղ ջանքերով դադարեցնել պատերազմական գործողությունները23։ Այսքանով հանդերձ` անգլիական զորքերի հեռանալն Անդրկովկասից խոր անհանգստություն պատճառեց ՀՀ-ին։ Պատճառն այն էր, որ, հետևելով «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությանը, նրանք որոշակիորեն զսպում էին նաև Ադրբեջանին ու թուրքերին։ Այս հանգամանքը վկայում է, որ ՀՀ դրությունը, ցավոք, ծանր էր ու խոցելի։ Սա թերևս խոսում է նաև այն մասին, որ տարածաշրջանում անգլիական զորքերի գտնվելու ընթացքում ՀՀ-ն չէր կարող Ղարաբաղի հարցում դիմել կտրուկ գործողությունների և անտեսել Անգլիայի դիրքորոշումը։ Ղարաբաղում ծավալված հետագա զարգացումները մեզ համոզում են դրանում։
1920 թ. փետրվարին ադրբեջանական ողջ բանակը, որն անգլիացիների տևական աջակցության շնորհիվ շոշափելի առավելություն էր ստացել Ղարաբաղում, գրեթե ամբողջությամբ կենտրոնացված էր նրա սահմաններին՝ այն վերջնականապես նվաճելու և տեղի հայությանը կոտորելու համար: Ռազմական գերակշռությունից ոգևորված Սուլթանովը 1920 թ. փետրվարի 19-ին պահանջեց Ղարաբաղը հայտարարել Ադրբեջանի մաս, ինչը փետրվարի 22-ին Շոշ գյուղում գումարված 8-րդ համագումարի կողմից մերժվեց24: Սակայն վտանգն օրըստօրե ահագնանում էր։ Նախաձեռնությունը թշնամուց խլելու և ջարդերը կանխելու նպատակով մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Ղարաբաղի հայությունը զենք բարձրացրեց ադրբեջանական զավթիչների դեմ։ Սակայն ուժերն անհավասար էին, և հայերին սպառնում էր աղետ: Ահա այդ ճակատագրական պահին, օգտվելով անգլիական ճնշման շոշափելի թուլացումից, գործին վճռականորեն միջամտեց ՀՀ-ն։ Ապրիլի 13-ին Ղարաբաղ մտան Դրոյի և Գարեգին Նժդեհի զորամասերը: Ապրիլի 25-ին Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը ոչ միայն մերժեց Ադրբեջանի իշխանությունը, այլև Ղարաբաղը հայտարարեց Հայաստանի մաս25:
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Ղարաբաղի հարցում Անգլիան, ելնելով իր աշխարհաքաղաքական հեռագնա ծրագրերից, որդեգրել էր ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ Դա պայմանավորված էր մի կողմից` Թուրքիայի եղբայր Ադրբեջանի հակառուսական դիրքորոշումն ամրապնդելու, մյուս կողմից՝ ՀՀ-ին ընդդեմ Ռուսաստանի համագործակցություն պարտադրելու Անգլիայի ձգտումով, քանզի տվյալ ժամանակաշրջանում վերջինիս համար գլխավորը ռուսական վտանգի չեզոքացումն էր։ 1920 թ. առաջին ամիսներին, երբ Ռուսաստանն Անդրկովկաս վերադառնալու հայտ ներկայացրեց, Անգլիան ձեռնարկեց բացահայտ քայլեր նաև ՀՀ-ին Խորհրդային Ռուսաստանի դեմ ստեղծվելիք ռազմական դաշինքին մասնակից դարձնելու ուղղությամբ26։ 1920 թ. փետրվարին Բաքվից Երևան ժամանած անգլիական գլխավոր հանձնակատար Ուորդրոպը ՀՀ կառավարությանը պարզորոշ հայտնեց, որ ով վարում է Ռուսաստանին հակառակ քաղաքականություն, Անգլիայի իսկական բարեկամն է, և «Անդրկովկասի բոլոր հանրապետությունները այժմ ունեն մեկ ու մեծ վտանգավոր թշնամի, և այդ թշնամին Ռուսաստանն է։ Այդ թշնամու դեմ է, որ դուք պետք է ուղղեք ձեր բոլոր ուժերը»27։
Ուորդրոպը ՀՀ կառավարությանն առաջարկեց Ադրբեջանի և Վրաստանի հետ ստեղծել կոնֆեդերացիա` ընդդեմ Ռուսաստանի։ ՀՀ կառավարության անդամների այն պնդումներին, թե ՀՀ գլխավոր թշնամին հարավից է, և հարկավոր է առաջին հերթին ապահովել ՀՀ անվտանգությունը հարավից, այն է՝ Թուրքիայից, անգլիացին պատասխանեց, որ ՀՀ սահմանային վեճերը հարևանների հետ երկրորդական նշանակություն ունեն, և գլխավորը հանրապետությունների միությունն է ընդհանուր թշնամու՝ Հյուսիսի դեմ28։ ՀՀ-ի որդեգրած չեզոքությունն այդ հարցում չընկալվեց Անգլիայի կողմից և չփոխեց նրա վերաբերմունքն իր նկատմամբ։ Կարծում ենք` նաև այս համատեքստում պետք է դիտարկել այն փաստը, որ Անգլիան ՀՀ իշխանությունը չճանաչեց գրեթե միատարր հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և փոխարենը ճանաչեց նրա իշխանությունը մահմեդականների բավական մեծ տեսակարար կշիռ ունեցող, թուրքական գործակալներով ու զինվորականությամբ լցված Կարսի և Նախիջևանի նկատմամբ: Այս կերպ Անգլիան իրենից ուղիղ կախվածության մեջ էր պահում թե´ ՀՀ-ին, թե´ Ադրբեջանին՝ անհրաժեշտության դեպքում նրանց իր կամքը պարտադրելու համար։ Անգլիան կարող էր երկուսի համար էլ անհաղթահարելի բարդություններ հարուցել։
Այսպիսով` 1918-1920/21 թթ. Ղարաբաղի հարցի դրամատիկ զարգացումներից հետևում է, որ՝
1) Ղարաբաղի, ինչպես նաև հրամայական լուծում պահանջող տարածքային մյուս խնդիրների հայանպաստ լուծումը հնարավոր է միայն ու միայն Հայաստանի ռազմատնտեսական ու գիտատեխնիկական բավարար հզորության դեպքում,
2) երբեք ու երբեք չի կարելի հույսը դնել արդարամտության և պատմականորեն հիմնավորված իրավունքների կամ միջազգայնորեն «երաշխավորված» բանակցությունների վրա,
3) Ղարաբաղի հարցում երբեք չի կարելի գնալ փոխզիջման, քանզի թշնամին դրանով չի բավարարվել և չի բավարարվելու,
4) Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է վարվեն «բանակցություն՝ բանակցության համար» սկզբունքով, որպեսզի ՀՀ-ն կեղծ խաղաղասիրությամբ հայտնի խոշոր տերությունների, նաև Ադրբեջանի կողմից չմեղադրվի խաղաղասիրական հակումների մեջ, մինչև որ հնարավոր կլինի թշնամուն պարտադրել մեզ ցանկալի պայմանները։
Հ.գ. 1920 թ. ապրիլին Ղարաբաղի այնքան սպասված միավորումը ՀՀ-ի հետ երկար չտևեց. ընդամենը մի քանի օր անց հայությանը պատուհասեց նոր արհավիրք։ Տարածաշրջանում իր ազդեցության հաստատման հայտ ներկայացրած Խորհրդային Ռուսաստանը, 1920 թ. ապրիլի 30-ից սկսած, ելնելով իր ռազմաքաղաքական շահերից, որոնցում կենտրոնական տեղ էր զբաղեցնում դաշնակից երկրների կողմից ձևավորվող հակախորհրդային դաշինքից Թուրքիային հեռու պահելու ձգտումը, իր ռազմաքաղաքական ամբողջ ներուժով նեցուկ կանգնեց նրա հովանավորությունը վայելող և նրա միջամտությամբ կամավոր խորհրդայնացած Ադրբեջանին։
ՀՀ-ն հարկադրված իր զորքերը հեռացրեց Ղարաբաղից։ Չունենալով որևէ իրավասություն և պատմական, իրավական ու ժողովրդագրական հիմք և անտեսելով Ղարաբաղի բնակչության 95 %-ը կազմող հայության կամքը` Խորհրդային Ռուսաստանը նախ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Խորհրդային Ադրբեջանի մաս և օկուպացրեց իր զորքերով, ապա ընդամենը կուսակցական մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի միջոցով 1921 թ. հուլիսի 5-ին որոշեց Լեռնային Ղարաբաղը «թողնել» Խորհրդային Ադրբեջանի կազմում29, իսկ իրականում բռնությամբ հանձնեց Ադրբեջանին։
Արմեն Ասրյան
Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
___________________________
Հղումներ
1. Սիմոնյան Հ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Երևան., 1996, էջ 468:
2. Տե՛ս Ղարիբյան Ա., Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918-1921 թթ. և Մեծ Բրիտանիան, Երևան., 2012, էջ 61։
3. Տե՛ս Խատիսեան Ա., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, էջ 82։
4. Տե՛ս Գալոյան Գ., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Երևան., 1999, էջ 71:
5. Տե՛ս Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 77։
6. Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., էջ 460։
7. Տե՛ս Իշխանյան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920 թթ.), Երևան., 1999, էջ 202։
8. Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., էջ 448:
9. Նույն տեղում, էջ 459-460։
10. Տե՛ս Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов / Отв. ред. В. А. Микаелян, Ереван., 1992, էջ 62:
11. Տե՛ս նույն տեղում, էջ 66։
12. Տե՛ս Իշխանյան Ե., նշվ. աշխ., էջ 356։
13. Նույն տեղում, էջ 505:
14. 19-րդ դարում հայկական պատմական Վարարակնը թուրք-թաթարների կողմից անվանակոչվել էր Խանքենդի։ 1923 թ. այն վերանվանվեց Ստեփանակերտ:
15. Տե՛ս Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, с.էջ 79-80:
16. Տե՛ս Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 94-95։
17. Տե՛ս նույն տեղում, էջ 102:
18. Տե՛ս Գալոյան Գ., նշվ. աշխ., էջ 67։
19. Տե՛ս Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, էջ 140-142:
20. Տե՛ս նույն տեղում, էջ 86։
21. Տե՛ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան., 1993, էջ 339-341։
22. Տե՛ս Գալոյան Գ., նշվ. աշխ., էջ 67։
23. Տե՛ս նույն տեղում, էջ 73։
24. Տե՛ս Վրացյան Ս., նշվ. աշխ., էջ 395։
25. Տե՛ս Հարությունյան Հ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Երևան., 1996, էջ 233-234։
26. ՀՀ և Անգլիայի միջև հարաբերությունների մասին մանրամասն տե´ս Махмурян Г., Политика Великобритании в Армении и Закавказье в 1918-1920 гг., Ереван., 2002:
27. Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), Երևան., 2006, էջ 282։
28. Տե՛ս Ղուլյան Յ., Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից (1918-1920 թթ.), Երևան., 2009, էջ 304։
29. Տե՛ս Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, էջ 649-650:
«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.