Վահան Հովհաննիսյանի կյանքի վեպը
Գլխավոր » Գաղափարական » Վահան Հովհաննիսյանի կյանքի վեպը

Վահան Հովհաննիսյանի կյանքի վեպը

Երբ ամեն անգամ տարին և մեկ պտույտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես հիշում եմ 96 թվականի նույն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Հովհաննիսյանի 40 ամյակը և այդ առթիվ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի տարեդարձը շնորհավորելու: Փաստորեն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների և նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողությունն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ և անկասկած խորքում իշխանության դեմ մարտահրավեր պարունակող:

Տեղի ունեցածի նշանակությունը լավ պատկերացնելու համար երևույթը ներկայացնեմ սկսելով նախապատմությունից:

Պետք է խոստովանել, որ 94 թվականի դեկտեմբերի 28-ի գիշերը պետական մեքենայի ողջ հզորությամբ Դաշնակցությանը հասցված հարվածը իսկապես ծանր էր, մեկ ուրիշ կուսակցություն հավանաբար կփլուզվեր: Դաշնակցությունն էլ մի պահ շփոթի մատնվեց, եղան փախչողներ, բայց եղան նաև հենց այդ պահին կուսակցությանը միացողներ: Կատարվածի տրամաբանությունը բացատրելու համար նույնիսկ մեղքը մեր մեջ փնտրելու փորձեր եղան: Դժվարին ու հակասական պահին մեկ ու կես տարի կուսակցությունը Հայաստանում ղեկավարեց 3 հոգուց բաղկացած պատասխանատու մարմինը, իսկ 96 թվականի ամռանը կուսակցական կառույցի ներքին բողոքն այլևս հասունացած էր իշխանությունների անարդար դատավճռի դեմ ընդվզելու համար: Տեղի ունեցավ Հայաստանի կազմակերպության առաջին Գերագույն ժողովը, որը թարմացված կանոնագրով ընտրեց Երկրի առաջին Գերագույն մարմինը:

Գերագույն ժողովը նոր ղեկավար կազմի անդամ ընտրեց նաև Վահան Հովհաննիսյանին, ով այդ պահին ծանր մեղադրանքներով գտնվում էր ճաղերի այն կողմում: Իր հերթին, բանտային մեկուսացման մեջ գտնվող ընկերոջը, նորընտիր մարմինը ընտրեց իր ներկայացուցիչ: Այսինքն Վահանն էր, որ առաջիկա շրջանում պետք է ներկայացներ կուսակցության Հայաստանի կառույցը և նրա ղեկավար մարմինը: Իշխանությունը չէր կարող սա որպես իր դեմ նետված ձեռնոց չդիտել, իսկ կուսակցությունը լրջորեն էր տրամադրաված և կռիվը շարունակվելու էր: Վահան Հովհաննիսյանը առաջադրվեց նախագահի թեկնածու և կուսակցական կառույցի անդամները Արմավիրի ընտրատարածքում առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահավաք ծավալեցին՝ այն վերածելով ՀՅԴ-ի, Վահանի Հովհաննիսյանի, և ՀՅԴ-ի դեմ հարուցված երկու քաղաքական գործերով մյուս մեղադրյալների իրավունքների քարոզչության: Քաղաքական բանակցությունների արդյունքում, առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուներ Արամ Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Վազգեն Մանուկյանի, Լենսեր Աղալովյանի ցուցաբերած քաղաքական համարձակ կամքի շնորհիվ, նրանց գումարելով Վահան Հովհաննիսյանի անձը, կազմվեց քաղաքական վերոհիշյալ դաշինքը: Նախավերջին այս քայլով թերևս իշխանությանը վերադարձվեց շատ ավելի ծանր հակահարված՝ փաստելով Դաշնակցության դեմ ծավալված հալծանքի շինծու բնույթը, ինչպես և դե ֆակտո օրինականացնելով օրենքից դուրս հայտարարված կուսակցության գործունեությունը:

Ինչո՞ւ հատկապես մեկուսացման մեջ գտնվող Վահան Հովհաննիսյանը դարձավ նկարագրված գործընթացների մեջ կենտրոնական դերակատար, երբ բանտարկության մեջ էին այլ ընկերներ ևս: 89-90թվականներից սկսած Հայաստանում հաստատվել սկսեցին Սփյուռքահայ կայացած ու փորձառու ընկերներ, իսկ Վահան Հավհաննիսյանը ծնունդով Հայաստանցի առաջին սերնդի դաշնակցականների շարքում դարձավ ամենացայտուն ու կայացած գործիչը: 1991թվականին ՀՅԴ կողմից առաջադրվելով ՀՀ փոխնախագահի թեկնածու, 1992թվականից դառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ, մշտապես գտնվելով քաղաքական փոթորկուն գործընթացների առանցքում և, միաժամանակ, անմիջական ղեկավարներից ու մասնակիցներից մեկը լինելով ՀՅԴի ղարաբաղյան պայքարի, Վահան Հովհաննիսյանը հանրության շրջանում թերևս ամենաընդունվածն էր, որպես քաղաքական հասուն ու վստահություն ներշնչող անհատականություն:

Որ անցնող տասնամյակներում Արամ Մանուկյանով ներկայանալու դեպքում անգամ ազգային-ավանդական Դաշնակցությանը հնարավորություն չէին տալու ստանձնելու երկրի ամբողջական ղեկավարումը ինձ համար կասկածից վեր է, սակայն առավել կարևորն այն է, որ Դաշնակցության գործիչները, ի դեմս մասնավորապես Վահան Հովհաննիսյանի, Հայաստանի քաղաքական մշակույթի և մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցության մեջ փորձեցին արմատավորել այն գիտակցումը, որ քաղաքական գործիչները պետք է լինեն ծրագրեր որդեգրած գաղափարական նվիրյալներ, երբեք հակասության մեջ չհայտնվեն սեփական սկզբունքների հետ ինչպես և երեկվա ու այսօրվա գործերում:

Վահան Հովհաննիսյանը սուր էր, անխնա ու կոշտ, երբ քննադատողի դերի մեջ էր, իսկ այդպիսին էր գրեթե բոլոր քաղաքական հարթակներում, բացի օտարների մոտ սեփական երկիրը ներկայացնելուց: Իսկ ինչո՞ւ նրա գնահատականներից ազդվում, սակայն հետը չէին թշնամանում, երբ անգամ մարդկանց երեսին ասում էր թե. «ձեզ դալաններում կծեծեն»:

Այդպես էր, որովհետև բոլորը տեսնում էին՝ Վահանը օրինակ է բերում անձերի վրա, բայց խոսում է երևույթների մասին: Նրա թիրախը երևույթներն էին, իսկ նպատակը ազգային շահը: Նա ում ինչ ասում էր ամբիոնից, ասում էր նաև կողքին նստած ժամանակ և նույնիսկ քեֆի սեղանի մոտ և նրա մտքերից չէին խորշում, որովհետև դրանց ետևում տեսնում էին մեր քաղաքական առաջնորդներից շատերի մոտ պակասող կարևոր հատկություն՝ անկեղծությունը: Վահան Հովհաննիսյանը դաշնակցական էր, իսկ դաշնակցականը չի կարող ատել հայ մարդուն, նրան կարող է համարել քաղաքական մրցակից և նույնիսկ հակառակորդ, բայց բավական է, որ այդ նույն անհատն ու գործիչը մի ազգաշահ բան անի դաշնակցականը կկանգնի նրա կողքին: Մի բան, որ Դաշնակցությանը անհասկանալի է դարձնում նրանց համար ովքեր կարծում են, թե քաղաքականությունը անբարոյականության, կեղծիքի ու խաբեության, ատելության, թշնամանքի ու վրեժխնդրության ասպարեզ է:

Վահան Հովհաննիսյանը մեր օրերի ամենակարդացած և իտելեկտուալ գործիչներից էր, բայց այդ բանը կարող էին թերևս զգալ նրանք, ովքեր անձնական մտերմիկ շփումներ ունեին իր հետ: Զարմանալի էր, որ ավելի քան քսան տարի ճանաչածս մարդը հանկարծ գրելու ձիրք ու ցանկություն դրսևորեց: Իր գրած հոդվածների մեջ կարմիր թելի պես զգալի էր այն միտքը, որը երբեմն մտահոգությամբ կրկնում էր մտերիմների մոտ. «Գոյություն ունի անվերադարձելիության կետ և այսպես նահանջելով երկիրը կարող է հատել այն սահմանագիծը, որտեղից կրկին ետ դառնալը, նորից վերականգնվելը անհնար է»: Ճիշտ այս ահազանգն է փոխանցում նրա. «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» խորագիրը:

Ինչո՞ւ գործերով ու հոգսերով ծանրաբեռնված, կարծես որպես վերջին ուղերձ, նա գրեց «Մանդիլիոն» վեպը: Վահան Հովհաննիսյանի խորաթափանց միտքը քաղաքական խմորումների մեջ կռահեց այն ինչ այսօր ակնառու է մեզ համար:

Տարածաշրջանը, որը եղել է քաղաքակրթությունների ու կրոնների օրրան մխրճվում է նոր և արմատական հեղաբեկումների պատմական շրջափուլ: «Մանդիլիոնի» մեկնակետերը Քրիստոսի ժամանակն է և քրիստոնեության ամրոց Բյուզանդիայի կործանումը, իսկ թիրախը ներկան, որ կանգնած է պատմական անցյալի հաշվեկշռի հանդիման: Կենտրոնում հայ ժողովուրդն է, որը եղել է քրիստոնեական քաղաքակրթության անկեղծ, ինքնազոհաբերվող ջահակիրը, և շարունակելով սեփական կռիվը նա շարունակում է կռիվը հանուն այդ արժեքների: Վահան Հովհաննիսյանի վեպը ուղերձ է մեր ներկային, երբ քրիստոնեական երկհազարամյա արժեհամակարգի ֆորպոստը փորձ է արվում այլասերել, ոչնչացնել ներսից ու դրսից:

Վահան Հովհաննիսյանի վեպը նաև ուղերձ է արտաքին աշխարհին՝ արժևորելու համար մեկ ազգի դերակատարությունը, որպես կարևորագույն տարածաշրջանում արժեհամակարգերի պաշտպանության, փոխգործակցության և խաղաղ համակեցության փորձառություն ունեցող հեռանկարային կղզյակի:

Վահան Հովհաննիսյանի կյանքը նույնպես մի վեպ էր՝ որի սկիզբը պեղված էր պատմական ակունքներից և միտված էր այն ապագային: Այս երկուսի միջև ներդաշնակող օղակ էր ներկան, որի խորհրդին անհրաժեշտ էր ծառայել մինչև վերջ և անդավաճանորեն:

Արտաշես Շահբազյան

1