Անթույլատրելի է հավասարության նշան դնել հայ պատմագրության և թուրք-ադրբեջանական կեղծարարության միջև
Գլխավոր » Լրահոս » Անթույլատրելի է հավասարության նշան դնել հայ պատմագրության և թուրք-ադրբեջանական կեղծարարության միջև

Անթույլատրելի է հավասարության նշան դնել հայ պատմագրության և թուրք-ադրբեջանական կեղծարարության միջև

Անթույլատրելի է հավասարության նշան դնել հայ պատմագրության և թուրք-ադրբեջանական կեղծարարության միջև: Այս մասին «Սեւրի դաշնագիրը և Հայկական հարցը» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել է պատմական գիտությունների դոկտոր, պրեֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

«Թուրքական պատմագրությունը կեղծել և շարունակում է կեղծել ոչ միայն սեփական պատմությունը, այլ նաև համաշխարհային պատմությունը: Եվ առումով փորձել հավասարության նշան դնել թուրք-ադրբեջանական պատմագրության և նորանկախ Հայաստանի պատմագրության միջև, մեղմ ասած, ճիշտ չէ»,- նշել է պատմաբանը:

Նրա խոսքով՝ չպետք է որևէ մեկն իրեն նման մտքեր թույլ տա: «Հայ պատմագետները և մասնագետները միգուցե այս տարիների ընթացքում պատմական որոշ իրադարձություններ մեկնաբանելիս ինչ-որ հարցերում սխալվել են, բայց հայ պատմագրությունը հիմնականում իր բարձրության վրա է եղել և, նորից եմ կրկնում, հավասարության նշան դնել հայ պատմագրության և թուրք-ադրբեջանական կեղծարարության միջև, անթույլատրելի է»,- իր խոսքի նախաբանում ասել է Կարեն Խաչատրյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրենը շեշտել է, որ հայ պատմաբանները 100 տարի անց պարտավոր են անել այն, ինչ արել են անկախության վերջին տարիներին՝ փորձել ճշմարիտ և իրատեսորեն ներկայացնել  պատմական անցյալը, պատմության դասերը, նաև Սեւրի դասերը:

Հիշեցնենք, որ հայ պատմագրությունը թուրք-ադրբեջանական պատմագրության հետ համեմատել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ հայկական պատմագրության ոլորտում «Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»։

Հարցին անդրադարձել է նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:

Տ. Աղաջանյան

1