Հայ եկեղեցին եւ արդի ժամանակաշրջանը
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրներից մեկը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորումն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, պետությունների ներքաղաքական վիճակը: Միաբեւեռ աշխարհակարգը սերտ կապված է համաշխարհայնացման (գլոբալիզացիա) գաղափարախոսության հետ, որը հիմնականում տարվում է երեք ուղղություններով` գաղափարաքաղաքական, տնտեսական եւ կրոնադավանական:
Կրոնադավանական ոլորտում համաշխարհայնացման նպատակը «նոր կրոնականության» ստեղծումն է: Այդ համատեքստում են գործում էկումենիզմը, ոչ ավանդական կրոնները` Եհովայի վկաները, մորմոնները, սիենթոլոգները, մունիստները եւ նմանատիպ այլ «եկեղեցիները» (հիմնականում` բողոքական):
Կրոնադավանական ուղղության իմաստը խորությամբ ընկալելու համար նպատակահարմար է անդրադառնալ կրոնի գործառույթներին: Դրանք են` աշխարհայացքային, կարգավորիչ եւ համախմբող:
Աշխարհայացքային գործառույթի էությունը կայանում է նրանում, որ կրոնը իրականության արտահայտման իր ձեւն է առաջարկում, ստեղծում է աշխարհի իր պատկերը: Կրոնը բավարարում է մարդկանց իմացական պահանջմունքները: Այն բացատրում է բնության, հասարակության եւ մարդու գոյության իմաստը:
Որպես հասարակական գիտակցության ձեւ` կրոնը ստեղծում է նորմերի եւ արժեքների համակարգ: Կրոնական նորմերն ընդգրկում են ոչ միայն պաշտամունքային վարքի ոլորտը, նրանք կարգավորում են նաեւ մարդու սոցիալական վարքագիծը, նրա հարաբերությունը ընտանիքում, կենցաղում եւ հասարակության մեջ:
Կրոնի բարոյական եւ սոցիալական վարդապետությունը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա: Այն կարգավորող գործառույթ է իրականացնում ողջ հասարակության նկատմամբ` ամրապնդելով գոյություն ունեցող ազգային արժեհամակարգը:
Եւ վերջապես, կրոնը համախմբում է նույնադավաններին, այսինքն` համայնքի շրջանակներում իրականացնում է կարգավորող գործառույթ:
Կրոնի կենսականությունը բացատրվում է նրանով, որ համայնքը բավարարում է հավատացյալների` ոչ միայն կրոնական պահանջմունքները: Հավատացյալներից շատերի համար այն հանդես է գալիս որպես սոցիալական հաղորդակցության եւ ինքնահաստատման միջոց, իսկ որոշների համար այն ծառայում է որպես ճանաչողական, բարոյական, գեղագիտական պահանջմունքները բավարարելու միջոց:
Կրոնի գործառույթների դասագրքային մեկնումներից էլ պարզ երեւում է, թե ինչու են նոր աշխարհակարգի ստեղծման ճարտարապետներն այդքա՜ն նյութական միջոցներ ծախսում կրոնադավանական ուղղության վրա: Եւ դա էլ տալիս է իր դառը պտուղները: Այսօր Արեւմտյան աշխարհը դժվար է անվանել քրիստոնեական, թեեւ մի շարք երկրներում` Անգլիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Հունաստանում եւ Իտալիայում քրիստոնեությունը սահմանադրորեն ընդունված է որպես պետական կրոն:
Կրոնի համախմբող գործառույթի լիարժեք իրականացմանը, ինչքան էլ տարօրինակ թվա, խանգարում է «ժողովրդավարություն» հասկացության ժամանակակից ըմբռնումը: Ժամանակակից ժողովրդավարությունը հենվում է մարդու իրավունքների եւ ազատությունների, լիբերալ արժեքների վրա, որոնք արեւմտյան աշխարհում ընկալվում են որպես այնպիսի մի համապարփակ հիմունք, որն ընդունակ է միավորելու բազմազան մշակութային արժեքներ, ավանդույթներ եւ աշխարհընկալումներ ունեցող մարդկային հանրությունների: Արդի Եվրոպայում, ցավոք, ամուր արմատավորվել է այն համոզմունքը, որ հոգեւոր կյանքի, բարոյականության, վարքագծի հարցերը վերաբերում են բացառապես յուրաքանչյուր առանձին վերցրած անհատի անձնական ընտրությանը, ընտրություն, որը հրապարակային քննարկման ենթակա չէ: Արդի հասարակությանն առաջարկում են իր մեջ ներառել վարքի ու բարոյականության ամենաբազմազան մոդելներ միայն մի սահմանափակումով. դրանք չպիտի հակասեն օրենքներին եւ չխախտեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման բազմակարծությունը հոգեւոր տեսանկյունից, ծնում է անտարբերություն մեղքի նկատմամբ, որը կործանարար է հասարակության համար:
Այս տեսակետի ճշմարտացիությունն ապացուցելու համար ներկայացնենք Հայաստանի Հանրապետության օրինակը: Այսօր ՀՀ-ում ապրում են մոտ երեք միլիոն հայեր: Պետականորեն գրանցված են 67 կրոնական կազմակերպություններ, որոնց 70%-ը աղանդավորականներ են: Հայաստանի բնակչության ավելի քան 12%-ը՝ 350 հազար հայեր, այլադավան են: Փաստորեն ստացվում է, որ մի երկրում, որի բնակչության ավելի քան 97%-ը հայեր են (Արցախում` 99%), կրոնական համոզմունքներից ելնելով՝ տարբեր ձեւով են ընկալում եւ մեկնաբանում լավն ու վատը, բարին եւ չարը, բարոյականն ու անբարոյականը, հերոսությունն եւ դավաճանությունը…
Հասարակության մեջ գոյություն ունեցող նման խառնաշփոթը՝ վերջին հաշվով հանգեցնում է մեղքի անտեսմանը, որի հետեւանքների մասին Սոդոմն ու Գոմորն են վկայում դարերի խորքից:
Հայաստանում հատվել է հոգեւոր անվտանգության պահպանման կրիտիկական սահմանը, բայց դեռ ուշ չէ վերականգնելու հայ քրիստոնյայի` վաղ անցյալի մոռացված կենսաձեւը, ազգային ավանդույթներն ու սովորույթները եւ ընդդիմանալու ժամանակակից մարտահրավերներին:
Դրա համար կան՝
ա) Սահմանադրության եւ այլ օրենքների ընձեռած հնարավորությունները,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին,
գ) Ազգայնորեն մտածող եւ գործող բազմահազար հայորդիներ:
— Արցախի եւ Հայաստանի հանրապետությունները ճանաչում են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում (ԱՀ եւ ՀՀ Սահմանադրություններ):
… Ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար («Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ եւ ԱՀ օրենքներ):
Մնում է ազգային, հոգեւոր ներուժի համախմբում եւ նպատակաուղղված աշխատանք: Այդ դժվարին ճանապարհին Հայ եկեղեցին պետք է ավելի գործնական լինի: Խոսովանենք` ներկայումս հոգեւոր-եկեղեցական պատերազմում, որը մղում են Հայաստան ներթափանցած «եկեղեցիները» Հայ Եկեղեցու դեմ (կապ չունի` միասնական ճակատով, թե անջատ-անջատ), նման տեմպերով շարունակելու դեպքում մի քանի տարի հետո առնվազն կունենան նույն կարգավիճակը, ինչ-որ ունի Հայ Եկեղեցին: Ներկայումս Հայաստանում միտումներն ակնհայտ են: Ուստի, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է իր ջանքերը նպատակաուղղի այն բանին, որ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ավանդույթներին հաղորդակից դառնան հասարակության բոլոր խավերն ու շերտերը: Եկեղեցին պետք է երիտասարդներին եւ, առաջին հերթին, դպրոցականներին սովորեցնի ճշմարտությունը կեղծիքից, մեղքը առաքինությունից տարբերակելը` հօգուտ բարու:
Այդ նպատակով պետք է ՀՀ եւ ԱՀ կրթական համակարգերում ոչ թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կցեն «Հայոց պատմություն» առարկային, ինչպես փորձ է արվում ՀՀ-ում, այլ Հայաստանի (ՀՀ եւ ԱՀ) ողջ կրթական համակարգում մտցնեն նաեւ կրոնի առարկան: Ի դեպ, 1998-2003թթ. Արցախի հանրակրթական դպրոցներում դասավանդել են կրոնի առարկան: Աշակերտները գիտելիքներից բացի ստացել են նաեւ հոգեւոր դաստիարակություն:
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում Հայաստանի Հանրապետության այն այրերը, ովքեր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուզում են դպրոցական ծրագրերից հանել: Նրանք ինչպե՞ս են պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին իրագործի ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման, ազգի հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման գործառույթները: Մի՞թե` «հեռվից ես քեզ գոնե տեսնեմ» տարբերակով:
Հայ եկեղեցին ունի բավարար նյութական եւ այլ անհրաժեշտ միջոցներ Հայաստանում (եւ ոչ միայն) քարոզչություն եւ ավետարանչություն իրականացնելու համար: Հայ առաքելական եկեղեցին իր նյութական միջոցների մեծ մասը, որոնք գոյանում են հիմնականում նվիրատվություններից եւ հանգանակություններից, օգտագործում է եկեղեցիների ու վանքերի նորոգման, վերանորոգման եւ նորերի կառուցման համար: Մինչդեռ, շատ եկեղեցիներում չեն կատարվում ժամերգություններ, պատարագներ եւ այլ կրոնական ծիսակատարություններ` բավարար քանակությամբ հոգեւորականներ չլինելու պատճառով: Բոլորին էլ հասկանալի է, որ եկեղեցիները, վանքերը եւ այլ ծիսական կառույցներ երկար տարիներ եղել են ոչ պատշաճ ուշադրության եւ հոգածության մեջ, քանդվել եւ ավերվել են: Անշուշտ, դրանք անհապաղ օգնության, փրկության կարիք են զգում: Սակայն հրատապ է նաեւ վանքեր, եկեղեցիներ ու աղոթատներ հաճախող հավատացյալների խնդիրը: Հոգեւորական կադրերի պակասը, կարծում ենք, համազգային խնդիր պետք է դիտարկվի: Գաղտնիք չէ, որ հայկական բոլոր հոգեւոր հաստատություններում ուսանող սաների քանակը բազմաթիվ անգամ փոքր է համազգային պահանջարկից:
Հայոց պետության կողմից Հայ եկեղեցուն վերապահված գործառույթների իրագործումը հիմնականում կախված է հոգեւոր կադրերի քանակական ու որակական չափանիշներից եւ, իհարկե, նպատակաուղղված-համակարգված աշխատանքից: Ուստի, Հայ եկեղեցու հոգեւոր- կադրային հարցը հրատապ լուծում է պահանջում:
Վերջում, նորից անդրադառնալով Հայ եկեղեցուն եւ արդի ժամանակաշրջանին, հիշենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի պատգամը. «Հայ Եկեղեցին շաղախ է հայ ազգության շենքը կանգուն ու անսասան պահող աշխարհի չորս ծագերից հասնող փոթորկաշունչ հողմերի դիմաց»:
Աշոտ Սարգսյան