«Մենք դեռ պետք է աշխատենք Սենատի առաջնորդների հետ, իսկ Թրամփը կստորագրի օրինագիծը»․ Էլիզաբեթ Չուլջյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը։ Այս ուղղությամբ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի կատարած աշխատանքների, ադրբեջանական հարձակումների, Սենատի հետ տարվող աշխատանքների և Դոնալդ Թրամփի ստորագրության հավանականության շուրջ Armenia Today-ը զրուցել է Վաշինգտոնում «Հայ դատի» գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի հետ։
-Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն ի՞նչ աշխատանքներ է կատարել բանաձևի ընդունման ուղղությամբ, և որքանո՞վ է կարևոր Արցախի համար այս բանաձևի ընդունումը։
-Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է գալիս Արցախին աջակցելու գործունեությամբ 1997 թվականից, երբ կոնգրեսական Բրեդ Շերմանն այդ հարցը բարձրացրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Այս առաջին փորձը հաջողությամբ չպսակվեց, բայց այն հիմք հանդիսացավ, որպեսզի ԱՄՆ-ն 1998 թվականին Արցախին հատկացնի 12,5 մլն դոլարի օգնություն։ Վերջին 22 տարիների ընթացքում Հայ Դատի հանձնախումբը համագործակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որպեսզի շարունակի ամերիկյան օգնությունը Արցախին, որն օգնել է Արցախին ապահովել մաքուր խմելու ջրով, աջակցել մայրության առողջության պահպանությանը, ինչպես նաև ավելի քան մեկ տասնամյակ աջակցել Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Ադրբեջանի կառավարությունը երկար տարիներ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին կողմից Արցախի տրվող ուղիղ ֆինանսական աջակցության դադարեցման համար, քանի որ ուղղակի օգնությունն Արցախի ճանաչման անուղղակի ձև է։ Օգնության դադարեցման նպատակով ճնշումը հատկապես ուժեղ էր վերջին երկու տարիներին՝ ընդհուպ մինչև այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը նույնիսկ հայտարարեց ականազերծման համար Արցախին տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին։ Իհարկե, հենց Կոնգրեսում են ձևավորվում ֆինասնական հատկացումների որոշումները և Հայ Դատի հանձնախումբը մեծ ջանասիրությամբ աշխատում էր Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ, որպեսզի ապահովի 1,4 մլն դոլարի չափով Արցախին օգնության տրամադրումը՝ չնայած Ադրբեջանի կողմից հսկայական առարկություններին: Այս ուղղությամբ աշխատանքը դեռ չի ավարտվել․ մենք դեռ պետք է աշխատենք Սենատի առաջնորդների հետ և ապահովենք 1,4 միլիոն դոլարի ֆինանսական հատկացումն Արցախին։ HALO Trust-ը, որը զբաղվում է Արցախի տարածքի ականազերծմամբ, վերջին երկու տասնամյակի ընթացքում իրապես կատարել է փրկարարական աշխատանք՝ վնասազերծելով ավելի քան 61 000 ական և չպայթած զինամթերք: Ավելի քան 62 000 հա հողակտոր դարձել է անվտանգ՝ կենսագործունեության անվտանգ տարածք ստեղծելով Արցախի բնակչության ավելի քան 80%-ի համար։ Արցախի օգնության դադարեցումը հիմա, երբ այդքան մոտ ենք Արցախը ականներից մաքրելուն, և հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, սխալ ազդանշան է, որը դրդելու է նախագահ Ալիևին նոր ռազմական գործողությունների։ Միացյալ Նահանգները Հայաստանի սահմաններից դուրս միակ երկիրն է, որն օգնություն է ցուցաբերում Արցախին։ Նման օգնությունը պետք է նորմ դառնա ամբողջ աշխարհում, որպես տարածաշրջանային ինտեգրմանն ու խաղաղությանը նպաստելու հզոր միջոց:
-Բանաձևի ընդունումից հետո ամբողջ աշխարհում և հատկապես ԱՄՆ տարբեր քաղաքներում ադրբեջանցիների հրահրումներով բախումներ են տեղի ունեցել։ Արտերկրում ՀՀ դեսպանատները և հայկական կենտրոններն Ադրբեջանից և Թուրքիայից պաշտպանելու խնդիր ունե՞ն այսօր։
-Ադրբեջանական բախումներն ու վանդալիզմն սկսվել են դեռևս Արցախին օգնություն տրամադրելու Ներկայացուցիչների պալատի որոշման ընդունումից հետո՝ համընկնելով հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզի վրա Ադրբեջանի կողմից իրականացված վերջին հարձակման հետ։ Մոտ 30 տարի անց, երբ ադրբեջանական կառավարությունը Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում և Բաքվում հայերի զանգվածային սպանություններ էր հրահրել, որոնք ավելի քան 300 000 հայերի ստիպեցին լքել Ադրբեջանը և անվտանգ ապաստան գտնել Հայաստանում և ամբողջ աշխարհում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ալիևի վարչակարգը դեռևս ատելություն է սերմանում հայերի հանդեպ իրենց հայրենիքում և ամբողջ աշխարհում: Վերջին հարձակումներն այս ամենի միանգամայն իրական դրսևորումներն է։ Միջազգային հանրությունը պետք է կարևոր դեր խաղա այստեղ՝ հստակ և աներկբա դատապարտելով Ադրբեջանի հարձակումները Հայաստանի և հայ համայնքերի վրա ամբողջ աշխարհում։ Կեղծ հավասարությունը, որ կոչ է բոլոր կողմերին աջակցել խաղաղությանը և այլն, Ալիևին հնարավորություն է տալիս քողարկել իր մշտական սպառնալիքները և հարձակումները։ Ամբողջ աշխարհում հայկական դեսպանատների պաշտպանության տեսանկյունից սա այն է, ինչի մասին դեսպանությունները պետք է լուրջ քննարկումներ տանեն իրենց հյուրընկալ երկրների հետ։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ Սենատը կհաստատի՞, իսկ Թրամփը կստորագրի՞ ընդունված բանաձևը։
-Արդեն նշեցի, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և հայ-ամերիկյան համայնքը սերտորեն համագործակցում են Սենատի առաջնորդների հետ, որպեսզի 2021 ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծում ընդգրկվի Արցախը օգնության տրամադրումը։ Արցախի 10 հազարից ավելի կողմնակիցներ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկել, և նրանք շարունակելու են դա անել՝ այցելելով anca.org/alert կայքէջը։ Ինչ վերաբերում է նախագահական ստորագրությանը, ապա նախագահ Թրամփը կստորագրի արտասահմանյան օգնության մասին օրինագիծը, ինչպես և նախորդները։ Արցախի օգնությունը մեծ օրինագծի մի մասն է, իսկ նախագահը հնարավորություն չունի ընտրելու, թե օրինագծի որ հատվածն է ստորագրելու։
Լուսինե Թևոսյան
armeniatoday.news