Գյուղոլորտում ներգրավված տնտեսավարողներին ցուցաբերվող օժանդակությունը կլինի համակողմանի և թիրախային
Հուլիսի 29-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է հանրապետության մի շարք՝ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ և գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսություններ: Այս մասին հաղորդում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից:
Սկզբում նախարարը եղավ «Արցախկաթ» ՓԲԸ-ում: Ձեռնարկությունը զբաղվում է կաթի վերամշակմամբ, նրա արտադրած՝ կաթնամթերքի լայն տեսականին իրացվում է նաև Արցախից դուրս:
Տնօրինությունը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները: Մտադիր են զբաղվել կաթի փոշու արտադրությամբ: Նախարարի առաջարկությամբ շուտով կառավարությանը կներկայացվի համապատասխան ծրագիրը, ինչին կհետևի անհրաժեշտ աջակցությունը:
Այնուհետև Աշոտ Բախշիյանը եղավ «Գառնի Գրուպ» ՓԲԸ-ում: Ընկերությունը ցորեն է մթերում, որը հենց տեղում վերածվում է ալյուրի: Տնօրինության ներկայացմամբ՝ բավականին քանակությամբ պաշարներ ունեն կուտակած:
Ասկերանի շրջանի Խանապատ համայնքի տարածքում է գտնվում Գեղամ Բեգլարյանի տնտեսությունը: 560 ոչխար և 160 խոշոր եղջերավոր անասուն. սա միայն սկիզբն է, ասում է տնտեսավարողը, ժամանակի հետ ծավալները կմեծանան, շուտով կներկրվի ոչխարների նոր խմբաքանակը, տարածքում մտադիր է նաև սպանդանոց կառուցել, ինչի համար ակնկալում է պետության օժանդակությունը: Տնտեսավարողների կողմից արված ամենափոքր քայլը, ցանկացած կառուցողական առաջարկություն պետության կողմից կարժանանան աջակցության, ասում է նախարարը:
Տնտեսավարող Գրիգորի Ավետիսյանը, ով հայտնի է որպես «Կատարո» ապրանքանիշի ներկայացուցիչ, Խրամորթի տարածքում խաղողի տնկարան է հիմնել՝ 2 հա ընդհանուր տարածքով: Այստեղ Եվրոպայից ներկրված սորտերի (գրինաժ, պենո-նուար) տնկիներ են աճեցվում, որոնք կտրամադրվեն հողօգտագործողներին:
Աշխատանքային օրվա վերջում գյուղոլորտի ղեկավարն այցելեց Տիգրանակերտի տարածքում գտնվող՝ տնտեսավարող Կարեն Աղաջանյանին պատկանղ այգու տարածք. Այստեղ, շուրջ 65 հա կազմող տարածքի վրա հիմնված այգում, նռան ու սերկևիլի ծառերի կողքին ներկայացված են նաև արտերկրից ներկրված այլ ծառատեսակներ, այդ թվում նաև՝ էկզոտիկ ելակի ծառերը: Տնտեսավարողը նախարարին ներկայացրեց իր ծրագրերն ու դրանց իրականացման համար օժանդակության ակնկալիքը: Աշոտ Բախշիյանը հավաստիացրեց, որ գյուղոլորտում ներգրավված տնտեսավարողներին ցուցաբերվող օժանդակությունը կլինի համակողմանի և թիրախային:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին տեղակալներ Վիլեն Ավետիսյանը, Տիգրան Առստամյանն ու Ջիվան Հայրապետյանը: