Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն
Գլխավոր » Լրահոս » Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն

Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ում ներկայացրել է մարտական գործողությունների ընթացքում կամավորական միությունների գործունեության, նրանց ներգրավելու հարցում պետության գործառույթների մասին։

Հոդվածագիրը 1990-ական թթ. Հայաստանի ու Արցախի սահմանին ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո պատերազմի մասնակիցների հիմնած տարբեր կազմակերպություններ դիտարկել է մարտական գործողությունների ներգրավման տեսանկյունից:

«Հասկանալի է, որ նրանք պատերազմի ժամանակ մեծ փորձ են ձեռք բերել, սակայն նրանց մի մասը տարիքային խնդիր ունի, մի մասը՝ առողջական խնդիրներ, իսկ նրանք, ովքեր կարող ենք սահմանին ծառայություն մատուցել, մարզավիճակում գտնվելու խնդիր ունեն»,- նշել է Տիգրան Աբրահամյանը: 

Նա գրել է, որ Արցախում բավականին հետաքրքիր և աշխատող մոդելով Ազատամարտիկների միությունն է գործում, որն իսկապես մոբիլ, մարտունակ ստորաբաժանում ունի՝ բազմափորձ ազատամարտիկներով:

«Մի արդյունավետ մոդելով էլ ՀՅԴ-ն էր գումարտակ ձևավորել, որտեղ հիմնականում 90-ականների պատերազմին մասնակցած մեր հայրենակիցներն էին, այլ մոդելով «Սև հովազ» ջոկատն էր գործում, որը հիմա էլ ծառայություն է իրականացնում: Ամենակարևորը՝ այս ջոկատները գործում են ՊՆ կոորդինացման տիրույթում՝ որպես ՀՀ զինված ուժերի մասնիկ»,- գրել է ԱՀ նախագահի նախկին խորհրդականը:

Ըստ նրա՝ պետք է բոլոր կազմակերպությունների հետ արագ աշխատել՝ լիովին տիրապետել, թե ինչ ռեսուրսի ենք տիրապետում, առանձնացնել թե ովքեր կարող են սահմանին ծառայություն մատուցել և իրավական որոշակի կարգավորումով համահավաք արագ արձագանքման խումբ ձևավորել:

«Սա զուտ այսօրվա համար չեմ ասում, մեր տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ նման իրավիճակներ, առավել լարված ժամանակներ դեռ շատ ենք ունենալու»,- նշել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու Արցախը ակտիվ պահեստազոր ունենալու այլընտրանք չունեն․ և սա զինված ուժերի զարգացման, արդիականացման մի բաղկացուցիչը պետք է դառնա:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

1