Տավուշի դեպքերին Իրանի կոշտ արձագանքը պայմանավորված է բալանսավորված քաղաքականությամբ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:
– Պարոն Խանլարյան, այս անգամ Իրանում շատ կոշտ արձագանքեցին Տավուշի մարզում տեղի ունեցող գործողություններին, և շատերի գնահատմամբ՝ սա զգուշացում էր Բաքվին: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր սա պայմանավորված՝ հաշվի առնելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իրանն ավելի շատ չեզոք բնույթի հայտարարություններով էր հանդես գալիս, իսկ այս անգամ Իրանն իր համակրանքը Հայաստանի նկատմամբ չթաքցրեց: Ի՞նչ է փոխվել, ո՞րն է սրա պատճառը:
– Իրանի քաղաքականությունը այս հարցում հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ բալանսավորված քաղաքականությամբ: Սա բավականին հին քաղաքականություն է, որ Իրանը բծախնդրությամբ փորձում է տանել առաջ: Բայց այս անգամ, ի տարբերություն քառօրյա պատերազմի, պանթուրքիստական գործիչները մի քիչ չափն անցան, նախկինում այդպես չէր: Այս անգամ պանթուրքիզմի ջատագովները ավելի ակտիվ էին և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, և՛ Իրանում: Իրանի դեմ ևս սկսեցին հայհոյախառն արտահայտություններ տեղալ, և դա մեծ փոփոխություն էր պանթուրքիստական քաղաքականության մեջ, որովհետև Իրանը մինչև հիմա ավելի քիչ էր դառնում թիրախ, բայց այս անգամ նրանք առատորեն Իրանին էլ սկսեցին մեղադրել Հայաստանին պաշտպանելու հարցում և այլն: Պանթուրքիստների կամ ընդհանրապես բազմաթիվ թուրքական վերլուծաբանների շրջանում դեռ առկա է այն տեսակետը, որ Իրանն իր այս բալանսավորված քաղաքականությամբ խորքում հովանավորում է Հայաստանին: Իմ կարծիքով՝ այդպես չէ, Իրանը չի փորձում շեղվել իր բալանսավորված քաղաքականությունից, բայց թուրքական մի շարք վերլուծաբանների տեսակետն այդպիսին է: Ամեն դեպքում՝ այս անգամ Իրանի դիրքորոշումը այսպես կարելի է մեկնաբանել: Իհարկե, ինչպես տեղյակ եք, Իրանի պահակազորը շատ կոշտ արձագանքեց Բաքվում այդ ցույցերի ժամանակ հակաիրանական բնաբաններին և մատ թափ տվեց այդ անջատողական նկրտումների դեմ: Իրանը միշտ էլ այդպես է արձագանքել, այսինքն՝ այն, ինչ կապված է երկրի ամբողջականության հետ, դրան լուրջ են վերաբերվում, կատակ չեն անում և շատ կոշտ են արձագանքում: Հենց այս գործոնն էր, որ այս անգամ երևան եկավ: Բայց ասեմ, որ Իրանի պաշտոնական քաղաքականության մեջ, կարծում եմ, հիմնական փոփոխություններ չկային: Իրանը երկու կողմին էլ փորձեց հանդարտության, խաղաղ գործընթացը շարունակելու կոչ անել և այլն:
– Հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին ինչ-որ բան փոխվե՞լ է, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:
– Իրան-Հայաստան հարաբերությունները, իմ կարծիքով, որևէ փոփոխություն չեն կրելու Տավուշի դեպքերից հետո, ինչպես փոփոխություններ չկրեցին քառօրյա պատերազմից հետո: Շեշտադրումներ կան բանակցային գործընթացի շարունակության առումով, շեշտադրումներ կան պանթուրքիստական նկրտումների դեմ: Այս շեշտադրումներն են ավելացել, բայց փոփոխություններ չեմ կարծում, թե կան, որովհետև Իրան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական առումով լուրջ մակարդակ ունեն: Ես անպայման նկատի չունեմ առևտրային կամ ֆինանսական հարաբերությունները: Դրանք շարունակում են անբավարար մնալ, բայց զուտ ռազմավարական, քաղաքական, անվտանգության առումներով բավականին լուրջ համագործակցություն կա Իրանի և Հայաստանի միջև: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ ինչ-որ բաներ կփոխի այդ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, բացի Թուրքիայից, տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում՝ Իրանը, փորձեցին չդիրքորոշվել այս կամ այն կողմի օգտին՝ հարցն ավելի չբարդացնելու նպատակով թերևս: Բայց իմ կարծիքով՝ շատ հստակ է, որ Հայաստանի դեմ ագրեսիա է տեղի ունեցել: Ու նաև կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները որքան ավելի իրերը կոչեն իրենց անունով, այսինքն՝ տեղը տեղին դիրքորոշվեն, դա ավելի կնպաստի բանակցային գործընթացին: Իսկ այսպես ընդհանրական հայտարարություններով չեմ կարծում, թե նպաստում են խաղաղության հաստատմանը, որովհետև սա առաջին անգամը չէ: Ադրբեջանը միշտ էլ իր ագրեսիաներով, իր ռազմաշունչ կոչերով ու քայլերով մեկ նպատակ է հետապնդում՝ Թուրքիային ներքաշել Արցախի խնդրի լուծման պրոցեսներում: Դատելով Թուրքիայի ակտիվությունից՝ այդ երկիրը պատրաստվում է ինչ-որ միջամտությունների կամ առնվազն սպառնալիքներ է հնչեցնում, թե պատրաստ է միջամտել: Ես կարծում եմ, որ սա մարտավարական շատ լուրջ քայլ է Ադրբեջանի կողմից, որը նաև պանթուրքիստական խաղեր տալով փորձում է դուռ բացել Թուրքիայի համար այս հարցերում: Ինչքան դերակատար պետությունները փորձեն չեզոքություն խաղալ այս խնդրի մեջ, չնշել, թե որ կողմն է ագրեսոր եղել այս անգամ, չեն օգնի պրոցեսին, ավելի կբարդացնեն: Իմ ակնկալիքն այն է, որ առնվազն Մինսկի խումբը պետք է գոնե մի թեթև բալանսը խախտեր ի շահ Հայաստանի, բայց դա էլ չարեց:
– Շատերը նշում էին, որ Իրանում ևս հնարավոր է լինեն հակահայկական ակցիաներ, ինչպիսիք տեսանք տարբեր երկրներում ադրբեջանական համայնքի կողմից: Իրանում նման բաներ եղա՞ն, թե՞ զսպվեցին Իրանի իշխանության կողմից:
– Լուրջ քայլեր տեղի չեն ունեցել, բայց սոցիալական ցանցերը ողողված էին հակահայ և հակահայաստանյան, հակաղարաբաղյան ելույթներով: Մի թեթև քայլեր փորձեցին իրականացնել: Բայց ես էստեղ ուզում եմ շեշտել, որ սա պանթուրքիստական հոսանքների ձեռագիրն է: Սրանք կապ չունեն Իրանի ադրբեջանցիների հետ, նրանք այս հարցերի մեջ բոլորովին ներքաշված չեն: Սա ուզում եմ ֆիքսել և ասել, որ ընդհանրապես Իրանում պանթուրքիզմի նկատմամբ մոտեցումը մերժողական է: Եթե ցույցեր տեղի չեն ունեցել Թավրիզում կամ արևմտյան Ատրպատականի նահանգներում, կամ նույնիսկ Թեհրանում, պատճառը միայն Իրանի իշխանությունների մոտեցումը չէ, այլ ընդհանրապես այս շրջաններում Իրանի ադրբեջանցիների մոտեցումն է այս հարցերի նկատմամբ: Նրանք Հայաստանի և հայության դեմ նպատակներ ու ցանկություններ չունեն: Այսինքն՝ այս պատերազմն Իրանի պատերազմը չէ: Թերևս միայն պանթուրքիստները, նկատի ունենալով Իրանում ապրող ատրպատականցիներին, իրենց հին փիլիսոփայական հենքի վրա, որ բոլորս թուրք եղբայրներ ենք, փորձում են ինչ-որ ակցիաներ կազմակերպել, բայց դա չի հաջողվում, որովհետև դրա համար պարարտ հողը չկա: Այդտեղ ապրող ատրպատականցիները նախևառաջ իրանցիներ են, և ոչ միայն այս անգամ, այլև վերջին 100 տարվա մեջ չի պատահել, որ Ատրպատականի ժողովուրդը տրվի թուրքական կամ պանթուրքիստական քաղաքականություններին: Այնպես որ, այն փոքր ակցիաները, որ տեղի են ունենում Իրանում, սակավաթիվ պանթուրքիստական, անջատողական հոսանքների ձեռքի գործն է, ոչ թե ատրպատականցի մեր հայրենակիցների:
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան