Արցախի մայր թատրոնն առցանց բեմադրություններ է ներկայացնում
Գլխավոր » Լրահոս » Արցախի մայր թատրոնն առցանց բեմադրություններ է ներկայացնում

Արցախի մայր թատրոնն առցանց բեմադրություններ է ներկայացնում

Կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքներն առանձնապես զգալի է նաև թատերական կյանքում:

Արտակարգ իրավիճակի հետևանքով հարկադրված պարապուրդը հնարավորին հաղթահարելու և թատերասերների հետ հաղորդակցությունը պահպանելու նպատակով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրություններ է ներկայացնում առցանց ձևաչափով:

Այս մասին տեղեկացրել է գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանափակ կազմով դերասանների մասնակցությամբ ներկայացումները նախ՝ նկարահանվում են, ապա տեղադրվում Արցախի մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում: Առցանց այս հարթակում արդեն իսկ հասանելի է «Նամակը» մոնոներկայացումը՝ Դանիիլ Խարմսի ստեղծագործության հիման վրա:

Գեղղեկավարի հաղորդմամբ՝ թատրոնում այժմ աշխատում են Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» ստեղծագործության բեմականացման ուղղությամբ:

Ժամանակի պահանջներին համաքայլ՝ ստեղծագործական պրպտումներով ու նորարար մոտեցումներով հանդերձ, գեղարվեստական ղեկավար Ռ. Խաչատրյանն, այնուամենայնիվ, համոզված է, որ առցանց բեմադրությունները չեն կարող լիարժեք արտացոլել թատրոնի էությունն այնպես, ինչպես՝ դերասանի և հանդիսատեսի անմիջական հաղորդակցության պարագայում:

Այս տարվա  աշնանը   Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը նախատեսում   է բացօթյա  ներկայացում՝ Տիգրանակերտում:

Վան Նովիկով

1