ԳԹԿ-ն միասնական քննությունների վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել
Գլխավոր » Երիտասարդական » ԳԹԿ-ն միասնական քննությունների վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել

ԳԹԿ-ն միասնական քննությունների վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել

Միասնական քննությունների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների  ընդունելության գործընթացի   այս տարվա առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են համավարակային  արտակարգ իրավիճակով թելադրված միջոցառումներով: Երեկ՝ հուլիսի 8-ին կայացել են վերջին միասնական քննությունները՝ «հայոց լեզու և գրականություն», «ֆիզիկա» և «կեսաբանություն» առարկաներից:

Ինչպես հայտնի է յուրաքանչյուր  մասնագիտության համար, այս տարվա  դիմորդները քննություն են  հանձնել մեկ առարկայից: Բնականաբար, դպրոցական յուրաքանչյուր առարկայի քննության արդյունքի  կարևորությունը  դիտարկելի է այս տեսանկյունից: Արդեն հայտնի են քննությունների արդյունքները մասնավորապես` պատմություն առարկայից քննություն հանձնող  մեծաթիվ  դիմորդները,   հիմնականում ընտրել էին  այնպիսի մասնագիտություններ,  ինչպիսիք են՝ իրավագիտությունը, քաղաքագիտությունը,  միջազգային հարաբերությունները և այլն:  Մեզ հետ զրույցում,  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն անդրադառնալով  միասնական քննությունների արդյունքներին, նշեց, որ ամենաշատ թվով բացասական գնահատականներ գրանցվել են Հայոց պատմություն առարկայից: Քննությանը մասնակցած 140 դիմորդից,  ըստ թեստային առաջադրանքներից հավաքած միավորների՝  դրական շեմը չեն հաղթահարել  82-ը  կամ 59 տոկոսը /անբավարար է  համարվում 0-ից մինչև 7.25 միավորը/:

Փոխարենը, ինչպես և նախորդ տարի, գոհացուցիչ  արդյունքներ են գրանցել անգլերենից միասնական քննություն հանձնողները: Բացի այդ,  ԳԹԿ տնօրենն աննախադեպ է համարում քիմիայից արձանագրված դրական  ցուցանիշները: Քննությանը մասնակցած 19 դիմորդներից  5-ը ստացել են առավելագույն՝  20 միավոր, իսկ  14–ը  18-ից մինչև 20 միավոր:  Ըստ Յու. Քարամյանի՝  մյուս առարկաներից քննական արդյունքը, նախորդ տարվա համեմատ, գրեթե նույնն է:

ԳԹԿ տնօրենի հաղորդմամբ,  այս ընթացքում  4 դիմում-բողոք  են ստացել, որոնք վերաբերում են   անգլերենի,  քիմիայի և աշխարհագրության միասնական քննությունների  արդյունքներին ու թեստային առաջադրանքներին:   

Ըստ հաստատված ժամանակացույցի,  միասնական քննությունների վերջնարդյունքը հայտնի կլինի հուլիսի 11-ին՝ բողոքարկման հանձնաժողովի նիստից հետո:

1