Մեր պահանջն է, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված սահմանները պահպանվեն
Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իրենց ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում այժմ տեղի ունեցողը: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ պատմելով ՀՀ արտգործնախարարի հետ իրենց հանդիպման մանրամասներից:
«Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում որևէ գործնական գործընթաց չկա, բանակցություններ չեն ընթանում: Ավելի շատ խոսել ենք մեր ընդհանուր մոտեցումների, մեր շահերը պաշտպանելու մասին: Խոսել ենք այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունն իրականացնել, նաև խոսել ենք որոշ հարցերի շուրջ, որոնք մամուլում չեն ներկայացվում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե բանակցությունների մասին հայտարարություններն իրարամերժ են, ՀՀ իշխանությունները նախ ասում էին՝ չեն բանակցում, սակայն հետո հայտարարում էին, թե «ինչի շուրջ ուզում, բանակցում են», ասում էին` բանակցային սեղանին առաջարկ չկա, բայց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսում էր կողմերին առաջարկված փուլային տարբերակի մասին, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց իրենց՝ բանակցություններ չկան:
«Երկու հայկական հանրապետությունների իշխանությունները պետք է փոխհամագործակցաբար աշխատեն հարցի շուրջ: Այդ տեսանկյունից, ցանկալի կլինի, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, և մենք էլ տեղեկացված լինենք բանակցային գործընթացից: Մենք շատ սահմանափակված ենք, չենք ունենում հանդիպումներ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ շահագրգիռ այլ կողմերի հետ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի ինքն այն մտահոգությունների վերաբերյալ, որ Արցախի նորընտիր իշխանությունները սինքրոն են ՀՀ իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում չեն հակադարձի բանակցություններին մասնակից ՀՀ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.
«Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը չեն իշխանություն: Մեզ էլ ժողովուրդը իր քվեն է տվել, հետևաբար ես չեմ կարծում, որ այն ուժերը, որ կան Ազգային ժողովում, մասնավորապես, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», հանգիստ կնայեն, թե ինչ է կատարվում: Մենք մշտապես կպաշտպանենք մեր ժողովրդի և պետականության շահը: Միանշանակ է, որ մենք մեր ձայնը կհնչեցնենք բոլոր դեպքերում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե իրենք, որպես Արցախի ընդդիմություն, ինչ են պահանջում բանակցային կողմ Հայաստանի իշխանություններից, ապա ըստ Վահրամ Բալայանի, իրենք ցանկանում են, որ Արցախի շահը միշտ բարձրաձայնվի, որ Արցախի Սահմանադրությամբ նախանշված սահմանները պահպանվեն և նաև Ադրբեջանի կողից բռնագրավված հայկական տարածքների մասին անպայմանորեն հիշատակվի:
«Դա է մեր հիմնական պահանջը: Դա էլ ենք մենք ներկայացրել Զոհրաբ Մնացականյանին: Մեր հայրենիքի մի մասը ազատագրված է, և մենք պետք է պահենք, պահպանենք այն»,- ասաց նա:
Ադրբեջանում խոսում են պատերազմի հնարավոր վերսկսման վտանգի մասին, և սահմաններում նկատվում են որոշակի տեղաշարժեր՝ պայմանավորված վարժանքներով: Հարցին` արդյոք Արցախում չկա՞ մտավախություն` պատերազմի վերսկսման վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց.
«Արցախի ժողովուրդը հասկանում է, որ ինքը պատերազմի մեջ է: Այսօր ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակն է, և մեզ համար հասկանալի է, որ ամեն պահի կարող է կրակը բորբոքվել: Այդ իրավիճակում պետք է համարժեք հակակշռող ուժ ձևավորենք, որպեսզի կարողանանք դիմակայել, պահպանենք մեր պետականությունը: Այդ հարցը հնարավոր է լուծել, եթե երկու հայկական պետությունները միասին աշխատեն, միասին գործեն: Դա նշանակում է, որ անկախ ամեն ինչից, ընդդիմություն, թե իշխանություն, այս հարցում պետք է միակամ լինեն»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
arfd.am