Բերքահավաքի նախնական ցուցանիշները շարունակում են համեմատաբար ցածր մնալ
Հանրապետությունում շարունակվում է աշնանացան հացահատիկայինների բերքահավաքը: Հողօգտագործողները գոհացուցիչ չեն համարում բերքատվության այս տարվա ցուցանիշները:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Կարեն Միրզոյանի հաղորդմամբ` հուլիսի 1-ի տվյալներով, հասկավոր հացահատիկային մշակաբույսերի այս տարվա բերքի տակ կատարված ցանքսից` բերքահավաքի աշխատանքներ են իրականացվել 45 հազար 686.7 հեկտարի վրա, որից ցորեն՝ 11 հազար 482.2 հա, գարի՝ 34 հազ. 204.5 հա: Ընդհանուր համախառն բերքը կազմել է 58 հազ. 521.2 տոննա: Ընդ որում` ցորեն` 16 հազ. 681.6 տոննա, գարի՝ 41 հազ. 839.6 տոննա: Միջին բերքատվությունը կազմում է ցորեն՝ 14.5 ցենտներ հեկտարից, գարի՝ 12.2 ց/հա:
Նշենք, որ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքեջի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աշնանացան հացահատիկայինների միջին բերքատվությունը կազմել էր 17.2 ց/հա: /Ի դեպ, 2018-ի նույն ժամանակահատվածում միջին բերքատվությունը հեկտարից 19.2 ցենտներ է կազմել/: Գյուղնախարարության մեր զրուցակցի խոսքով, այս տարվա համախառն բերքի և միջին բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները, հիմնականում պայմանավորված են տեղումների սակավությամբ:
«Հասկավոր հացահատիկային մշակաբույսերի վեգետացիայի կարևոր ժամանակահատվածում տեղումները խիստ սակավ էին, ինչի հետևանքով բույսերի կենսաբանական փուլերի հերթականությունը և ժամկետները խախտվել են: Արդյունքում ունեցել ենք նվազ թփակալված բույսեր, ոչ լիարժեք հասունացած հատիկներ և որպես հետևանք՝ ցածր բերքատվություն և որակապես ցածր (ֆուրաժային) հացահատիկ»,-մանրամասնել է Կ. Միրզոյանը` հավելելով, որ բացի այդ բերքատվության ցուցանիշների վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև մշակության ագրոկանոնների խախտումները: Մինչդեռ, կան նաև հողօգտագործողներ, ովքեր պահպանելով մշակության անհրաժեշտ պահանջները, որակյալ բերք են ապահովել: