Համավարակով պայմանավորված փոփոխություններ՝ ընդունելության քննությունների ընթացակարգում
Գլխավոր » Երիտասարդական » Համավարակով պայմանավորված փոփոխություններ՝ ընդունելության քննությունների ընթացակարգում

Համավարակով պայմանավորված փոփոխություններ՝ ընդունելության քննությունների ընթացակարգում

2019-2020թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը, մեղմ ասած, անսովոր էր: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված փոփոխություններ են կատարվել ինչպես դասավանդման մեթոդների, միջոցների, այնպես էլ  ընդունելության քննությունների կարգում:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի դիմորդները հայտերը էլեկտրոնային եղանակով են լրացրել:

«Այս փորձն Արցախում առաջին անգամ է կիրառվում: Իհարկե, բացթողումներ կային, բայց ակնառու ձախողված փաստ չկա: Համավարակով պայմանավորված այս քայլը արդյունավետ տարբերակ է, քանի որ տնտեսում է և մարդկային ռեսուրսները, և ժամանակը: Նախկինում ընդունելության քննությունների հետ կապված փաստաթղթերը ձևավորելու համար հատուկ հանձնաժողով է աշխատել: Հետայսու էլ, զարգացող աշխարհին համաքայլ, հնարավոր է էլեկտրոնային դարձնենք դիմում-հայտերի լրացումը»,- նշել է Լուսինե Ղարախանյանը:

Արցախի բուհեր ընդունվելու համար այս տարի հայտագրվել է 740 դիմորդ: Նախորդ տարվա հետ համեմատած՝ նկատվում է դիմորդների թվի աճ:

ԱրՊՀ ընդունելու համար անցած տարի 578 դիմորդ է հայտագրվել, իսկ այս տարի 23 մասնագիտություններով ուսում ստանալու համար 604 դիմորդ է դիմել: Շուշիի տեխնոլոգիական համալսարան անցյալ տարի 63 դիմորդ է դիմել, այս տարի՝ 52:

«Մեսրոպ Մաշտոց» և «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում ուսանելու համար դիմել են 35-ական դիմորդներ՝ նախորդ տարվա 27-ականի դիմաց:

Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների համար 14 դիմորդ է դիմել. նախորդ տարվա դիմորդների թիվը 18 էր:

ՀՀ պետական բուհերի նպատակային տեղերի համար 2019թ. դիմել էր 163, այս տարի՝ 162 դիմորդ, 37 դիմորդ էլ հայտագրվել է ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգի համար:

ԱՀ ԿԳՄ նախարարը արմատական փոփոխություն է համարում այն հանգամանքը, որ դիմորդները մեկ մրցութային քննություն են հանձնելու, միայն մի քանի մասնագիտությունների դեպքում դիմորդը կարող է ընտրություն կատարել. «Մեկ ընդունելության քննություններով հնարավորություն ենք տալիս, որպեսզի դիմորդն ընդգրկվի ուսումնական հաստատության իր ցանկացած բաժինը: Սա աշակերտամետ կամ դիմորդամետ մոտեցում է: Մեղմ վերաբերմունքը պայմանավորված է համավարակով, որը դիմորդին հնարավորություն չի տվել ստանալ կենդանի դասի ազդեցությունը»:

Արդեն հայտնի են միասնական քննության օրերը.

հուլիսի 2՝  «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու),

հուլիսի 4՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,

հուլիսի 6՝ «Մաթեմատիկա»,

հուլիսի 8՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:

Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ քննական կենտրոնները կահավորվել են պարետատան պահանջներին համապատասխան: Քննություններն անց են կացվելու Ստեփանակերտի համար 1, 2, 5, 6, 7, 8 դպրոցներում, յուրաքանչյուրում՝ 40-60 դիմորդի ընդգրկմամբ: Հայտ ներկայացրած դիմորդների քննական կենտրոնը որոշվելու է վիճակահանությամբ: Յուրաքանչյուր դիմորդ ունենալու է անհատական գրիչ, ձեռնոցներ և դիմակ, դահլիճում պահվելու է սոցիալական հեռավորությունը: Ամենայն հավանակությամբ՝ դիմորդները մինչև դահլիճ մտնելը նաև ջերմաչափվելու են:

Ինչ վերաբերում է ընթացիկ ուսումնական տարում կատարված փոփոխությունները հետագայում պահպանելու հարցին, ապա ԱՀ ԿԳՄ նախարարը գտնում է, որ դրանք իրավիճակով պայմանավորված քայլեր էին և, եթե կորոնավիրուսի այսպիսի  վտանգ չլինի, դրանք հաջորդ տարիներին չեն գործի:

Տաթեւիկ Աղաջանյան

1