Օրենքի փոփոխություն. քաղաքական պատասխանատվությո՞ւն, նպատակահարմարությո՞ւն, թե՞ պահանջ
Գլխավոր » Լրահոս » Օրենքի փոփոխություն. քաղաքական պատասխանատվությո՞ւն, նպատակահարմարությո՞ւն, թե՞ պահանջ

Օրենքի փոփոխություն. քաղաքական պատասխանատվությո՞ւն, նպատակահարմարությո՞ւն, թե՞ պահանջ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ  նստաշրջանում  քննարկման է ներկայացվել  պատգամավորներ՝ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի նախաձեռնած օրենքի նախագիծը՝   «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Հիմնական զեկուցող,  պատգամավոր Արամ Գրիգորյանի խոսքով, օրինագծով  առաջարկվում  է փոփոխություն կատարել  16-րդ հոդվածում, որով  սահմանվում  են  Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու պահանջները:  

Ըստ մինչ այժմ գործող օրենքի՝   Հաշվեքննիչ պալատի անդամ  կարող է ընտրվել  Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներրին համապատասխանող,  բարձրագույն կրթությամբ այն քաղաքացին,  ով ունի աուդիտորի՝   նվազագույնը 5 տարվա  աշխատանքային փորձ,

 —  կամ   Հաշվեքննիչ պալատի անդամի՝  նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,  

  —  կամ   Հաշվեքննիչ  պալատի   աշխատակազմում բարձրագույն պաշտոնների  կամ գլխավոր պաշտոնների  առաջին խմբի   նվազագույնը   4 տարվա աշխատանքային փորձ,

  —  կամ հանրային ֆինանսերի կառավարման  ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ,  որից առնվազն 5 տարին՝  ղեկավարի պաշտոնում:

Նախագծով առաջարկվում  է   գործող օրենքից   հանել  վերջին ՝   «որից առնվազն 5 տարին ղեկավարի պաշտոնում»,  բառակապակցությունը :

«Օրենքի այս  նախագծի՝   մեր  նախաձեռնությունը,      հիմնականում  պայմանավորված է  նրանով,  որ գործող   օրենքի   վերոնշյալ  պահանջները,  չեն համապատասխանում  վերջին պահանջին:   Առաջարկվող փոփոխությամբ՝   ցանկանում  ենք  ապահովել    Հաշվեքննիչ պալատի  անդամի նկատմամբ  ներկայացված պահանջների համաչափությունը,  ինչպես նաև,    ընդլայնել   թեկնածուների շրջանակը»,- մանրամասնել  է  Ա. Գրիգորյանը:

Օրինագծի քննարկման ժամանակ,   «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության   ղեկավար  Արթուր Մոսիյանի հարցադրումը    հիմնական զեկուցողին  վերաբերում էր  պետական վերահսկողություն  իրականացնող  միակ  անկախ կառույցի՝    Հաշվեքննիչ պալատի   սահմանված  հիմնակառուցվածքի    խախտմանը:

«Օրինագծի ընդունումը կնշանակի, որ    հանրային ֆինանսների կառավարման ոլորտի առաջին կարգի մասնագետը՝  10 տարվա աշխատանքային  փորձով,    կարող է ընտրվել   Հաշվեքննիչ պալատի անդամ  կամ  նախագահ», նշել է Ա. Մոսիյանը՝  հավելելով, որ   հաշվեքննիչ պալատը պետական վերահսկողություն իրակակնացնող միակ անկախ կառույցն  է, որի  անդամի  կամ ղեկավարի  համար օրենքով  սահմանված   են  հստակ պահանջներ:   Արդյոք, գործող  օրենքով   ներկայացվող  պահանջները հանելու դեպքում չի խախտվում պետական վերահսկողական  կոնյուկտուրան»,-հարցրել է Ա. Մոսիյանը:

Ըստ Ա. Գրիգորյանի՝     ներկայումս   այդ պահանջներին  համապատասխանում  են  Արցախի Հանրապետության    միայն  30 քաղաքացի , ովքեր   իրենց գիտելիքներին համապատասխան պաշտոններ են զբաղեցնում պետական և մասնավոր հատվածներում:   

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա  հոկտեմբերին   Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն է լինելու,  ըստ  մեր ուսումնասիրության արդյունքի առաջարկել ենք  հանել այդ պահանջը, որպեսզի կարողանանք առավել  լիարժեք  թեկնածու առաջադրել»,-պարզաբանել է հիմնական զեկուցողը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը  հակադարձել է, որ  նախ՝ մինչ այժմ գործող օրենքի պահանջներին համապատասխանող անձինք ԱՀ-ում  ավելին են   30-ից, ապա՝ օրենքն ընդունվել է  այն տրամաբանությամբ, ըստ որի՝  որպես անկախ  վերահսկողական մարմին, Հաշվեքննիչ պալատն  անկախ լինի քաղաքական համակարգից:

ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը  օրինագծի համահեղինակներից   հետաքրքրվել  է,  թե ինչ  սկզբունքերով են առաջնորդվել ՝    քաղաքական պատասխանատվությա՞ն, նպատակահարմարությա՞ն,   թե՞ պահանջ:  

Ըստ Ա. Գրիգորյանի՝  օրինագիծն առաջարկվել է   քաղաքական  պահանջով և   համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա:

«Ես հասկացա, որ դուք ունեք քաղաքական պատասխանատվություն»,- ասել է Դ. Իշխանյանը:

Նշենք, որ բացի հարցադրումները,   Ա. Մոսիյանն իր   եզրափակիչ խոսքում ներկայացրել է  ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը՝  «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ :

Քննարկումներին հաջորդած  քվեարկության արդյունքում՝  ԱԺ-ն օրինագիծն ընդունել է  24 կողմ,  8 դեմ  ձայների հարաբերակցությամբ:

Վան Նովիկով

1