Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել
Արցախի Հանրապետության խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:
Բալայանը Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին:
«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սև բծեր հայտնաբերել մեր անցած ուղու վրա: Իրականում, իհարկե, նրա ասածները հերյուրանք են: Անկախ ամեն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերություններից, մենք նաև ունեցել ենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրվել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ տարածքով: Սա ակնհայտ փաստ է, և պետք է ընդունել»,- ասաց նա:
Վահրամ Բալայանի խոսքով՝ իհարկե, բանակաշինության ոլորտում էլ, անկախ նրանից, թե ինչ վիճակ է եղել, նույնպես ունեցել ենք հաջողություններ, այնպես որ, Ալիևի հայտարարությունները իրականության հետ կապ չունեն:
«Դա նաև փորձ է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձևով խախտել»,- ասաց նա:
Հարցին, թե երբ ձերբակալվում են արցախյան պատերազմի հերոսները, գեներալները, արդյոք կանխատեսելի չէր, որ Ադրբեջանը դա որպես հաղթաթուղթ կօգտագործեր, Վահրամ Բալայանը պատասխանեց.
«Իհարկե, այն մոտեցումները, որոնք դրսևորվում էին մեր բանակի հրամկազմի և ընդհանրապես արցախյան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ, անընդունելի էին: Նորից եմ կրկնում՝ սխալները, որոնք կան, հասկանալի են, բայց մյուս կողմից էլ՝ մենք չենք կարող անընդհատ հետ նայել և խնդիրներ գտնել և նորից փորձել այդ հիմքերի վրա մեր ներսում խնդիրներ առաջացնել, հասարակության տարբեր շերտերի բաժանել,- ասաց նա՝ նկատելով, որ մենք և՛ տարածքով, և՛ թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, և հակասությունները չեն օգնում անգամ նոր իշխանություններին՝ հաջողություններ արձանագրելու գործընթացում,- ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, անցած էջը փակել և փորձել նոր հիմքեր կառուցել՝ ավելի զարգացած երկիր ունենալու տեսլականով»:
Վահրամ Բալայանը նշեց, որ պատմությունն է վկայում, որ դարերի ընթացքում մենք, անընդհատ իրար ոչնչացնելով, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: «Կարծում եմ, որ խոհեմություն կլինի, որ հրաժարվենք այդ ճանապարհից, և փորձ արվի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա միասնական ջանքերով շարունակել մեր երկրի զարգացումը: Չպետք է մոռանանք նաև, որ մենք պատերազմող երկիր ենք, և Աստված մի արասցե, վաղը պատերազմ լինելու պարագայում, խրամատում միմյանց թշնամի չհամարենք»,- ասաց նա:
Վահրամ Բալայանը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի և արտաքին գործերի նախարարության արձագանքները՝ Ալիևի հայտարարություններին՝ համարելով, որ դրանք ՀՀ իշխանությունների մոտեցումներն են, ինքն իրեն իրավունք չի վերապահում դրանց գնահատականներ տալ:
Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նորից անդրադարձել էր նախորդ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.
«Իմ ասածը հենց դրան է վերաբերում, որ ես ցանկանում եմ, որ այդ մեղադրանքները չլինեն: Անընդհատ փորձել փորել, ինչ-որ նոր բաներ գտնել, իրար մեղադրել… դա համենայն դեպս իմ ճանապարհը չէ: Դա անընդունելի է: Կուզեի մեր ներքին խնդիրները լուծելու համար առավել սահուն ճանապարհ գտնեինք: Ես այդ ճանապարհն եմ նախընտրում»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան
arfd.am