Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են
Գլխավոր » Լրահոս » Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են

Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են

Արցախյան շուկայում  անցած  շաբաթվանից  թանկացել  են  բենզինն ու դիզվառելիքը:  Մշտադիտարկման արդյունքում,  ԱՀ ՀԾՏՄ  կարգավորող  հանձնաժողովի   տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը,    բենզինի և դիզվառելիքի  20 դրամով  գնաճն արձանագրել է  ընթացիկ տարվա   հունիսի 18-ին:   Մասնավորապես  գերիշխող դիրք զբաղեցնող՝ «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ  լցակայաններում, այսօրվա դրությամբ   ռեգուլյար տեսակի  բենզինի   1 լիտրի արժեքը  կազմում է  310 դրամ, իսկ  դիզվառելիքինը ՝  330 դրամ:

«Ապառաժ»-ի հետ զրույցում,   հանձնաժողովի   տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը պարզաբանել է, որ շուկայում   գերիշխող դիրք զբաղեցնող արցախյան տնտեսվարողների մոտ բենզինի և դիզվառելիքի գնաճը  պայմանավորված է   ձեռքբերման գների թանկացմամբ,  որը  նախևառաջ գրանցվել է  Հայաստանի Հանրապետությունում:   Բացի այդ,   գնաճ է նկատվում  նավթամթերքի  համաշխարհային շուկայում: 

Մեր զրուցակցի խոսքով,   նախորդ տարվա համեմատ,    ընթացիկ տարվա  սկզբից  մինչև հունիսի  18-ն ընկած  ժամանակահատվածում,    ռեգուլյար տեսակի  բենզինի 1- լիտրի արժեքը նվազել  էր շուրջ  140 դրամով: Մեր զրուցակցի խոսքով,     ներկայումս     երևանյան և  արցախյան շուկայում  բենզինի ու  դիզվառելիքի  գնային տարբերությունը կազմում է  10 դրամ , մինչդեռ  նախորդ տարիներին ,  արցախյան շուկայում  բենզինն ու դիզվառելիքը համեմատաբար թանկ էին   20 դրամի  չափով :

«Ինչ վերաբերում  է դիզվառելիքին,  ապա     վերլուծություններն ու ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ   գնաճի  վրա,  որոշակիորեն  ազդեցություն է  ունեցել  նաև պահանջարկի աճը, որը  պայմանավորված է  տարվա այս ժամանակահատվածին բնորոշ ՝ գյուղատնտեսական եռուն աշխատանքերով»,- մանրամասնել  է ոլորտի  փորձագետը:  

Ս. Գրիգորյանը նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը իր մշտադիտարկման և վերահսկողական գործառույթների շրջանակում ուշադրության կենտրոնում է պահում նավթամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների փաստաթղթերը՝ կապված գնային քաղաքականության հետ:

1