Ընդդիմադիր ուժերը հուշագիր կստորագրեն

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության քայլերն արագացրել են ներքաղաքական գործընթացները։ Ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում՝ ի դեմս ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների, որոնք առաջիկա օրերին, գուցե՝ վաղը, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Մի քանի օր է՝ տեքստի վրա են աշխատում։
Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարեցին, որ իրենց մոտ կա փոխըմբռնում: Արթուր Ղազինյանը մի փոքր բացեց փակագծերը՝ հայտնելով, որ ներկայացված 5 քաղաքական ուժերը վերջին 6-8 ամիսներին գտնվել են պերմանենտ շփումների մեջ։ Ի՞նչ է ենթադրելու հուշագիրը, ինչպիսի՞ ճանապարհային քարտեզ է մշակվում՝ պայմանավորվել են ժամանակից շուտ չգաղտնազերծել։ Տեքստը գրում են դաշնակցականները՝ որպես ամենափորձառուն քաղաքական տեքստեր գրելու հարցում, ապա կքննարկեն միասին։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ դեռ հայտնի չէ, թե երբ կստորագրեն հուշագիրը։ «Երբ կունենանք ընդհանուր համաձայնություն, այն ժամանակ էլ կստորագրվի։ Մենք շատ ակտիվ շփումների եւ քննարկումների մեջ ենք, ընդհանուր հարցերի վերաբերյալ կա փոխադարձ ըմբռնում, ավելին չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հնարավո՞ր է, որ հուշագիր ստորագրվի ոչ թե 5, այլ 4 կամ 6 ուժերի միջեւ։ Սաղաթելյանն ասաց՝ ամեն ինչ հնարավոր է․ քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, հստակ ոչինչ ասել չի կարող։
Ի դեպ, ՀՅԴ գրասենյակում հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանի կուսակցությունն առանձին հայտարարություն տարածեց ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ դատապարտեց «քաղաքական հետապնդումները», իսկ ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան» կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին։ Թե ինչն էր պատճառը, կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում։ Մի վարկածով, եռյակի հայտարարությունն ավելի կոշտ էր ու հասցեական, տեքստում կար Նիկոլ Փաշինյանի անունը, մինչդեռ «Ազգային օրակարգ»-ում հակված են եղել ոչ թե անձնավորել, այլ իշխանություններին ուղղված ընդհանրական հայտարարություն տարածել։ Իսկ կուսակցությունից ասում են, որ հայտարարությանը չմիանալու միակ պատճառը եղել է փոխպայմանավորվածությունների խախտումը, մասնավորապես՝ սկզբում որոշել են, որ հինգով պետք է հայտարարություն տարածեն՝ ԲՀԿ-ն ներառյալ, սակայն վերջին պահին եկել են եզրահանգման, որ ճիշտ չի լինի հայտարարությանը ԲՀԿ-ի միանալը, կստացվի, որ ԲՀԿ-ն ի աջակցություն իրեն հայտարարություն է տարածում։ Եվ այս հանգամանքը «չմիացողների» մոտ կասկածների տեղիք է տվել, որ ԲՀԿ-ն հերթական անգամ հետ է քաշվել, միգուցե Ծառուկյանը նորից լեզու է գտել իշխանությունների հետ։
Բացի այդ, առարկություններ են ունեցել հայտարարության որոշ «լիրիկական զեղումների» մասով։ Կան նաեւ տեղեկություններ, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունում ինչ-որ ներքին տարաձայնություններ կան։ Բանն այն է, որ այս կուսակցությունն ունի 6 համահիմնադիր, սակայն այն հայտնի է որպես Ավետիք Չալաբյանի կուսակցություն, մինչդեռ Չալաբյանը տեւական ժամանակ է՝ Ռուսաստանում է, եւ կուսակցական հարցերով զբաղվում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, եւ նա էլ մասնակցում է ընդդիմադիր գործընկերների հետ հավաքներին, ինֆորմացիան նրա միջոցով փոխանցվում է Չալաբյանին, որից հետո որոշում են կայացնում։ Այս առումով, հայտնի չէ, թե ով է կուսակցության լիդերը, իսկ կոլեկտիվ կառավարումը, գիտեք, հայերի դեպքում բարդ բան է։ Ինչեւէ, «Ազգային օրակարգ» կուսակցությունից մեզ ասացին, որ ակտիվ մասնակցում են գործընթացներին, եթե ամեն բան ընթանա նախնական փոխպայմանավորվածությամբ, ապա կուսակցությունը ոչ մի պատճառ չունի հուշագրին չմիանալու։
hraparak.am