Դաշնակները ծախեցի՞ն, չծախեցին… այլ՝ դու՛ ծախվեցիր բոլշեւիկին, իսկ հետո վաճառելով ձայնդ՝ մի՛շտ պահանջեցիր ՀՅԴ-ից. Ա. Նախշքարյան
Գլխավոր » Լրահոս » Դաշնակները ծախեցի՞ն, չծախեցին… այլ՝ դու՛ ծախվեցիր բոլշեւիկին, իսկ հետո վաճառելով ձայնդ՝ մի՛շտ պահանջեցիր ՀՅԴ-ից. Ա. Նախշքարյան

Դաշնակները ծախեցի՞ն, չծախեցին… այլ՝ դու՛ ծախվեցիր բոլշեւիկին, իսկ հետո վաճառելով ձայնդ՝ մի՛շտ պահանջեցիր ՀՅԴ-ից. Ա. Նախշքարյան

Գրող, լրագրող և նկարիչ Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«ՄԻ ԿՏՈՐ՝ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ…

ՄԻ ՔԻՉ՝ ԶԱՅՐՈՒՅԹ…
ՄԻ ԱՄԲՈՂՋ՝ ՆԵՐՈՒՄ…

Կոմունիստական բարբաջանքն ասում է. դաշնակները (նկատի ունի դաշնակցականներին) ծախեցին Հայաստանն ու փողերն առնելով փախան՝ հայդա Փարիզ.

Հարց. մի քիչ հռետորական կարող է հնչել, բայց հարցնեմ. -Ու՞մ ծախեցին… Որ ամեն պատեհ-անպատեհ առիթն օգտագործելով խոսում ենք այս մասին։ Ու՞մ ծախեցին Հայաստանը, եւ ինչու՞։ Էդ ի՞նչ կար թանկ, այդ օրերին Հայաստանում, որ գին արժեր ու դրա համար է, որ ծախեցին։

Այսինքն նշանակում է, որ 1890-ից սկսած, կռիվ տալով ազատության ու արդարության համար, 1918-ին Հայրենիք կառուցեցին, որ ծախեի՞ն։ Նշանակում է, որ եթե Մեծ Հայաստանը կարողանային ազատագրել ուրեմն ավելի խոշոր հաշի՞վ պիտի գրանցվեր։ Եվ ուրեմն լավ եղավ, որ գոնե փոքր էր, հա՜…
Ուզում եք ասել, առանց կրակոցի Կարսն հանձնեցի՞ն… Մոսկվայում պայմանագիր կնքեցի՞ն, Ալեքպոլի պայմանագրով Հայաստանն հանձնեցի՞ն…
Կուզենայի հարց տալ «դաշնակները ծախեցին, փախան» միտքը անուղղելի սրբությամբ փայփայողին. -դու, հենց դու՛, ի՞նչ որոշում կկայացնեիր այդ օրերին, երբ մենակ կմնայիր աշխարհի հզորներին դեմ-դիմաց։ Այն էլ փոխշահավետ գործարքի մեջ իրար լիզող հզորներին, երբ ամեն ինչի պատրաստ էին, մենակ թե շահը գերակայեր, ամենամեծ պատառն իրանցով անեին։
Հազար փորձ արեցին օրվա իշխաններն ու կառավարողները։ Ում ասես չհավատացին, ում հետ ասես «գրոհի» չգնացին հանուն Հայրենիքի ու հայրենի Ժողովրդի բարօրության… Ընկան ու բարձրացան, զարկվան ու զարկեցին, որ այսօր մեծաբերանները իրենց էմոցիաներին չսանձելով՝ վայրահաչեն։
Ծախեցի՞ն, ու՞մ ծախեցին… ռուսներին։ Բայց, երբ քո ռուսական տիրապետության տակ եղած տարիներին ես հետհիշում, կարոտով ես լցվում։ Նշանակում է՝ օրհնվի՛ այն օրը, երբ դաշնակցականները երկիրը ծախեցին ռուսներին։ Բայց այստեղ չմոռանանք, որ հենց այդ նույն ռուսական քաղաքականության արդյունքում էր, որ Արցախն ու Նախիջեւանը հանձնեցին Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին, Մեծ Հայքի ողջ տարածքը՝ Թուրքիային (մասնավորապես՝ Կարս, Արդահան, Կարին, Վան…)։ Եվ դու, լավ էիր ապրում «խորհրդայինների» օրոք ու ոչ մի բողոք չունեիր կարծես թե։
Քեզ վատ զգացի՞ր, երբ ծախեցին։ Չէիր ուզու՞մ, որ ծախեին։ Եթե չէիր ուզում, ապա ինչու՞ չկանգնեցիր նրա կողքին, երբ մենակ էր։
Ծախեցի՞ն, չծախեցին… այլ՝ դու՛ ծախվեցիր բոլշեւիկին։ Դա բոլշեւիկների քարոզն էր, վերջնականապես հայ հասարակության աչքից հանելու համար, հենց իր ծնած կազմակերպությանն ու նրա փառավոր գործիչներին։ Սա բոլշեւիկյան հերթական մանիպուլյատիվ գործողությունն էր։ Բնական էր, ոչ ոք չէր կարող տանել այն դառը, ճշմարտացի իրականությունը, որ հասարակ ժողովուրդը իր սերն ու համակրանքն ուներ դեպի իր մարտիկը։ Էլ ու՞ր մնաց թե հանդուրժեին նրանց ներկայությունը։ Եվ Նախանձը տեղիք տվեց նյարդերին։ Առաջին իսկ պատահած դաշնակցականը գնդակահարվում էր տեղում, պատերի տակ, փողոցում, տանը, բանտում, երբ բացահայտվում էր նրա ով լինելը։ Ո՞վ էր դավաճանը, իմ պա՞պը, որ դաշնակցական էր, ու Արաբոյի, Չաուշի, Մախլուտոյի, Դրոյի, Նժդեհի, Արամի հետ կռվելով, վտանգելով իր կյանքը, մոխիրներից Հայրենիք կերտեց, թե՞ քո պապը, որ սեփական մորթին շնագայլերի ճանկերից փրկելու համար, ծախեց իր հայրենակցին, ով տարիներ շարունակ իր ու իր երեխայի ազատության եւ իրավունքների համար կռիվ էր տվել Կարմիր Սուլթանից մինչեւ՝ Քեմալ ու Լենին եւ, ապա՝ Ստալին։ Աքսորվում էր Սիբիր, եւ եթե բախտի բերումով ողջ կմնար, ամենաքիչը՝ վտարում էին Հայաստանից, այլեւս Հայրենիք չվերադառնալու պայմանով, եթե մեռնել չէ՛ր ուզում։
Ամեն հնար կիրառեցին, որ ՀՅԴ ոչ մի գործչի նկար տանդ պատին չփակցրեցիր, հիշողությանդ ալբոմներից հեռացրեցիր, որ հանկարծ լուրը չհասնի բոլշեւիկ վարիչների ականջին։ Իսկ այդ օրերին, Հայրենիք կերտողներին կացնահարում էին բանտերում… Եվ դու՛՝ լուռ էիր…
Լռում էիր, որ այսօր մեղադրես։

Ատելությունդ ամրապնդելու համար, մեղադրական պատմություններով գրքեր պատվիրեցին ու ֆիլմեր նկարահանեցին, արգելեցին որեւէ մեկի շուրթերից լսել , ազգային-հեղափոխական երգերը։ Բայց ծուռ նստի եւ դուզն ասա. որեւէ քաղաքական կամ հասարակական կազմակերպություն գիտե՞ս, որի անցյալի ու գործիչների մասին այսքան շատ երգեր գրվեին ու երգվեին։

Ծախեցի՞ն, ու՞մ ծախեցին… Դավաճանեցի՞ն՝ ու՞մ… ե՞րբ… որտե՞ղ… Բանկ Օտոմանու՞մ, Գում-Գափուի հրապարակու՞մ, Խանասորու՞մ, Կարինու՞մ, Սասունու՞մ, Մուշու՞մ, Վանու՞մ, Կարսու՞մ, Սարդարապատու՞մ, Ինը դար պետություն կորցնելուց հետո Հայրենիք պարգեւելու գործու՞մ, գուցե Սյունիքու՞մ դավաճանեցին, որ չթողեցին բոլշեւիկներին, իրենց տեր զգալու այդ հողակտորի վրա ու անարգել բաժան-բաժան ու մեջ-մեջ անելու։ Լիզբոնու՞մ դավաճանեցին, հա՞, թե՞ Բուրգասում… գուցե Արցախն ազատագրելու պահի՞ն կաշիներն ազատելու համար լքեցին ու փախան երկրից, թե՞ վերադարձան երկիր, որ իրենց եղբայրներին մենակ չթողնեն թշնամու առաջ ու այ հենց դրա համար է, որ դավաճան համարեցիր։ Ամեն անգամ Թեհլիրյան ես գովերգում, ասում ես ժողովրդական վրիժառու է, բայց ամաչում ես ասել, որ դաշնակցական է, եւ առաջին հերթին, կատարել է կուսակցական հանձնարարություն։ Եվ այդ պատճառով է, որ «Գինի լից» երգը երգելուց, «դաշնակցություն ժողով արեց» տողը փոփոխում ես, ըստ քո ունկին հաճելի ճաշակի։ Օտար երկրների կողմից Հայոց Ցեղասպանությունն ընդունվող ու դատապարտող օրենքների ու բանաձեւերի մե՞ջ դավաճանեցին՝ ՀԱՅ ԴԱՏԻ անխոնջ աշխատանքներու՞մ թերացան, թե՞ մտածում ես, որ օրինակի համար վերցնենք Վենեսուելայի բանաձեւը, եւ մտածենք, որ նախագահը գիշերը, երազին, Հայոց Սրբազան Նահատակած գանգերն էր տեսել ու խոստացել էր գոնե ինքն իրեն, որ առավոտյան բանաձեւ կընդունի։ Ամեն վայրկյան օգնության փութացող, իր քույր կառույցների՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Պատանեկան ու Երիտասարդական կառույցների կողմից լրջագույն ու սրտացավ աշխատանքներու՞մ թերացան։ Ե՞րբ, որտե՞ղ դավաճանեցին՝ կոալիցիաներու՞մ, երբ կնքում էին համաձայնագրեր, որպեսզի իրենց որոշակի դերակատարումով զսպաշապիկ հանդիսանային իշխող ուժերին։ Սակայն, դու՛, մշտապես եւ հավասարաչափ քննադատեցիր… Դրամական աջակցություն ստացար ու քո սեփական ձայնը ափսոս զգալով տվեցիր քեզ ստրկացնողին, բայց՝ պահանջեցիր ՀՅԴից։ Միշտ, միշտ ծախվեցիր ու որպեսզի մեղքդ մեղմացնես, արդարանում ես մեղադրելով Դաշնակցությանն ու դաշնակցականին։

Ես՝ դաշնակցական եմ, ու որեւէ մեկդ ինձ մեղադրել չեք կարող։ Ես Հայրենիք ծախող չե՛մ, ինչպես էլ եւ իմ նախորդները։ Չե՛ք կարող մեղադրական ներկայացնել նաեւ իմ կազմակերպության դրոշի տակ, երկու ոտքերի վրա ամուր կանգնած, մյուս ընկերներին։ Ինչքան էլ մեղադրեք, միեւնույնն է, երբ հարկը լինի, քո կարիքի պահին, էլի այդ նույն «դավաճաններն» ու «ծախվածներն» են կանգնած։ Ես կուզեի, ես շատ կուզեի, որ բոլոր մեղադրողներդ ինձ նման դավաճան ու ծախվածներ լինեիք։ Ի՜նչ Հայրենիք կունենայիք, բայց։ Ու գիտե՞ք ինչու, որովհետեւ այդ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ կարդում ու լսում է միայն հայերենը, հայկյանը։ Մինչ դեռ, դու Փոքրիկ իշխանից ու Թքած ունենալու նուրբ արվեստից այն կողմ չանցար։ Նողկալի են բոլոր այն ճանաչվածներիդ ու երեւելիներիդ հարցազրույցները, երբ ազգայինը թողած, մեջբերումներ եք անում՝ Շեքսպիրից ու Էկզյուպերիից։ Չարենց, Սեւակ, Շիրազ ծնած ազգ ես, բայց պարսկաարաբաթուրքական վայրահաչոցների տակ ես պար բռնում։ Սա է՞ քո հայրենասիրությունը։ Անկախության վերահաստատումից հետո բազմաթիվ ծրագրեր իրականացվեց ՀՅԴ կողմից, հիվանդանոցներից մինչեւ բնակարաններ… Երբեւէ անգամ այդ մասին չբարձրաձայնվեց, որովհետեւ գովազդվելու կարիքը չկար։ Արվում է Հայաստանի ու հայության համար։ Յուրաքանչյուր դաշնակցականի համար Հայրենասիրությունը զուտ գաղափարախոսություն չէ, այլ՝ ապրելակերպ։

Ժամանակին, մեկ դրոշի տակ համախմբվելու, դաշնակցության կոչերին չանսացիր, որ այսօր ծախված ու դավաճան անվանես։

Քո՛, նախ քո մասին խորհիր, թե արդյոք արժանի՞ ես այդ կազմակերպությանն առնել «պոզերիդ»։ Դաշնակցությունը քո նահատակների թափորն է, որ մշտապես գնում է պայքարի ելած ժողովրդիդ առաջից։
Իսկ դու՛, դու մինչեւ վերջ հավատարիմ մնացիր բոլշեւիկյան մեղադրական հանդիսացող նախանձախնդրության, ամեն անգամ հիշելով «սովորածդ», կրկնում ես անսարք պատիֆոնին ամրացված ձայնասկավառակի վրա թրթռացող, ջարդած ասեղի նման։

Հ․Գ․
Բոլոր ժամանակների կառավարողների հետ համեմատելով, երբ փոխվում էին, հաջորդելով մեկը՝ մյուսին, դաշնակցական կառավարողներն ու հատկապես երկրի գրեագույն վարիչը՝ վարչապետ Վրացյանը, Հայաստանից հեռանալու օրը, իր հետ ոչ թե Ազգային դրամատան փողերը, այլ՝ ՀՅԴ կանոնագիր-ծրագիրն ու Հանրապետության խորհրդանիշ հանդիսացող՝ Եռագույնը վերցրեց, որ մի քիչ մեղմեր կարոտը՝ Հայրենիքի հանդեպ եւ մի բուռ հող, այդ Հայրենիքի Սրբազան գետնին կացնահարված ընկերների արյան հիշողությունը, մշտապես թարմ պահելու համար։ Իսկ դու, անսալով իրական դավաճանների ձայնին, սեփական կարծիք չունենալով հանդերձ, կրկնում ես, անթույլատրելին իրականացնելու համար մեջտեղից հեռացնելու ջանքերի, անօրինականություններին դեմ կանգնող ու խանգարող ՀՅԴ-ին, որի համար՝ ԴԵՊԻ ԷՐԳԻՐԸ մշտապես եղել է հետեւողականորեն առաջնային սկզբունք…»։

yerkir.am

1