Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը
Գլխավոր » Լրահոս » Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը

Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը

Նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման և երկրում պարենային անվտանգության հնարավոր բարձր մակարդակի ապահովման նպատակներից ելնելով` ԱՀ կառավարության N249-Ն առ 09.04.20 որոշմամբ փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի << ԱՀ բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> N350-Ն որոշման մեջ, որի համաձայն ընդլայնվել են ներքոնշյալ աջակցության միջոցառումների շրջանակները, նախատեսվել են աջակցության այլ ձևեր.

    Առաջին միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետությունում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը,
2) օժանդակության ձևը՝ անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում ջեռուցվող ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին 1 հեկտարի հաշվարկով 4 000 000 ՀՀ դրամ (նախկինում` 2 000 000 ՀՀ դրամ ), չջեռուցվող ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին՝ 1 հեկտարի համար 2 000 000 ՀՀ դրամ (նախկինում` չկար),
3) հիմնական պայմանները՝ ջերմոցի տեսակը՝ բանջարանոցային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիայով կահավորված և ջեռուցվող կամ չջեռուցվող լուսաթափանց ծածկոցով կառույց, մեկ ջերմոցի մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր (նախկինում` 135 քառակուսի մետր)։
Հայտը ներկայացվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ջերմոցային տնտեսությունների մասով համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող ջերմոցային տնտեսությունների մասով վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (N 1 ձև)

   Երկրորդ միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետությունում բանջարեղեն (պոմիդոր, պղպեղ, բադրիջան, սոխ, սխտոր, վարունգ, կաղամբ, գազար, բազուկ), կարտոֆիլ, լոբի մշակող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը,
2) օժանդակության ձևը՝ անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում բանջարեղենի (նախկինում` 200 000 ՀՀ դրամ), կարտոֆիլի (նախկինում` 150 000 ՀՀ դրամ), լոբու (նախկինում` չկար) մշակության համար 1 հեկտարի հաշվարկով 300 000 ՀՀ դրամ,
3) հիմնական պայմանները՝ մեկ հողակտորի մակերեսը ոչ պակաս, քան 0,5 հեկտար
Հայտը ներկայացվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի մասով համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի մասով վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (N 1 ձև)

    Երրորդ միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետության բոլոր շրջանների բարձրադիր (ծովի մակերևույթից 500 մետր (նախկինում` 900 մետր) և ավելի բարձր) գոտիներում այգեգործությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը,
2) օժանդակության ձևը՝ տնկման սխեմաների համաձայն համապատասխան քանակությամբ անհատույց խնձորենու, տանձենու, արևելյան խուրմայի, կեռասենու, սև սալորենու, սերկևիլենու, տխլենու, զկեռենու, ընկուզենու և հոնենու տնկիների տրամադրում,
3) հիմնական պայմաններ՝ այգու մակերեսը նվազագույնը 0,5 հեկտար, առավելագույնը 10 հեկտար, հողատարածքը ոռոգման ջրով ապահովված լինելը՝ (բացառությամբ 900 մետր և ավելի բարձր գոտիներում հիմնադրելու դեպքում), համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության տարածքների դեպքում՝ շրջանի վարչակազմի, իսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության տարածքների դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը հողատարածքը տունկին պատրաստ (հերկված, տեղաձևած և փոսերը փորած) լինելու մասին.
Հայտը ներկայացվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի մասով համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի մասով վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (N 1 ձև)

   Չորրորդ միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետությունում ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներով (ոռոգման կաթիլային, ենթահողային, շիթային համակարգեր) բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերեր,
2) օժանդակության ձևը՝ ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության տեսքով տրամադրում (նախկինում` 100 տոկոսի չափով անտոկոս փոխառություն),
3) հիմնական պայմաններ՝ 1-ին տարում 1 հեկտարի հաշվարկով ոռոգման համակարգի արժեքը 1 500 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում անհատույց և անտոկոս փոխառությամբ տրամադրվում է 750 000-ական ՀՀ դրամ, 2-րդ և հաջորդող տարիներին՝ 500 000 ՀՀ դրամ՝ անհատույց միայն կաթոցիկներով ներդրված միջշարային պոլիէթիլենային խողովակների փոխարինման նպատակով․
Հայտը ներկայացվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի մասով համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի մասով վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (N 1 ձև)

   Հինգերորդ միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետությունում ոռոգման կաթիլային համակարգով 0,5 մինչև 1 հա չափով հողատարածքում բազմամյա տնկարկների (այգիներ, անկախ նրանց տարիքից, այդ թվում՝ պտղա-հատապտղային տնկարկների բոլոր տեսակները (ծառեր և թփեր) մշակությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերեր, (նախկինում`1 հա)
2) օժանդակության ձևը՝ ոռոգման կաթիլային համակարգի արժեքի 70 տոկոսի չափով դրամաշնորհի տրամադրում,
3) հիմնական պայմաններ՝ տրամադրվող դրամաշնորհի չափը կազմում առավելագույնը 560 000 ՀՀ դրամ, իսկ համակարգի արժեքի մնացած մասը տրամադրվում է հողօգտագործողների կողմից:
Հայտը ներկայացվում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն          (N 2 ձև) (Աջակցության միջոցառումը նախկինում չկար):

   Վեցերորդ միջոցառում
1) շահառուն՝ Արցախի Հանրապետությունում եգիպտացորենի մշակությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը,
2) օժանդակության ձևը՝ եգիպտացորենի Պիոներ տեսակի (նախկինում չկար) սերմի տրամադրում 1 հեկտարի հաշվարկով 1 ցանքսի միավորը 35 000 ՀՀ դրամով:
3) հիմնական պայմաններ՝ հայտի ներկայացում
Հայտը ներկայացվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի մասով համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի մասով վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (N 1 ձև)

    Յոթերորդ և ութերորդ միջոցառումներ
(ԱՀ կառավարության 2020թ. մայիսի 18-ի N 372-Ա որոշում)
Աջակցության ենթակա ոլորտներ են համարվում գործունեության հետևյալ տեսակները՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
6) ուղևորափոխադրման գործունեություն.
7) մասնավոր մանկապարտեզների և ստեղծագործական ու զարգացման կենտրոնների գործունեություն.
8) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
9) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն:
Աջակցության ենթակա ոլորտներ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև`
1) սննդամթերք,
2) ծխախոտ,
3) դեղորայք,
4) ալկոհոլային խմիչքներ,
5) օճառ, մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցներ,
6) ավտոմեքենաների համար բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ, սեղմված բնական գազ, քսանյութ և պաղեցնող նյութեր,
7) փայտանյութեր,
8) սերմեր, թունաքիմիկատներ և պարարտանյութեր,
9) շինանյութեր և սանտեխնիկական սարքավորանքներ,
10) պահեստամասեր,
11) զենք և զինամթերք:

Յոթերորդ` միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցառում

թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն.
շահառուն՝ 1-ից 25 (ներառյալ) աշխատակից ունեցող տնտեսավարող.
օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով.
հիմնական պայմանները՝
1) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 1-ից մինչև 25 (ներառյալ) վարձու աշխատող.
2) մարտ ամսվա վարձու աշխատողների թիվը և վերջիններիս գծով հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծությունը կազմում է հունվար և փետրվար ամիսների (ըստ ամիսների) աշխատողների թվի և հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծության առնվազն 80 տոկոսը.
3) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են աջակցության ենթակա ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող տնտեսավարողներին աջակցություն տրամադրվում է, եթե աջակցության ենթակա ոլորտներում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը գործունեության տեսակարար կշիռը կազմում է տնտեսավարողի ընդհանուր գործունեության առնվազն 40 տոկոսը.

Շահառուն ԱՀ ֆինանսների նախարարության http://tax.nk.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` մինչև 2020թ. հունիսի 15-ը (ներառյալ):

Դրամաշնորհի ստացման եղանակը` փոխանցվում է շահառուի հաշվարկային հաշվին, իսկ առևտրային բանկում շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում՝ շահառուի նշած առևտրային բանկ:

Ութերորդ` միանվագ դրամական աջակցության տրամադրման միջոցառում

թիրախը՝ փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովում.
շահառուն՝  2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք:
օժանդակության ձևը՝
1) անհատ ձեռնարկատիրոջ (բացառությամբ արտոնագրային վճար վճարող հանդիսացող) դեպքում՝ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.
2) արտոնագրային վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:
հիմնական պայմանները՝
1) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը չի ունեցել վարձու աշխատող.
2) մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են աջակցության ենթակա ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ) գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրվում է, եթե 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության մեջ աջակցության ենթակա ոլորտներում գործունեության (իրացման շրջանառության) տեսակարար կշիռը կազմում է առնվազն 40 տոկոսը.
3) անհատ ձեռնարկատերը (բացառությամբ արտոնագրային վճար վճարող) 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել է իրացման շրջանառություն և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ գործունեությունը դադարեցված չէ.
4) 2020 թվականի 1-ին եռամսյակում համարվել է արտոնագրային վճար վճարող:

Շահառուն ԱՀ ֆինանսների նախարարության http://tax.nk.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ մինչև 2020թ. հունիսի 15-ը (ներառյալ):

Դրամաշնորհի ստացման եղանակը` փոխանցվում է շահառուի բանկային հաշվին, իսկ բանկային հաշվի բացակայության դեպքում՝ շահառուի նշած առևտրային բանկ:

ԱՀ կառավարություն

1