Հ.Յ.Դաշնակցութեան հիմունքները
Գլխավոր » Լրահոս » Հ.Յ.Դաշնակցութեան հիմունքները

Հ.Յ.Դաշնակցութեան հիմունքները

Ըստ (Հ.Յ.Դ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ) գրքոյկի էջ 16-17-ի

«Դաշնակցութեան ծրագրի հիմը կը կազմեն հայ ժողովրդի ցանկութիւնները և այդ ժողովրդի յարատևումին կապուած բաղձանքները: Ու քանի որ փոփոխական են հայ ժողովրդի ցանկութիւնները, ապա փոփոխական է նաև Դաշնակցութեան Ծրագիրը: Բայց կան ոչ միայն փոփոխելի, այլ և անփոփոխելի արժէքներ: Եւ ինչպէս անփոփոխելի են հայ ժողովրդի որոշ ցանկութիւնները, ճիշտ նոյն ձևով անփոփոխելի են նաև Դաշնակցութեան ծրագրների որոշ հիմունքները.- այդ անփոփոխելի հիմունքներն են՝

1.Հայութեան պահպանումը.
2.Հայաստանը՝ հայութեան.
3.Ոյժ և կազմակերպութիւն.
4.Արդար աշխատանք»:

Անդրադառնանք իւրաքանչիւրին առանձնաբար.

1-Ազգը, պատմութեան ընթացքին լեզւի, հայրենիքի, տնտեսութեան և մշակութային ընդհանրութեամբ ստեղծւած և զարգացման բարձրագոյն աստիճանի հասած, մարդկային խումբ է, որն իր նպաստն է բերում մարդկային ընդհանուր քաղաքակրթութեան զարգացմանը, ուստի արժանի է պահպանման: Ինչու որևէ ազգի պէտք է բռնի օտարացնել և կամ ինչու և որ օրէնքի համաձայն պիտի հային բռնի թրքացնել կամ ռուսացնել: թէև պատմութեան ընթացքում եղել են ազգեր որոնք, կազմաւորւել, զարգացել, կայունացել և անկում են ապրել, բայց դա պատմութեան երկաթեայ օրէնք է և տարբերւում է բռնի կերպով ձուլումից, հետևաբար ազգերը մարդկային արժէքներ են և պէտք է պահպանւեն:

2-Հայաստանը այն միջավայրն է որտեղ կազմաւորւել և իր զարգացմանն է հասել հայ ժողովուրդը ուստի այն բոլոր պատմական տարածքները, որոնց վրայ ապրել և ստեղծագործել է հայը, իր անկապտելի սեփականութիւնն է համարւում, նոյնիսկ այն տարածքները որոնք այսօր հայաթափւած և ոչ հայաթաւած են, սակայն անիրաւաբար դրւել են օտարների տիրապետոթեան ներքոյ, ինչպէս Արևմտաեան հայաստանը իր Վիլսնեան սահմամանով, Նախիջևանը և Ջաւախքը նոյնպէս հայապատկան են և պիտ վերադարձւեն իր հարազատ տիրոջ՝ հայ ժողովրդին, որովհետև այդ վայրերը իր հայ բնակիչութիւնից պարպւել է ոչ թէ բնակիչների կամովին արտագաղթով այլ ցեղասպանութեամբ և բռնի հայաթափումով հետևաբար ըստ միջազգային օրէնքների, մեծ տարբերութիւն գոյութիւն ունի բնակիչների կամաւոր հեռանալու և բռնի տեղահանութեան միջև:

3-Կազմակերպութիւնը ինքն ըստ ինքեան, ոյժ է ու կարողութիւն և կազմակերպւած աշխատանքը համարւում է յաջողութիւնների ու յաղթանակների գլխաւոր երաշխիք, իսկ թափթւածութիւնը՝ անյաջողութեանց ու պարտութիւնների: Պատմութեան մէջ տեսնում ենք թէ ինչպէս, հայոց բազմահազարանոց բանակը ծունկի է գալիս Լուկուլոսի փոքրաթիւ բայց աւելի լաւ կազմակերպւած լեգեոնների առջև: Որևէ երկիր կամ հաւաքականութիւն պարտաւոր է իր քաղաքացիների ու անդամների բարօրութեան և ապահովութեան համար ունենալ զանազան բնագաւառներին պատկանող կազմակերպւած կառոյցներ, որոնք ապահով պարսպի նման պաշտպանելու են հարևանների հաւանական յարձակումների դիմաց, իսկ եթէ պարիսպը խարխլւած լինի հարևանի ախորժակը պիտի գրգռւի նորանոր ոտնձգումներ կատարելու. «Պարիսպդ եթէ ամուր եղաւ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու, ոչ չար, ոչ բարի, հարևան» (Հրանտ Մաթէոսեան):

4-Նկատի ունենալով որ արդար աշխատանքն ունի քաղաքական և տնտեսական պահանջներ ուստի Հ.Յ. Դաշնակցութիւնը իր ազգային,ազատագրական ու քաղաքական պայքարին զուգընթաց մղել է նաև հայ ժողովրդի բարեկեցութեան համար տնտեսական զանազան ձևերի պայքարներ, ինչպէս օրինակ, սկզբնական շրջանում հայ ժողովրդի տնտեսական կացութեան բարելաւման համար նա պայքար է մղել տնտեսապէս անհաւասար կարգեր ունեցող այն երկրներում ու բնակավայրերում որտեղ հայութիւն է ապրել, ապա Հ.Հ.ի ստեղծումով նա այդ պայքարը բնակավայրում մղելուց բացի, կենտրոնացրել է նաև հայրենիքում և ՀՀ ի խորհրդարանում մշակել է աշխատաւորներին ի նպաստ մի շարք կարևոր օրինագծեր: Ներկայիս ՀՅԴն, ըստ իր ծրագրի, համոզւած է, որ արդար աշխատանքի իրականացումը, թէ հայրենիքում և թէ այլուր, իրականանալու է միայն ընկերվար ու ժողովրդավար կարգերի հաստատումով:

130 տարի առաջ Դաշնակցութեան կողմից ձևաւորւած այս անփոփոխ հիմունքները, այսօր էլ այժմէական են, որոհետև.-

Դեռևս հայ ժողովրդի աւելի քան երկու երորդը ապրում է հայրենիքից դուրս, մի քանի տասնեակ երկրներում, օտար մշակոյթների ազդեցութեան ներքոյ և դէմ դիմաց է կանգնած անխուսափելի ձուլման հրամայականի առջև, անհրաժեշտ է հայապահպանման ծրագրերով պահպանել սփիւռքի հայութեանը, մինչև հայրենիք վերադարձը, թէկուզ իր մէկ չնչին մասով նոյնիսկ:

Պատմական Հայաստանի 10-րդ նահանգ համարւող Արցախը, որ անիրաւաբար Հայաստանից պոկւել և դրւել էր ադրբեջանի ենթակայութեան ներքոյ, արցախցիների և մեր ժողովրդի աննահանջ պայքարի շնորհիւ ազատագրւեց ադրբէջանի անարգ լծից և իր ազատ կամքով ստեղծեց Արցախի Հանրապետութիւնը, անհրաժեշտ է համազգային պայքար մղել Արցախի անկախութեան միջազգային ճանաչման համար, ընդհուպ մինչև Հայաստանին միանալը որը պիտի հանդիսանայ Միացեալ Հայաստանի ստեղծման նախաքայլը:

Հայաստանը արևելքից ու արևմուտքից, ընկած է երկու անհաշտ ու թշնամի պետութիւների միջև որոնք իրենց ամենօրեայ սպառնալիքներով, հրազէնային և համացանցային յարձակումներով թէ հայ անմեղ բնակչութեան մահւան պատճառ են դառնում և թէ իրենց սուտ ու պատիր յերիւրանքներով փորձում են հայ ժողովրդին, յաչս միջազգային հանրութեան, ցեղասպան և ագրեսոր ներկայացնել և վերջապէս Հայաստանի հետ անօրինաբար իրենց սահմանների փակումով տնտեսապէս վնաս են հասցնում հայութեանը, հետևաբար թշնամու այդ բոլոր սադրանքներին և ուժի ցուցադրումներին, դիմակայելու համար, անհրաժեշտ է լինել աւելի ուժեղ ու աւելի կազմակերպւած:

Թաթուլ Օհանեան

1