Մտահոգիչ է, որ համանախագահող երկիրը նման հայտարարություն է անում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ մտահոգիչ է։ Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Մտահոգիչ է հատկապես այն մասով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և քաղաքական տեսանկյունից բավականին ազդեցիկ երկիր է։ Նույնիսկ, եթե ՀՀ կողմը հերքի սա, միևնույն է, մտահոգիչ է, որ համանախագահող երկիրը նման հայտարարություն է անում»,–նկատեց Գանտահարյանը։
Գանտահարյանը նկատեց, որ ընդհանրապես ՀՀ իշխանությունները հանդիպումների ընթացքում պետք է բանակցեին Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ հրադադարի վերահաստատման պայմանավորվածության հիման վրա։
«Հայաստանը պետք է քննարկի Արցախի անվտանգության հարցը, որն, ըստ էության, խախտվել է Ապրիլյան պատերազմի պատճառով։ Բանակցություններին էլ պետք է մասնակցեն Արցախի իշխանությունները։ Բանակցություններ ասելով՝ դարձյալ նշեմ, որ պետք է հասկանալ միայն անվտանգության երաշխիքի գործիքակազմի ներդրման հարցը»,–ասաց Գանտահարյանը։
Հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակը կարող է ազդել Արցախի հարցի կարգավորման ընթացքի վրա, Գանտահարյանն ասաց՝ ինչ-որ տեղ կարելի է այդ երկուսը կապել միմյանց։
arfd.am