Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը
Գլխավոր » Լրահոս » Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային փաթեթը, այն չի արտահայտում այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի, և հակասում է հայության շահերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»:

«Մենք անհրաժեշտություն չունենք մտնելու մի բանի մեջ, որի մասին շատ տեղեկացված չենք: Արցախյան կողմը բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չէ: Մենք ավելի շատ տեղեկություն ենք ստանում զանգվածային լրատվամիջոցներից, և շատ դժվար է որևէ կարծիք հայտնել՝ ինչ են քննարկում կամ ինչ չեն քննարկում: Առանց արցախյան կողմի մասնակցության՝ թե որ երկրի արտգործնախարարն ինչ է հայտարարում, ինչ է ասում, իր գործն է, մենք փաստերի մեջ չկանք: Երբ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կմասնակցեն այդ գործընթացներին, այն ժամանակ մենք կարող ենք այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացնել»,-ասաց Բալայանը:

Հարցին՝ հայկական կողմն Արցախին չի՞ տեղեկացնում քննարկումների ընթացքի վերաբերյալ, Բալայանն ասաց, թե ինքը՝ որպես ԱՀ ԱԺ փոխնախագահ, նման տեղեկություն չունի: «Ես տեղակացված չեմ՝ ընդհանուր առմամբ քննարկվո՞ւմ է, թե՞ չի քննարկվում: Նման պայմաններում կարծիք ասելն ավելի շատ ենթադրությունների դաշտում կլինի»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին հայտարարություն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը, Բալայանը պատասխանեց.

«Դիվանագիտության մեջ այսպիսի բան կա՝ կարող մի բան ասվել, հակառակն՝ արվել: Ես վստահ չեմ կարող ասել՝ ՌԴ արտգործնախարարն ինչ նպատակ է հետապնդել այդ հայտարարությամբ, կամ այն ո՞ւմ է ուղղված: Եթե բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չես, դժվար է ասել՝ այս կամ այն պաշտոնյան, որն անմիջականորեն մասնակից է այս գործընթացին, ինչ նպատակ է հետապնդում: Համենայն դեպս, մենք նման հայտարարությունները մերժել ենք, հիմա էլ ենք մերժում, ինչ փուլային տարբերակի մասին կարող է խոսք լինել: Ես կարծում եմ՝ դա տարիներ առաջվա զրույցն է, որ անընդհատ խոսվում է, և որն անընդունելի է»,-ասաց Վահրամ Բալայանը:

Նրա կարծիքով՝ արցախահայությունը, հայ ժողովրդի օժանդակությամբ իրեն հիմնական հուզող հարցը լուծել է: «Մեր հիմնական խնդիրը լուծված է, մեզ մնում է ամրապնդել պետականությունը և այդ ճանապարհով վերջիվերջո հասնել մի հանգրվանի, երբ երկու հայկական պետությունները կարող են հանգիստ պայմաններում քննարկել միացյալ երկրի գաղափարը»,-նշեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:

Հեղինակ Մարիամ Սարգսյան

arfd.am

1