«ԼՂ հարցով սեղանին փուլային տարբերակն է». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շրջանակում հայտարարություն է արել առ այն, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Պաշտոնյան մանրամասնել է՝ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այս պահին ակտիվ քննարկվում են։
2019-ի ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունեցել։ Ըստ այդ արդյունքների՝ ընդունվել էր հայտարարություն, որում շեշտվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ լրագրողների փոխայցելության ու ԼՂ-ում ու Ադրբեջանում կալանավորվածների հարազատների այցելությունների մասին։
Թեմայի առնչությամբ Լավրովը, մասնավորապես, հստակեցրել է. «Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ինչը ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Համոզված եմ, որ երբ հասնենք այդ փաստաթղթերի ստորագրմանը, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման ուղղությամբ, որով պահանջվում էր դադարեցնել պատերազմն ու բանակցություններ սկսել։ Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան ենք ուզում հասնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»։
Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ Լավրովն բացատրել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին և առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների։ «Այդ փաստաթղթերում, այո, ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Սակայն այդ փաստաթղթերում նաև կոչ կար պատերազմը դադարեցնելու և բանակցություններին անցնելու մասին»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ընթացքում։
yerkir.am