Ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով.Դավիթ Իշխանյան

Այսօր` ապրիլի 14-ին, ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 28-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել և նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամները, կուսակցական ընկերներ, հարազատներ:
Արցախի նորաստեղծ պետականությունը Արթուր Մկրտչյանը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքով Արթուր Մկրտչյանի կերպարն ու անցած ուղին ու գործունեությունը նախանշում են մեր պետականության ապագայի ուղեծիրը:
«Խորհրդանշական է, որ այսօր` ապրիլի 14-ին Արցախում ընտրում են Հանրապետության նախագահ: Արթուր Մկրտչյան քաղաքական գործչի պատգամների և այսօրվա խորհուրդն ամբողջությամբ այստեղ պետք է տեսնել: Ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով, որից շեղվելու դեպքում, դատապարտված կլինենք մեր ապագա հաջողությունները մեզնից հեռու տեսնելու ճակատագրին»,-մանրամասնեց Դավիթ Իշխանյանը:



