Ընտրությունների վերջնագծին
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ընտրությունների վերջնագծին

Ընտրությունների վերջնագծին

2020թ. Արցախի համապետական ընտրությունները կայացան բացառիկ պայմաններում: Նախ, բովանդակային առումով այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից: Արցախի Սահմանադրության համաձայն՝ միաժամանակ տեղի ունեցան թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, առաջին անգամ  Ազգային ժողովը ձեւավորվեց միայն համամասնական ընտրակարգով:

Մյուս յուրահատկությունը թեկնածուների առատությունն էր. նախագահի 14 թեկնածուներ, 10 քաղաքական կուսակցություններ եւ երկու դաշինք: Եվ այս բոլորը՝ միայն 75.000 ակտիվ ընտրողների առկայության դեպքում: Կոպիտ հաշվարկով յուրաքանչյուր 5 000 ընտրողի բաժին է հասնում մեկ կուսակցություն կամ դաշինք եւ մեկ նախագահի թեկնածու: Ընդունենք, ինչ-որ բան այն չէ: Այս բազմերանգ ու անբովանդակ համայնապատկերում ակնառու էր նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների «հապճեպությունը»:

Ընտրություններից դեռ 1,5-2 տարի առաջ սկսած քարոզարշավը եւ պետական ռեսուրսների «սեփականացման» միջոցով բարեգործությունները, ավելի ճիշտ՝ ակնկալիքով «լավությունը», ի հայտ բերեց ընտրությունների նեխած կողմը: Իսկ արդեն իսկ ապականված այս մթնոլորտը եկավ ավելի թունավորելու իրական հիվանդությունը՝ կորոնավիրուսը (թագավարակը): Մենք եւս միացանք աշխարհում տիրող մտավախության, տատամսկոտության եւ անորոշ հեռանկարի ալիքին:

Ընտրությունների բովանդակության եւ քաղաքական մթնոլորտի վերաբերյալ վերը նշված երկու հանգամանքները կանխատեսելի էին ՀՅԴ-ի համար: Ժամանակին ՀՅ Դաշնակցությունը իր մտահոգությունն  էր հայտնել եւ քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ: Խոսքը  Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, միասնական օրակարգի ու համաձայնեցված թեկնածուի մասին է:

Ինչեւէ, կայացան ընտրությունները, որոնք ժողովրդավարական ուղի որդեգրած համակարգի զարգացման առումով ինքնին առաջընթաց էին, իսկ բովանդակային առումով ապացուցվեց, որ դեռ շատ անելիքներ կան եւ յուրաքանչյուր սայթաքում նահանջ է նախկին  նվաճումներից:

Այսպիսով, հաղթահարեցինք մեր պետականության զարգացման այս փուլը եւս: ԱՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ եւ ընտրությամբ պատասխանատու կեցվածք դրսեւորեցին՝ իրենց կամարտահայտությամբ վերջակետ դնելով լարված անհանդուրժողականության մթնոլորտին: Բնական է, որ կարճ ժամանակում չենք կարող ամբողջությամբ ամոքել հանրության մեջ առաջացած վերքերը: Այնուամենայնիվ, այս փուլի ավարտն առիթ է եւ հնարավորություն՝ ճշտելու իրական բացերն ու գնահատական տալու քաղաքական գործընթացներին, եւ վերարժեւորելու դրանք՝ միշտ նկատի ունենալով ազգային ու պետական շահը:

Վստահ ենք, որ բոլոր կողմերը՝ իշխանություն թե ընդիմություն, ՀՅԴ-ի հետ քննարկումների եւ համագործակցության կարիքը կունենան: Ինչպես միշտ մենք բաց ենք քննարկումների համար: Այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ Դաշնակցության համար առանցքայինը իր ուժերն ի սպաս դնելն է Արցախի ներքին եւ արտաքին հիմնախնդիրները լուծելու համար:

«Ապառաժ»-ի խմբագրական,

11 ապրիլի, 2020թ.

1