Գյուղերի զարգացման ծրագրերը պետք է մշակվեն բնակիչների հետ քննարկման արդյունքում
Գլխավոր » Լրահոս » Գյուղերի զարգացման ծրագրերը պետք է մշակվեն բնակիչների հետ քննարկման արդյունքում

Գյուղերի զարգացման ծրագրերը պետք է մշակվեն բնակիչների հետ քննարկման արդյունքում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Պետոյանի հետ հարցազրույցում «Ապառաժ»-ը անդրադարձել է վերաբնակեցվող տարածքների հիմնախնդիրներին, դրանց լուծման գործում Հայ Հեղափոխական Դաշնակցության դերակատարությանն ու տեսլականին:

-Տիկին Պետոյան, որպես վերաբնակեցվող շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ ինչպե՞ս եք պատկերացնում հայրենադարձությունն ու վերաբնակեցումը:

— Վերաբնակեցվող Քաշաթաղում ապրում եմ 1997 թվականից: Տևական ժամանակ Քարեգահի համայնքի ղեկավարն եմ եղել և ընդհանուր առմամբ, քաջածանոթ եմ նաև վերաբնակեցված գյուղերին բնորոշ խնդիրներին: Երկար տարիներ վերաբնակեցվող տարածքներ են համարվել Քաշաթաղն ու Շահումյանը, Դաշնակցության կողմից այդ շրջանների վերաբնակեցմանը նպատակաուղղված ներդրումները մեծ էին: Ամբողջ Արցախը վերաբնակեցման գոտի հայտարարելուց հետո, այդ հնարավորությունները որոշակի չափով վերաբաշխվեցին: Վերաբնակեցվող մեր երկու շրջանները շատ հիմնախնդիրներ ունեն, որովհետև այստեղ ի սկզբանե մեծամասամբ այրված ու քանդված առանձնատներ էին: Ճիշտ է, պետական ռեսուրսները հիմնականում նպատակաուղղվում են բնակարանաշինությանը, սակայն բնակարանային ապահովվածության աստիճանը մեծ տոկոսներով չի աճում:

Նախնական ժամանակահատվածում վերաբնակեցման գործընթացն ավելի մասշտաբային էր: Ի տարբերություն ներկայի՝ մեծ էր նաև սահմանված արտոնությունների դաշտը: Օրինակ՝ վերաբնակչին նոր բնակարանի տրամադրումը, որն այժմ այդ արտոնությունների ցանկում չէ, ինքնին խնդիր է: Վերաբնակեցման քաղաքականության մեջ կարևոր բացթողումներից է՝ երկարատև ռազմավարական ծրագրի բացակայությունը: Վերաբնակեցվող տարածքներում չունենք համայնքների հստակեցված խնդիրների համակարգում, ինչպես նաև հստակ ժամանակացույց, ըստ որի նշված կլիներ այս կամ այն համայնքում առանցքային խնդիրների լուծման հաջորդականությունը: Այդ գործընթացում պետք է հայեցակարգային մոտեցում լինի՝ հստակ ծրագրերով, որտեղ վերաբնակչի հետ պիտի ճշգրտվեն առաջնային հիմնախնդիրները: Միաժամանակ առաջնահերթությունների մեջ պետք է ճշտվեն ու ընտրվեն գյուղի կայացման և զարգացման համար ելակետային նշանակություն ունեցող հիմնախնդիրները: Ըստ այդմ՝ հստակ ժամկետներով պետք նշվի հիմնախնդիրների լուծման հաջորդականությունը: Վերաբնակեցման գործընթացի ու խնդրիների նկատմամբ հետաքրքրությունը ներկայումս նվազել է: Այս համատեքստում, առևերևույթ նկատելի է, որ հետին պլան է մղվել վերաբնակչին բնակարան տրամադրելու ծրագիրը: Այսինքն նոր վերաբնակիչներ բերելու և գրավիչ պայմաններ ստեծելու հնարավորություններն ավելի սահմանափակ են դարձել: Դրա հետ մեկտեղ, այն հիմնախնդիրները, որոնք տարիներ շարունակ առկա են վերաբնակեցվող համայնքերում, չլուծվելով պատճառ են դարձել համայնքների կայուն զարգացման ընդհատմանը:

Բնական է, որ նոր վերաբնակիչներին ենթակառուցվածքներ չունեցող, թույլ զարգացած համայնքերը չեն հետաքրքրում: Վերաբնակեցված գյուղերում մեծացած սերունդները, զրկված լինելով կարևոր կրթական ու մշակութային կենտրոններ ունենալու և հաճախելու հնարավորությունից, իրենց ծնողների հետ կիսել են այստեղ ապրելու բոլոր դժվարությունները: Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են բարեկեցիկ կյանք ապահովել գոնե իրենց երեխաների համար և չեն պատրաստվում նույն դժվարությունների ճանապարհով գնալ: Կարծում եմ, պետության միջամտությունն այս հարցում խիստ անհրաժեշտ է: Հատկապես՝ երիտասարդ ընտանիքների ինքաբավ դառնալու և զբաղվածության ապահովման գործում:

Ցածր տոկոսադրույքով կամ անտոկոս գյուղատնտեսական ու հիպոթեքային վարկավորմամբ պետությունը պետք է աջակցի երիտասարդ ընտանիքներին սեփական տնտեսություն ունենալ և ինքնաբավ դառնալ, ինչի շնորհիվ նրանց սոցիալական վիճակը մեծամասամբ կախված չի լինի պետությունից: Նմանօրինակ քաղաքականության շնորհիվ, մենք կարող ենք միաժամանակ և լայնածավալ վերաբնակեցում իրականացնել, և դժվարին այդ գործը չթողնել միայն պետության ուսերին: Այս գործում, մշակված ցանկացած ծրագիր պետք է քննարկվի գյուղական համայնքների բնակիչների հետ: Գյուղական համայնքները պետք է սահմանեն իրենց առաջնահերթությունը, որովհետև անձամբ ապրելով այդ գյուղում, բնակիչները՝ նախարարի պաշտոն զբաղեցնող ցանկացած անձնավորությունից ավելի լավ են պատկերացնում հիմնախնդիրներն ու լուծման ուղիները: Նրանց տառապանքը փորձ ունի:

Մինչ այժմ, ինչ է հասցրել իրագործել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերաբնակեցվող համայնքերի հիմնախնդիրների լուծման գործում:

— Հայրենադարձությունն ու վերաբնակեցումը Դաշնակցությունն իր կարևորագույն ծրագրերից է համարում: Ի սկզբանե Դաշնակցությունը հայտարարել է, որ կանգնած է վերաբնակեցման քաղաքականության հիմքում, և իսկապես, միջոցներ չի խնայել՝ վերաբնակեցման ճիշտ քաղաքականության իրականացման գործում ներդնելու համար: Իհարկե կարելի է Դաշնակցության մեծ աջակցությամբ իրագործված շատ ծրագրեր նշել, սակայն, քանի որ, նպատակ չենք ունեցել գերագնահատել կուսակցության կատարած աշխատանքը, ներդրումները հիմնականում կատարվել են պետությանը ընձեռված հնարավորությունների, պետական խողովակների ու համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Ինչ վերաբերում է գործնական օրինակներին, ապա այդ են վկայում Թուֆենկյանի ծրագրերով Քաշաթաղում հիմնվող այգիները, Միջնավանում և Կովսականում՝ մշակութային ու բնակարանաշինական ծրագրերը և այլն:

Վերաբնակեցվող գյուղերում՝ մասնավորապես նաև Քաշաթաղում, բոլոր առանցքային ու կենսական հարցերում՝ ենթակառուցվածքների ստեղծում, արտոնությունների տրամադրում, 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն, Դաշնակցությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել: Դաշնակցությունը լուրջ ռեսուրսներ է ներդրել՝ ոչ միայն գյուղատնտեսության, բնակարանաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և բազմազավակներին աջակցության ցուցաբերելու բնագավառներում, այլ նաև վերաբնակիչներին եկամտի կարևոր աղբյուր ստեղծելու գործում:

— Արդյո՞ք Դաշնակցությունն ունի բավարար հնարավորություններ՝ իրագործելու նախընտրական ծրագրով առաջարկվող այն դրույթները, որոնք վերաբերում են հայրենադարձությանն ու վերաբնակեցմանը:

— Ընդհանրապես հայրենադարձության ու վերաբնակեցման գաղափարը՝ մշտական ուշադրության ու հայեցակարգային ծրագրերի կարիք ունի: Պետությունը նախ՝ պետք է կողմնորոշվի վերաբնակեցման քաղաքականությունը որպես իր գործառույթ հստակ սահմանելու հարցում: Այնուհետև պետք է որոշվի, թե որքանով ենք պատրաստ այդ քաղաքականությանը և որքան ռեսուրսներ են ներդրվելու: Այդ աշխատանքը պետք է համակարգված լինի՝ առանց ռեսուրսներ չխնայելու: Հակառակ դեպքում, ինչպես որ ներկայումս է, վերաբնակիչներին պահելու խնդիր ենք ունենալու: Վերաբնակիչը, ով մի վայրում թողել է տուն-տեղ, տնտեսություն, եթե այստեղ չունենա համեմատաբար շահավետ պայմաններ, ապա ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է: Վերաբնակեցման քաղաքականությունը պետք է երկարատև ռազմավարական ծրագրերից բխի և կախված չլինի պաշտոնյա անձերի վերաբերմունքից ու փոփոխությունից:

Հարկ է նշել, որ մինչ այժմ էլ՝ Դաշնակցությունը լուրջ ներդրում ունի, ինչպես պետականաշինության, այնպես էլ վերաբնակեցվող համայնքների հիմնախնդիրների խնդիրների լուծմանն աջակցելու գործում: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, Դաշնակցությունը կարող է համակարգային բարեփոխումներ կատարել և ունի մեծ ներուժ ՝ իշխանության ծառայությունը ժողովրդին հասանելի դարձնելու, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման արագ ու ճիշտ կողմնորոշվելու համար:

1