Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախը միշտ բաց է համագործակցության համար
Գլխավոր » Լրահոս » Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախը միշտ բաց է համագործակցության համար

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախը միշտ բաց է համագործակցության համար

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ ԱՄՆ կառավարության կողմից Արցախին հատկացվող ֆինանսական օգնության չեղարկումը ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքն է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադբեջանը և Թուրքիան մշտապես են աշխատում մեզ հարված հասցնելու ուղղությամբ:

«Ես նաև կարծում եմ, որ սա ԱՄՆ ներկայիս վարչակազմի առկայության պայմաններում է լինում: Հուսանք, որ առաջիկա ընտրությունները կփոխեն իրողություններ, կստեղծեն նպաստավոր պայմաններ մեզ համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ամերիկյան հետազոտություների հայկական կենտրոնը» ավելի վաղ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ նշելով, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին՝ չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը, այդ թվում՝ ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան»,- ներկայացված էր գրառման մեջ:

Վահրամ Բալայանը նկատեց, որ Հայաստանն ու Արցախն ԱՄՆ-ի Սենատում և Կոնգրեսում իրենց բարեկամներն ունեն և շատ դեպքերում կարող են իրենց օժանդակությունը նրանցից ստանալ:

«Սա մեզ չպետք է ընկճի: Պետք է հիշենք, որ ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությությունը: Մենք էլ ունենք մեր հաղթանակները»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի նկատառմամբ՝ մենք դեռ լուրն ենք հիմա վերլուծում, բայց գուցե եթե իրավիճակը խորքային դիտարկենք, այլ բան պարզվի, գուցե հաշվի է առնվում, որ ԱՄՆ-ում նախատեսում են Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այլ ոլորտներում:

«Նորից եմ կրկնում, որ հակված եմ կարծելու, որ նման իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի նավթային, գազային պաշարների արդյունքում: Ցավոք, նրանք կարողանում են այդ կերպ գնել երկրներին»,- ասաց նա:

ԱՄՆ-ն Հայաստանի հետ միակ երկիրն էր, որ չճանաչելով Արցախը, ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում: Վահրամ Բալայանը համաձայնեց, որ դրա չեղարկումը հարված էր մեզ, բայց մենք էլ դրանից չպետք է կոտրվենք, պետք է աշխատենք, որ այլևս նման իրավիճակներ չլինեն. միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Արցախը միշտ բաց է համագործակցության համար: Այս համատեքստում նա հիշատակեց՝ Արցախի խորհրդարանը բարեկամական հանձնախմբեր ունի մի շարք այլ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների խորհրդարանների հետ:

Դիտարկմանը, թե չի կարծում, որ նման իրավիճակ ստեղծվել է նաև հայկական կողմի թերացման արդյունքում, Արցախի ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Այո՛, կարծում եմ, որ մենք թերացել ենք: Մենք մշտապես տեսնում էինք, որ Ադրբեջանը, Թուրքիան ամեն կերպ փորձում են մեզ վնասել: Պետք է պայքարեինք դրա դեմ»,- ասաց նա:

Նա նաև համաձայնեց դիտարկման հետ, թե կարծես ԱՄՆ-ն արցախյան հիմնախնդրում հավասարակշռությունը չի պահում. վերոնշյալ քայլը կարծես լրացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպմանը, այսպես կոչված, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը ներկայացող համայնքի հետ:

«Այդ համայնքը երբեք չի կարող մի նժարի վրա դրվել Արցախի ժողովրդի հետ: Այդ բոլոր քայլերը կարելի է մի ամբողջության մեջ դիտարկել, կարծես իրար լրացնում են»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

1