Պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների
Ադրբեջանի իշխանությունը, ժողովրդի ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու նպատակով, հնարավոր է՝ ռազմական գործողություններ սկսի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալավ նավթի գնի նվազմանն ու դրա հնարավոր հետևանքներին:
Նա ընդգծեց նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումները չի կարելի կապել միայն տնտեսական ճգնաժամի հետ:
«Մենք՝ որպես Արցախի բնակիչներ, ամեն պահի էլ սպասում ենք, որ Ադրբեջանը կարող է նման արկածախնդրության գնալ: Տնտեսական ճգնաժամն էլ իր դերակատարությունն ունի. ռազմական գործողություններ՝ ներքաղաքական հիմնախնդիրներից, տնտեսական վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հավանականությունը միշտ էլ կա, բայց տնտեսական խնդիրների պարագայում այն մեծանում է: Մեր հանրությունն էլ պետք է իմանա, որ ռազմական գործողություններն ամեն րոպե էլ կարող են լինել, և դրանց պետք է պատրաստ լինել»,-ասաց Բալայանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ իշխանությունների գործողությունները՝ տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար, երբ ՀՀ վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այժմ գտնվում են արձակուրդում և զբաղվում սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավով՝ Բալայանն ասաց, թե չի կարող այս պահին որոշակի գնահատականներ տալ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
«Չեմ կարող ոչ թե այն պատճառով, որ տեսակետ չունեմ, այլ որովհետև, երբ իշխանության մեջ գտնվող անձինք են գնահատական տալիս, դրանք միշտ վերածվում են երկու պետությունների միջև որոշակի լարվածության: Ամեն դեպքում, ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդեն ժողովրդին և ըստ այդմ էլ՝ համապատասխան գործողություններ ձեռնարկեն»,-ասաց նա:
Հեղինակ Մարիամ Սարգսյան