Արցախի Մայր թատրոնի «Լուսաբացից առաջ»-ը ներկայացվել է մրցանակաբաշխության
Գլխավոր » Լրահոս » Արցախի Մայր թատրոնի «Լուսաբացից առաջ»-ը ներկայացվել է մրցանակաբաշխության

Արցախի Մայր թատրոնի «Լուսաբացից առաջ»-ը ներկայացվել է մրցանակաբաշխության

      Երեկ՝ մարտի 4-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի   «Լուսաբացից առաջ»  բեմադրությունը  ներկայացվել է      Հայաստանի «Արտավազդ» ամենամյա  թատերական փառատոնի մրցանակաբաշխությանը:

   Բեմադրության հերթական ներկայացմանը, որը կայացել է   Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, ներկա էր նաև թատերական փառատոնի՝  Երևանից ժամանած մասնագիտական հանձնաժողովը:

     Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի հաղորդմամբ իրենց խաղացանկում իր հաստատուն տեղը գտած՝  «Լուսաբացից առաջ»  ներկայացմամբ,   թատերական փառատոնին   մասնակցելու հրավերը ստացել են    Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:

  «Անկախ հանձնաժողովի որոշումից և մրցանակաբաշության արդյունքից, մենք սիրով ենք մասնակցում  «Արտավազդ» թատերական փառատոնին, որն ինչպես հայտնի է այս տարի նվիրված է իմ ուսուցիչ,  ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին»,- մանրամասնեց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ  ինչպես միշտ  «Լուսաբացից առաջ»-ի  հերթական  ներկայացմանը   հանդիսատեսն  անկեղծ հույզերով  է արձագանքել: 

Նրա խոսքով,  թատերական փառատոնի  մրցանակաբաշխությանն  հայտ են  ներկայացրել՝ «Լավագույն ներկայացում»,  «Լավագույն դերասան» /Գենադի Առուշանյան/, «Լավագույն երիտասարդ դերասան»  /Դավիթ Ղահրամանյան/,  «Լավագույն երիտասարդ դերասանուհի»  /Եվա Իվանիդիս/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»  /Ռուզան Խաչատրյան/, «Լավագույն երաժշտություն» և  «Լավագույն բեմանկարչություն»  անվանակարգերում:

Արդյոք բեմական  անհամապատասխան պայմանները   բացասական չեն անդրադառնա  մասնագիտական հանձնաժողովի որոշման վրա:  Ի պատասխան  հարցին, պետդրամթատրոնի  գեղարվեստական ղեկավարը  տեղեկացրեց, որ Հայաստանի անվանի թատերական գործիչներից կազմված մասնագիտական  հանձնաժողովն արձանագրել և առանձնացրել է  բեմական համապատասխան պայմանների բացակայության փաստը՝  միաժամանակ գոհունակությամբ նշելով, որ չնայած դրան ներկայացումը որակով է ստացվել:

Ինչպես հայտնի է Հայաստանի «Արտավազդ» ամենամյա  թատերական փառատոնը, թատերական կյանքի գլխավոր իրադարձություններից է: Այս տարի  փառատոնի հոբելյանական՝  20-րդ  մրցանակաբաշխությունը  կայանալու է   թատրոնի միջազգային օրը՝  մարտի 27-ին, Երևանի   Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի շենքում:

Հիշեցնենք, որ   Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի   «Լուսաբացից առաջ»  ներկայացումը ստեղծվել է  ըստ  արձակագիր Հերմինե Ավագյանի ‹‹Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…›› գրքի,   բեմադրությամբ՝  գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի:

1