Դաշնակցությունը հանձնառու է իրեն վստահված յուրաքանչյուր քվեի. Քաշաթաղյան նախընտրական հանդիպումների երկրորդ օր
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դաշնակցությունը հանձնառու է իրեն վստահված յուրաքանչյուր քվեի. Քաշաթաղյան նախընտրական հանդիպումների երկրորդ օր

Դաշնակցությունը հանձնառու է իրեն վստահված յուրաքանչյուր քվեի. Քաշաթաղյան նախընտրական հանդիպումների երկրորդ օր

Փետրվարի 28-ին Հայ Հեղափոխական  Դաշնակցության կողմից Արցախի Հանրապետության նախագահի  թեկնածու առաջադրված  Դավիթ Իշխանյանը և  Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ՝  Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու  Մարինե Պետոյանը, շարունակել են իրենց նախընտրական հանդիպումները  Քաշաթաղի հարավային թևի համայնքերի բնակչության հետ:  Ի հիշատակ՝  Սումգայիթյան  անմեղ զոհերի, օրվա բոլոր հանդիպումներին նախ՝  մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք է մատուցվել:  

-Արցախի ազատագրված բնակավայրերի շենացումն ու բարգավաճումը Դաշնակցության գործունեության և նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումներից է,- նշել է  ԱԺ գործող փոխնախագահ Վահրամ Բալայանը օրվա առաջին հանդիպմանը՝ Ծաղկաբերդ գյուղի ընտրողներ հետ:

Ներկայացնելով Դաշնակցության ծրագրային դրույթները, պատգամավորի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ   Քաշաթաղի բնակիչների հետ շարունակական հանդիպումների և ստեղծված սերտ կապերի շնորհիվ   քաջատեղյակ են շրջանի հիմնախնդիրներին: Արդյունքում այդ հիմնախնդիրների լուծման իր տեսակետները Դաշնակցությունը շարադրել է նախընտրական ծրագրում: Այդ համատեքստում,  ի թիվս  պետական սոցիալական  երաշխիքների, կուսակցության տեսլականում նաև անվճար կրթությունն է, առողջապահությունը, իրացման ու վերամշակման կետերի ստեղծումը, ենթակառուցվածքների բարելավումը: Պատգամավորի թեկնածուի համոզմամբ, պետությունն ունի այդ հնարավորությունները: Ըստ այդմ, Դաշնակցության նախընտրական ծրագրի բովանդակությունն ամբողջապես  իրատեսական ու իրագործելի է:  Այնուհետև Վահրամ Բալայանը, Ծաղկաբերդի ընտրողներին  է  ներկայացրել  ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ  Դավիթ Իշխանյանին՝ հանգամանորեն անդրադառնալով նրա  մարտական  ուղուն  ու քաղաքական անբիծ   կենսագրությանը:

Դիմելով ներկաներին, Դավիթ Իշխանյանը, տեղեկացրեց, որ Դաշնակցությունն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սահմանից՝ լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանի հուշաքարին ծաղիկներ խոնարհելով, որից հետո առաջին իսկ  հանդիպումը կայացել է հենց ազատագրված ու վերաբնակեցված համայնքում, այնուհետև շարունակել Քաշաթաղի  բնակչության հետ հանդիպումներ: Այս հանգամանքը վկայում  է  Դաշնակցության կողմից  կարևորվող մի շարք առաջնահերթությունների մասին՝  Արցախի պետական   սահմանների ու մերձակա բնակավայրերի անվտանգության համակարգի  ամրապնդման, ազատագրված բնակավայրերի վերաբնակեցման ու  գյուղերի  շենացման   քաղաքականություն, սոցիալական ծրագրերի փաթեթներ, որոնք արտացոլվել են  կուսակցության նախընտրական ծրագրում: Միաժամանակ ունենալով  իրական ու իրատեսական   հենք, ծրագրային դրույթները, սոցիալ-տնտեսական, հասարակական քաղաքական, կրաթական ու մշակութային ոլորտներում առկա խնդիրների լուծումներին առավել   խորքային,  ու հեռագնա մոտեցում ունեն:

Ըստ  ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցչի, ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներն ու  ներքին և արտաքին ներկա մարտահրավերները վկայում են, որ  Դաշնակցության ներկայությունը Արցախի պետական համակարգում անհրաժեշտություն է: կուսակցության տեսլականը՝ սոցիալական պետությունն է, որը  բոլոր բնագավառներում ունենալով  կարգավորող դերակատարություն, հասարակության բոլոր շերտերին ինքնադրսևորվելու հնարավորություն կընձեռի: Սոցիալական երկրի կառուցման Դաշնակցության ծրագիրը ներառում է պետական բազմաբնույթ երաշխիքներ՝ մասնավորապես  գյուղատնտեսության ապահովագրություն, վարկային պետական կարգավորումներ, որոնց  դեպքում,  մարման գումարը չի գերազանցի նվազագույն  սպառողական  զամբյուղի արժեքը: 

Տարիներ շարունակ, կուսակցությունն իր գործունեության մեջ առաջ է մղել վերաբնակեցվող շրջանների խնդիրները՝ կարգախոս ունենալով  «Ամուր թիկունք՝ ամուր սահման» գաղափարը:

— Դաշնակցությունն ունի այդ հնարավորությունները: Այն  համահայկական  ներուժ ունեցող   ազգային շահերով առաջնորդվող  կուսակցություն է, որը անկախ նրանից ընդդիմություն է եղել, թե իշխանության մաս,  միշտ պատրաստակամորեն,  իր մարդկային ու նյութական հնարավորությունները ծառայեցրել է՝  ի շահ  իր ժողովրդի ու պետականության: Այդուհանդերձ, Դաշնակցությունից ժողովրդի  պահանջածը միշտ  ավելին է եղել՝ քան տրված վստահության քվեի ընձեռած հնարավորությունները, -ասել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ  ՀՅԴ-ն միշտ  հանձնառու է իրեն վստահված յուրաքանչյուր քվեին:

Նախընտրական ծրագրի  ներկայացման օրակարգով, Դաշնակցության թեկնածուների հանդիպման հաջորդ հանգրվանը Իշխանաձորում էր, որտեղ բնակիչների հետ անմիջական զորւյցի ընթացքում Դ. Իշխանյանը, Վ. Բալայանը,  Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մ. Պետոյանը, ընտրողների հետ անմիջական երկխոսության ընթացքում, անդրադարձել են  վերաբնակեցվող համայնքերում առկա խնդիրներին ու այդ համատեքստում ներկայացրել իրատեսական լուծման իրենց մոտեցումները:

Հավելենք նաև, որ վերադարձի ճանապարհին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, ԿԿ անդամ Վահրամ Բալայանը և Լ. Հովհաննիսյանն այցելել են   Դաշնակցության Դրախտիկի նախընտրական շտաբ:

Բացի այդ,   կարգացուցակից դուրս,  նրանք  եղել են Հադրութի շրջանի  սահմանամերձ  Առաջամուղ գյուղում, որտեղ  դեռևս  անցած տարի ՀՅԴ Արևելյան Ամերիկայի  «Արցախֆոնդ»  հիմնադրամի միջոցներով մարզադաշտ էր կառուցվել:   Բնակիչների  խոսքով, մարզադաշտը  աշխուժություն է հաղորդել  գյուղի  առօրյային: Զրույցի ընթացքում,  առաջամուղցիները  Դաշնակցության թեկնածուներին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրներ:

Վան Նովիկով

1