«Քաղաքական այլ ուժերի հետ Դաշնակցության համագործակցելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են». Դավիթ Իշխանյան

Փետրվարի 27-ին, Դաշնակցության կողմից Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ՝ Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մարինե Պետոյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Քաշաթաղի հարավային թևի մի շարք համայնքերի բնակիչների հետ: Նախընտրական հանդիպումների առաջին հանգրվանը Որոտանի գյուղական համայնքում էր:

Որոտանցի ընտրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը նախ ներկայացրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության ազգանվեր ու պետականաշեն գործունեությունը՝ նշելով, որ չնայած բազմաբնույթ խոչընոդտներին, համահայկական ընդգրկմամբ կուսակցությանը հաջողվել է, ի շնորհիվ նվիրյալ անհատների, պատվով իրագործել իր առաքելությունը՝ շարունակելով աշխարհասփյուռ իր կառույցների ներուժը ներդնել ի շահ հայրենիքի բարօրության ու պետականության ամրապնդման: Ապա ներկայացնելով ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի անցած մարտական ու քաղաքական ուղին, Վահրամ Բալայանը, շեշտել է, որ նա գործիչ է, ով ունակ է որոշում կայացնել և աներեր գնալ դրա իրագործման ճանապարհով:

-Նա երբեք չի տրվել իշխանության և նյութական միջոցների գայթակղությանը և անկոտրում է եղել բոլոր խոչընդոտների դեպքում,-ասել է Վ. Բալայանը.

Անդրադառնալով Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթներին, Վ. Բալայանն ասել է, որ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է, որը ներկայացնում է հասարակության բոլոր շերտերի շահերը: Ըստ այդմ, կուսակցության ծրագրային դրույթների իրագործումն առավել բարգավաճ ու բարեկեցի երկիր կառուցելու հնարավորություն կընձեռի :

Իր խոսքում, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը, մասնավորապես հայտնեց, որ վերջին ժամանակահատվածում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Դաշնակցությունն այս ընտրություններին համագործակցելու է այլ քաղաքական ուժերի հետ: ՀՅԴ Արցախի ԿԿ -ի ներկայացուցիչն ընդգծեց, որ ամիսներ առաջ, առկա ուժերը համախմբելու և համապետական ընտրություններին նախագահի միասնական թեկնածու առաջադրելու Դաշնակցության նախաձեռնությանը, Արցախի քաղաքական մյուս ուժերն ընդառաջ չգնացին, ուստի նախագահի սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու իրենց որոշումն անբեկանելի է:

Ներկայացնելով նախընտրական ծրագրի առանցքային դրույթները, որոնք ներառում են Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, անվտանգային բնագավառները, Դ. Իշխանյանն այդ համատեքստում կարևորել է վերաբնակեցման ռազմավարական հայեցակարգի մշակումն ու իրագործումը: Նրա խոսքով Դաշնակցության ծրագրային դրույթներն ընդգրկում են արցախյան բնակավայրերի համաչափ զարգացումը՝ նախատեսելով բնակարանաշինական ծրագրեր շրջաններում և գյուղական բնակավայրերում՝ որպես ժողովրդագրական ու տնտեսական աճի գրավական: Բացի այդ, կուսակցության նախընտրակական ծրագրի ու ժողովրդագրական ցուցանիշների բարելավման տեսլականի համաձայն, երրորդ երեխայի ծննդի դեպքում՝ մինչև 16 տարեկանը լրանալը՝ պետության կողմից տրամադրվելու է 3-4 միլիոն դրամ աջակցություն: Քաշաթաղի բնակիչներին տեղեկացվեց նաև, որ Դաշնակցության նախընտրական ծրագրում հատուկ նշանակություն է տրվում զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովմանը:

Անկեղծ ու անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում, վերաբնակեցվող շրջանի համայնքի բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ խմելու և ոռոգման ջրի, կապի և հեռահաղորդակցության, բնակարանաշինության, ճանապարհների, սոցիալական առողջապահական և կրթական խնդիրներ:

Ի պատասխան, Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուները նշել են, որ Քաշաթաղի բնակավայրերի խնդիրները մշտապես եղել են իրենց ուշադրության կենտրոնում և բազմիցս իրենց կողմից բարձրաձայնվել են՝ օրենսդիր ու գործադիր կառույցներում: Ավելին, ժամանակին խոսվում էր Քաշաթաղի հարավային թևի և Արաքսի ափի հատվածի զարգացման ծրագրերի մասին, որի գաղափարը, ըստ Դ. Իշխանյանի, Դաշնակցությանն էր: Սակայն առայժմ այդ գաղափարը, հայեցակարգային փաթեթի չի վերածվել:
— Այս հանդիպումները նաև նմանօրինակ խնդիրները վերհանելու լավագույն հնարավորություն է: Սակայն, հարկ է նշել, որ Դաշնակցությունից երբեմն ակնկալում են ավելին՝ քան նրան տված վստահության քվեներն են,-ասել է Դ. Իշխանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի ապագայի համար կարևոր նշանակություն ունեցող առաջիկա ընտրությանը արցախցիները ճիշտ որոշում կկայացնեն: ՀՅԴ նախագահի և պատգամավորի թեկնածուները հավաստիացրել են, որ այսուհետ ևս, ըստ առաջնահերթությունների, վերաբնակեցվող համայնքերի խնդիրների լուծումը լինելու է իրենց հետևողական գործունեության առանցքում:

— Դաշնակցության էությունն ու սկզբուքները համահունչ են հայ ժողովրդի նկարագրին ու ապագայի տեսլականին: Առավել ևս՝ արցախահայության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման համար,-Որոտանում կայացած նախընտրական հանդիպումն ամփոփելով ասել է Դ. Իշխանյանը:


Դաշնակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուներն այնուհետև հանդիպումներ են ունեցել և իրենց ծրագրային դրույթները ներկայացրել Քաշաթաղի շրջանի Կովսականի, Միջնավանի քաղաքային և Փակահանի գյուղական համայնքներում:

Բնակիչներին մտահոգող հարցերն այս համայնքերում նույնն էր՝ խմելու ջրի, ճանապարհների, սոցիալական, գյուղատնտեսական վարկերի ու տոկոսադրույքների անմատչելության, գյուղմթերքների իրացման անհնարինության ու վերամշակող ձեռնարկությունների բացակայության խնդիրներ:

Դաշնակցության թեկնածուները ընտրողներին վստահեցրել են, որ նրանց բարձրաձայնած առանցքային խնդիրները արդեն իսկ տեղ են գտել իրենց ծրագրային դրույթներում: Մյուսների լուծմանը Դաշնակցությունը շարունակաբար հետևողական է եղել և լինելու է իր գործունեության ամբողջ ընթացքում:





Վան Նովիկով