Դավիթ Իշխանյանն Աշանում էր՝ համագյուղացիների աջակցության հաստատումը ստանալու
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դավիթ Իշխանյանն Աշանում էր՝ համագյուղացիների աջակցության հաստատումը ստանալու

Դավիթ Իշխանյանն Աշանում էր՝ համագյուղացիների աջակցության հաստատումը ստանալու

Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն Արցախի համապետական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրն այցելել է հայրենի Մարտունու շրջանի Աշան համայնք՝ առաջին հերթին համագյուղացիներին հաշվետու լինելու, երկրի ղեկավարումը ստանձնելու իր որոշումը եւ նախընտրական ծրագիրը ներկայացնելու, եւ աշանցիների աջակցության հաստատումը ստանալու:

Ժամանակին Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար, հետագայում Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն ու համայնքի ղեկավար, ապա Մարտունու շրջանի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հանդիպելու հրավերին  արձագանքել են նրա մարտական ու դպրոցական ընկերները, գյուղի մտավորականներն ու հողագործները, գյուղի ավագներն ու երիտասարդները: Հանդիպմանը մեծաթիվ համագյուղացիների ներկայությունը միմյանց նկատմամբ փոխհարգանքը եւ փոխվստահությունը հայտնելու եւ միասնական աշխատանք տանելու ոչ պաշտոնական պայմանավորվածությունը ձեռք բերելու առիթ էր:

«Հաղթե՛լ ենք  միասին, չե՛նք զիջի միասին, կզարգանա՛նք միասին» կարգախոսի ներքո նախընտրական քարոզարշավ տանող Դաշնակցություն կուսակցությունը եւ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը նշել է, որ Դաշնակցության նախընտրական ծրագրի ամբողջ էությունն ամփոփված է կարգախոսում:

«Միասին լինելու հանգամանքն ամփոփված է երեք շերտի, մտքի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի տիրույթներում, որոնք կապելու անհրաժեշտություն ենք տեսել.

Հաղթել ենք միասին՝ հայ ժողովրդով, Արցախով ու Հայաստանով, եւ այդ հաղթանակը ոչ մեկը չպետք է վերագրի իրեն, քանի որ հաղթանակներ մենք արձանագրել ենք միասնական լինելու պարագայում:

Չե՛նք զիջելու՝ միասին: Դաշնակցությունն ունի այդ պատրաստակամությունը, բարձրաձայնում է դրա մասին եւ ամրագրում ձեւակերպումով, բայց մենք նաեւ ակնկալում ենք միասին չզիջելու կամք:

Զարգանանք՝ միասին: Զարգացումն էլ պետք է միասին ամբողջականացնենք՝ առանձին-առանձին, անհատապես, շերտ առ շերտ, բայց բոլորով»,- ասել է Դավիթ Իշխանյանը եւ նշել, որ այսօր դաշտը այնքան տրոհված է, որ Դաշնակցության միտումները ուղղորդված են ոչ թե մանդատներին ու տոկոսներին, այլ միասնականությանը:

Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին ուղեկցող ԱՀ համապետական ընտրություններին Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներ Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանն ու Սուրեն Շինդյանն իրենց հերթին ներկայացրել են Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները եւ հայցել ժողովրդի վստահության եւ աջակցության քվեն ինչպես նախագահի, այնպես էլ պատգամավորների  ընտրության հարցում՝ ժողովրդավարական համակարգ կառուցելու, սոցիալական արդարություն եւ օրենքի գերակայություն հաստատելու նպատակով:

«Այս ընտրություններում ժողովուրդը պետք է գնահատի նախագահի թեկնածուների ու կուսակցությունների ծրագրային, գաղափարական պատկերացումները: Դաշնակցության նախընտրական ծրագիրը բխում է կուսակցության ծրագրային հիմնադրույթներից եւ արժանի է վստահության»,- ասել է Արթուր Մոսիյանը:

Հանդիպման վերջում աշանցիները մի շարք հարցադրումներ են ուղղել:

Նշենք նաեւ, որ նախքան աշանցիների հետ հանդիպումը Դաշնակցության թեկնածուները հարգանքի տուրք են մատուցել նահատակված աշանցիների շիրիմներին:

1