Գյուղական կրթօջախների գրադարանների համալրման ծրագիր. Ստեփանակերտում բացվել է ավանդական դարձած «Գրքի բանկ»-ը
Գլխավոր » Երիտասարդական » Գյուղական կրթօջախների գրադարանների համալրման ծրագիր. Ստեփանակերտում բացվել է ավանդական դարձած «Գրքի բանկ»-ը

Գյուղական կրթօջախների գրադարանների համալրման ծրագիր. Ստեփանակերտում բացվել է ավանդական դարձած «Գրքի բանկ»-ը

Փետրվարի 19-ին  Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է  «Գրքի բանկ» ծրագրի պաշտոնական բացումը: Նվիրատվության շնորհիվ գրքերի հավաքագրման այս ծրագիրն իրագործվում է արդեն երկրորդ անգամ՝ Քաշաթաղի շրջանի գյուղական համայնքների դպրոցական գրադարանների համալրման նպատակով:  Այս անգամ հրապարակում տեղադրված գրքի տաղավարում (BookBank) հավաքագրված գրքերը նվիրաբերվելու են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:

Բացման խոսքում կարևորելով  գիրք նվիրելու օրվա խորհուրդն ու արդեն ավանդույթի վերածվող «Գրքի բանկ» ծրագիրը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու, արձակագիր  Հերմինե Ավագյանը նշեց, որ գիրքը կրթադաստիարակչական, ուսուցողական նշանակության հետ նաև մեկտեղում է  ինքնակատարելագործման  ու զարգացման մղումը:

«Մեր կյանքը պիտի լեցուն լինի գրքերով, որոնք լի են կյանքով»,- մեջբերեց  Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն՝ բարեմաղթանքով, որ նման գրքերը շարունակաբար ուղեկից լինեն բոլորին: Բարձր գնահատելով գյուղական դպրոցների գրադարանների համալրմանը միտված «Գրքի բանկ» ծրագրի նախաձեռնությունը,  Հ. Ավագյանը  շնորհակալություն հայտնեց  կազմակերպիչներին՝ հավելելով, որ  Համազգային հայ կրթական և մշակութային միությունը միշտ պատրաստակամ է՝  աջակցելու նմանօրինակ  բարի ձեռնարկումներին:  

«Գրքի բանկ»-ի անդրանիկ ներդրումը կատարեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝  նախ մեծանուն գրող  Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին նվիրված գիտական աշխատանքների ժողովածուով, ապա՝ գերատեսչության կողմից նվիրաբերված տասնյակ գրքերով: Նախարարը հույս հայտնեց, որ տաղավարի  շարունակական համալրման շնորհիվ շատ շուտով Աղավնոյի դպրոցականները կունենան այն գրքերի գոնե մի մասը, որը ցանկանում էին տեսնել իրենց կրթօջախի գրադարանում: Լեռնիկ Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ առաջիկայում պահանջված գրքերի բավականաչափ   խմբաքանակի նվիրատվություն է սպասվում նաև Հայաստանի մշակութային հիմնադրամի կողմից:

Աղավնոյի դպրոցի գրադարանին գիրք է նվիրաբերել նաև  միջոցառմանը ներկա՝  ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար  Արմեն Սարգսյանը:

Բացմանը ներկա բազմաթիվ մասնակիցների կողմից նվիրաբերված գրքերի առաջին խմբաքանակով «Գրքի բանկ»-ում  իր ներդրումը կատարելուց հետո, «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը կարծիք հայտնեց, որ   Գիրք նվիրելու օրը նաև գիտելիք և մշակույթ փոխանցելու գաղափար է պարունակում:

«Ծրագրի առաջին, հաջողված փորձը, որի շրջանակում բավականաչափ գրքեր նվիրաբերվեցին և շատ արագ համալրվեց Գրքի բանկը, վկայում է, որ այն լայն ընդունելություն է գտել: Ներկայումս գրքի նկատմամբ վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է: Պատերազմի հետևանքով գրքի նկատմամբ անուշադրությունն աստիճանաբար անցել է, և ներկայիս սերունդը վերադարձել է մշակութային ակունքներ, ասել է թե՝ դեպի գիրք ու գրավոր խոսք»,-նշել է Ս. Շահվերդյանը:

ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության անդամ Վահագն Խաչատրյանն իր խոսքում, նախաձեռնությանն աջակցելու համար՝ հանձինս նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, շնորհակալություն  հայտնելով  ՄԵՀԶ նախարությանը, նշեց, որ 2018 թվականին գրքերի նվիրատվության շարունակական ծրագրի առաջին նախաձեռնության իրագործման շնորհիվ հաջողվեց անհրաժեշտ գրականությամբ  հնարավորինս  համալրել Քաշաթաղի Քաշունիք համայնքի  դպրոցական գրադարանը:

«Գիրքը հաճելի և սպասված նվերների ցանկում է: Տարեցտարի գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների և մասնակիցների թիվն աճում է, ինչը վկայում է միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթի վերականգնման մասին»,-համոզմունք հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Փետրվարի 19-ին  նշվում է Ամենայն հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:  Նշենք, որ ի նշանավորումն՝  Գիրք նվիրելու օրվա և Մեծ պոետի ծննդյան տարեդարձի,  Ստեփանակերտի  հրապարակում կայացած  միջոցառումն ուղեկցվել է նաև դպրոցականների ասմունքով:

Հավելենք, որ «Գրքի բանկ» տաղավարը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղակայված կլինի մինչև մարտի 1-ը: Այս ընթացքում բոլոր ցանկացողները կարող են գիրք նվիրելու միջոցով նպաստել Աղավնոյի դպրոցի գրադարանի համալրման ծրագրին:

Վան Նովիկով

Լուս.՝ Լուսինե Թեւոսյանի

1