Դիվանագիտությունը մշտական զգոնություն է պահանջում
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Դիվանագիտությունը մշտական զգոնություն է պահանջում

Դիվանագիտությունը մշտական զգոնություն է պահանջում

Ավելի քան 30 տարի է` հայկական դիվանագիտության պաշտոնական եւ ոչ պաշտոնական թիվ մեկ խնդիրը Արցախի հիմնահարցի լուծումն է: Ժամանակ առ ժամանակ, հայկական շահերից ելնելով կամ դրանց հակընդդեմ, միջազգային բեմերում հնչում են հայտարարություններ, որոնք մեր կամ ադրբեջանական կողմի ոգեւորության կամ հիասթափության առիթն են դառնում: Ինչեւէ, դիվանագիտության հաջողությունը պահանջում է հարատեւ մշտական աշխատանք: Այդ աշխատանքի մեջ չի կարելի անտեսել անցյալի ձեռքբերումներն ու բացթողումները, եւ ներկա աշխատանքը պետք է կառուցել նախկին հաջողությունները զարգացնելու կամ նախկին անհաջողությունը սրբագրելու համար: Ինչպես էլ ուզենանք անվանել Արցախի շուրջ ծավալվող դիվանագիտական աշխատանքը, հստակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են բանակցություններ: Այս առումով՝ բանակցություններ են ինչպես ընդհանուր փաստաթղթի շուրջ մտքերի փոխանակության, այնպես էլ փաստաթղթի յուրաքանչյուր մանրուքի շուրջ կողմերի ընկալումների նույնականացման ուղղությամբ ընթացող զրույցները:

Հայկական մամուլում շատ է խոսվում հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժամեր շարունակ տեւած հանդիպման մասին եւ դրանից հետո, ինչպես միշտ, եռանախագահների եւ երկու կողմերի քիչ բան ասող հայտարարության մասին: Իհարկե, բոլոր կողմերն էլ փորձել են ինչ-որ ձեւով բացահայտել բանակցային նյութի մի հատված, սակայն ընդհանուր պատկերը այդպես էլ մնում է չբացահայտված: Դրան զուգահեռ, վերջին շաբաթում Ադրբեջանի կողմից հնչել են երկու հայտարարություններ, որոնք ինչ-որ տեղ մտահոգության առիթ են տալիս: Առաջինը Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությունն էր, որտեղ մտահոգություն էր հայտնվում «ԼՂ հայկական համայնքի  իրավունքների մասին», իսկ մյուսը Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մտահոգությունն էր, ըստ որի «Հայաստանի կողմից  Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան միջուկային ահաբեկչության սպառնալիք է ստեղծում»:

Թեեւ Արցախի ԿԸՀ-ն եւ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել են Ադրբեջանի ԿԸՀ-ի «մտահոգությանը», իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի սպառնալիքի վտանգին, այնուամենայնիվ զգալի է, որ Ադրբեջանը փորձում է ակտիվ դիվանագիտական գրոհ կազմակերպել:

Զուգահեռաբար, պետք է նկատի ունենալ, որ փետրվարի վերջին Ադրբեջանի կողմից դարձյալ շեփորահարվելու է Խոջալուի շինծու ցեղասպանության քարոզչական հնարքը:

Այս բոլորին հայկական կողմը պետք է նախապատրաստվի բոլոր դիվանագիտական հարթակներում: Այս օրերին Արցախում զբաղված լինելով նախընտրական գործընթացներով, քաղաքական համապատասխան պատասխանատուների համար կարծես թե երկրորդական տեղ է գրավում Ադրբեջանի կողմից կիրառվող այս ակտիվությունը: Նկատելի է, որ Արցախի ԱԳՆ-ն չի արձագանքել ոչ միայն Ժնեւյան հանդիպման ընթացքում ծագած անդրադարձներին, ինչպես նաեւ լռում է Ադրբեջանի ԿԸՀ-ի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների առնչությամբ:

Անկախ ներքին քաղաքական վայրիվերումներից ու թոհուբոհներից, արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության առանցքային այն ուղղությունն է, որտեղ ընկրկումն ու հապաղումը կարող է ունենալ այնպիսի հետեւանքներ, որոնց վերացման համար շատ ավելի ջանք եւ ներուժ է պահանջվելու:

«Ապառաժ»-ի խմբագրական,

13 փետրվարի, 2020թ.

1