Ակտիվ երիտասարդությունը բարեկեցիկ ապագայի երաշխիք է. Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Երիտասարդական » Ակտիվ երիտասարդությունը բարեկեցիկ ապագայի երաշխիք է. Դավիթ Իշխանյան

Ակտիվ երիտասարդությունը բարեկեցիկ ապագայի երաշխիք է. Դավիթ Իշխանյան

2020 թվականի Արցախի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի երիտասարդության բաժինն ամբողջացնելու համար ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը փետրվարի 6-ին հանդիպում-զրույց է ունեցել Արցախի մոտ 100 երիտասարդների հետ:

Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում երկու ժամից ավել տեւած հանդիպում-զրույցի ընթացքում Արցախում գործող տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ակտիվ երիտասարդները ծանոթացել են երիտասարդության բնագավառում Դաշնակցության սկզբունքային մոտեցումներին եւ ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները:

«Ապառաժ»-ը գրի է առել հանդիպման ընթացքում հնչած կարեւոր մտքերն ու տեսակետները:

Երիտասարդների դերը

Դավիթ Իշխանյան. «Երբ խոսում ենք երիտասարդության մասին, պետք է հասկանալ, որ ապագան երիտասարդությանն է: 1980-90-ական թվականներին, երբ Արցախը գոյության պայքար էր տանում, այդ պայքարի ծանրակշիռ բաժինը այդ ժամանակաշրջանի երիտասարդության վրա էր դրված, եւ այդ ժամանակաշրջանի մարտահրավերներին մեր սերունդը կարողացել է իրականորեն դիմակայել, կողմնորոշվել, ցուցաբերել նախաձեռնողականություն՝ դառնալով ազգային ազատագրական պայքարի հիմնական մասնակիցը եւ հաջողություններ արձանագրողը:

Այսօր տեղերը եւ դերերը փոխված են: Նոր սերունդ, նոր մարտահրավերներ եւ նոր մարտահրավերներին նոր մոտեցումներ: Այսօր փոխվել են մեր առջեւ ծառացած խնդիրները՝ ոլորտային, անվտանգության եւ պաշտպանության, սոցիալական, կրթական ոլորտներին առնչվող հարցեր, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: Եվ ապագա այս մարտահրավերներին դիմակայելու համար երիտասարդությունն իր մեջ պետք է ամբողջացնի այդ ապագայի տեսլականը: Երիտասարդությունն այսօր պետք է գործի որպես մեկ բանակ՝ ոչ պաշտպանական առումով: Այսօր գործում են Երիտասարդական խորհրդարանը, երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդական հարցերի նախարարությունը, բայց ամբողջական երիտասարդական դաշտը պետք է ունենա այդ գիտակցումը՝ մեկ միասնական բանակ լինելու:

Երիտասարդական դաշտը պետք է ներգրավված լինի քաղաքական գործընթացներին, քաղաքական ինքնագիտակցություն եւ քաղաքական կողմնորոշում ունենա՝ բանակ հասկացության դերակատարը լինելու համար:

Երիտասարդությունը պետք է գիտակցի նաեւ, որ լավ ուսումը լավ ապագան է՝ ոչ միայն անձնական, այլեւ համընդհանուր խնդիրների բարելավման առումով: Եթե մենք չկարողանանք ստանալ բավարար պատկերացումներ եւ պայմաններ՝ համաշխարհային համապատասխան զարգացումների վերաբերյալ, ապա մենք չենք կարողանալու ինքներս մեր համար ապահովել բարեկեցիկ կյանք:

Յուրաքանչյուր երիտասարդ պետք է պատկերացում ունենա, թե ինչպես է ինքը դերակատար լինելու այդ ապագայում: Երիտասարդների ակտիվությունից ու նախաձեռնողականությունից է կախված մեր առաջիկա զարգացման գործընթացը: Ակտիվ երիտասարդությունը բարեկեցիկ ապագայի երաշխիք է: Որքանով ակտիվ է մեր երիտասարդությունն, նույնքանով կարող ենք ակնկալել մեր ապագան:

Նշենք, որ օրվա ընթացքում «Ապառաժ»-ը ներկայացնելու է հանդիպման-զրույցի այլ մանրամասներ եւս:

1