Շարունակվում են «Dentex»-ի բարեգործական ծրագրերը
Գլխավոր » Լրահոս » Շարունակվում են «Dentex»-ի բարեգործական ծրագրերը

Շարունակվում են «Dentex»-ի բարեգործական ծրագրերը

«Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կլինիկան երկրորդ անգամն է, ինչ իրականացնում է բարեգործական ծրագրեր: 2016-ից կլինիկայի կողմից գործում է ‹‹Զինվոր›› բարեգործական ծրագիրը, որի հիմքում անվճար բուժօգնություն է ցուցաբերվում զինծառայողներին:

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ն նոր բարեգործական ծրագրի շրջանակներում բժշկական անվճար ծառայություններ է իրականացրել Արցախի սահմանամերձ բնակավայրերում՝ Թալիշում եւ Մատաղիսում:

Բարեգործական ծրագրի իրականացման համար ձեռք է բերվել շարժական կլինիկա՝ իր կահավորմամբ ու բժշկական ժամանակակից սարքավորումներով: Խմբում ընդգրկվել են բուժքույր, բժիշկ-ստոմատոլոգ եւ բժիշկ-օրթոպեդ, որոնք անվճար բուժօգնություն են մատուցել մանուկներին եւ տարեցներին, իրականացրել ատամների հեռացման եւ պրոթեզավորման ծառայություններ: Իսկ լուրջ վիրահատությունների դեպքում հիվանդները համապատասխան բուժծառայություն են ստացել մասնագիտացված կլինիկայում:

‹‹Ապառաժը›› բարեգործական ծրագրի մասին զրուցել է ԱՄՆ Ֆիլադելֆիա  քաղաքի «Դենտեքս Դենտալ Գրուպ» մայր կլինիկայի եւ Ստեփանակերտի մասնաճյուղի   հիմնադիր-տնօրեն, արցախցի Ալբերտ Ալոյանի հետ: Ալբերտ Ալոյանը նշել է, որ բարեգործական ծրագիր իրականացնելը մտահղացել է այն ժամանակ, երբ իր ներկայությամբ ատամնաբուժական կլինիկայի սկզբնավորման ժամանակ երիտասարդ բժիշկներից մեկը զինծառայողին սպասարկելու համար զորամասից պահանջել է բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք: Բժիշկ Ալոյանի խոսքով՝ նրան բարկացրել է այդ երեւույթը: Այս կապակցությամբ հաշվի առնելով զինծառայողների՝ կլինիկա հասնելու եւ այնտեղ բուժօգնություն ստանալու խնդիրները՝ նա որոշել է բարեգործական ծրագրի հիմքում անվճար բուժօգնություն ցուցաբերել զինծառայողներին: Ծրագրի առաջարկությամբ Ալբերտ Ալոյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որն արագ արձագանքել է խնդրին եւ ընդառաջել նրան: Հետագայում բժիշկ Ալոյանը հանդիպել է ԱՀ ՊԲ նախարարի հետ եւ քննարկել զինծառայողներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու բարեգործական ծրագրի մանրամասները:

Ծրագրի իրականացման ժամանակ կլինիկայի աշխատակիցները նկատել են, որ անվճար բուժօգնության կարիք ունեն ոչ միայն զինծառայողները, այլեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները: Այս առումով որոշել են նախաձեռնել նոր բարեգործական ծրագիր՝ արդեն Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար: Խորհրդակցելով կլինիկայի հիմնադիր Ալբերտ Ալոյանի հետ, վերջինս մեծ պատրաստակամությամբ որոշել է աջակցել ծրագրի իրականացմանը:

‹‹Սահմանամերձ գյուղի բնակիչները սոցիալապես անապահով են եւ հնարավորություն չունեն վճարելու բժշկական ծառայությունների դիմաց, որի համար որոշել ենք այս ծրագիրն իրագործել նաեւ այնտեղ››,- նշել է Ալբերտ Ալոյանը:

Վերջինս հավելել է, որ կլինիկայի աշխատակիցները սկզբում վարանում էին Թալիշ այցելել, այնուհետեւ հասնելով այնտեղ, խիզախել են հանձն առնել այդ առաքելությունը եւ հայրենասիրության զգացումով տոգորված կատարել իրենց պարտքը:

‹‹Դա մեր բոլորի պարտքն է՝ անել այն, ինչ կարող ենք: Ես կոչ եմ անում արտերկրի եւ Արցախի մեր հայ բժիշկներին՝ միանալ մեր շարժմանը, եւ յուրաքանչյուրս կատարենք մեր առաքելությունը››,-հպարտությամբ ասել է նա:

Բժիշկ Ալոյանի խոսքով՝ հերթական այցը նախատեսում են Արցախի Մեխակավան (Ջեբրայիլ) գյուղ:

‹‹Մեր ժողովուրդը զինվորի պես ուժեղ է, զարմանալի ամուր եւ տոկուն››,-հավելել է նա:

Մեզ հետ զրույցում «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ գլխավոր բժիշկ Աիդա Հարությունյանը  նշել է, որ կլինիկայի արցախյան մասնաճուղի բժիշկները բարեգործական ծրագրի շրջանակներում սպասարկել են առաջնագծում կանգնած շարքային զինվորներին: Նրա խոսքով՝ համապատասխան դեղորայքն ու ստոմատոլոգիական սարքավորումները թանկ են, բայց կլինիկայի հիմնադիրներ Ալբերտ եւ Կարինե Ալոյանները ժամանակին ուղարկոմ են դրանք: Գլխավոր բժիշկը հավելել է, որ վերջերս Կարինե Ալոյանն անձամբ է ներկա գտնվել բարեգործական ծրագրի իրագործման աշխատանքներին:

Աիդա Հարությունյանը պատմել է, որ շարժական մեքենան տեղափոխել են Թալիշ՝ տեղացիներին սպասարկելու նպատակով: Նախօրոք կազմված գրաֆիկի համաձայն՝ հերթափոխով չորս բժիշկ ամեն օր մեծ խանդավառությամբ, առանց տրտնջալու եւ բողոքելու հասնում էր հեռավոր Թալիշ եւ Մատաղիս՝ անվճար բուժօգնություն ցուցաբերելու այդ գյուղերի բնակչությանը: Այդ կարճ ժամանակամիջոցում  կլինիկայի աշխատակիցները հասցրել են սպասարկել նաեւ շարժական պրոթեզների կարիք ունեցող տարեցներին:

‹‹Ամեն անգամ Թալիշ այցելելով՝ զարմանում եմ տեղացիների կամքի ուժով եւ հերոսականությամբ: Ուժեղ եւ համարձակ են թալիշցիները››,- հավելել է նա:

Տիկին Աիդան նշել է, որ կլինիկայի տնօրենությունը բավականին պահուստային դեղամիջոցներ է տրամադրել Թալիշի բուժկետին, 20 օրվա ընթացքում իրականացրել շարժական 17 պրոթեզավորում:

Աիդա Հարությունյանը հավելել է, որ Թալիշի բնակիչներն անհամբեր սպասում են նրանց հերթական այցին, իսկ բարեգործական ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Հասմիկ Հակոբյան

1