«Այս տոնը ապրելու, ունեցածին տեր կանգնելու և նորը ստեղծելու ամենօրյա պատգամ է». Դավիթ Իշխանյան
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի ֆեսյբուքյան գրառումն ամբողջությամբ.
«Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայրենյաց պաշտպանի օրն է: Հունվարի 28-ը այն կարևոր տոներից է, որը պետք է արժևորվի յուրաքանչյուրիս կողմից եւ դառնա բոլորինս՝ սահմանապահ զինվորից մինչև ամենահեռավոր գյուղի դպրոցում աշխատող ուսուցիչը, հայոց պատմության դասը պատմող աշակերտից մինչեւ սփյուռքի գաղթօջախներում ուծացման վտանգը ամեն օր հաղթահարող երիտասարդը: Այս տոնը բոլորինս է՝ անկախ մասնագիտությունից, քաղաքական հայացքներից, աշխարհագրական տեղից, անկախ այն ամենից, ինչը միավորում եւ ինչը զանազանում է մեզ: Այս տոնը ապրելու, ունեցածին տեր կանգնելու և նորը ստեղծելու ամենօրյա պատգամ է, մարտահրավերներից չճկվելու և հայրենիքի հանդեպ պարտականությունների անտրտունջ կատարելու վճռականություն: Այս տոնը արտաքին և ներքին սադրանքներին չտրվելու զգոնություն է հուշում: Այս տոնը խոսում է պատասխանատվության, աշխատասիրության, կամքի և ոչ թե շռայլ ու անօգուտ խոսքերի մասին: Շնորհավո’ր պատերազմներում թրծված ու հասակ առած Հայոց բանակի տարեդարձը, թող հաղթական լինի մեր երթը ու մեր նպատակները տկարություն չճանաչեն…»