Նոր բրենդ Արցախում
Արցախում կյանքի է կոչվել «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագիրը: Նախաձեռնության հեղինակն է Աշոտ Մարգարյանը, ով Լոնդոնի համալսարանական քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Արցախ եւ այսօր մեծ եռանդով աշխատում է Արցախում: Ա. Մարգարյանի հավաստմամբ՝ «Woodpeckers» բրենդի ներքո պատրաստվում եւ վաճառվում են փայտե խաղալիքներ: Իսկ խաղալիքների առանձնահատկությունն, ըստ Ա. Մարգարյանի, կայանում է նրանում, որ այդ խաղալիքները յուրահատուկ են ոչ միայն իրենց բարձր որակով եւ գեղեցիկ դիզայնով, այլեւ նրանով, որ ներկվում են երեխաների կողմից:
Աշոտ Մարգարյանի հավաստմամբ՝ խաղալիքների վաճառքից գոյացած եկամտի 50 տոկոսը բաժին է հասնում ծրագրին մասնակից երեխաներին, ինչպես նաեւ մանկատանը նրանց կարիքների ապահովանը:
Ա. Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր կյանքի կոչել, առանց փայտագործ Կարեն Գասպարյանի պատրաստակամության եւ Արևիկ Դանիելյանի գործուն մասնակցության:
Նախաձեռնության ակտիվ մասնակիցներից են նաեւ Քնար Խաչատրյանը, Լիլիթ Հարությունյանը, Արտակ Բեգլարյանը, Արման Արուշանովը, Սյուզաննա Արուշանովան:
Ի դեպ, «Woodpeckers»-ը չի սահմանափակվում միայն խաղալիքների արտադրությամբ. այն ներառում է պայուսակներ, բարձեր, էջանիշներ, հուշանվերներ: Ծրագիրը նաեւ հարթակ է բոլոր տաղանդավոր արցախցիների համար, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:
«Մեր այս նախաձեռնության նպատակը տեղական արցախյան բրենդի ձևավորումն է, որի շնորհիվ կստեղծվի համագործակցության մի մեծ ցանց Արցախում,- նշեց Ա. Մարգարյանը եւ հավելեց,- տասնյակ մարդիկ, ովքեր ապրում են տարբեր շրջաններում, հեռավոր գյուղերում, հնարավորություն կունենան վաճառելու իրենց ձեռքի աշխատանքը շուկայում>>:
«Woodpeckers»-ի շրջանակներում Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում արդեն իսկ տեղադրվել են թռչնի բներ:
Ի դեպ, «Woodpeckers»-ի արտադրանքը ներկայացված է արցախյան խանութներում, իսկ աշխարհի տարբեր ծայրերից պատվերներն ընդունվում են ֆեյսբուքյան էջի միջոցով: