Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է Վարդինե Օհանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է Լիբանանի Երիտասարդության եւ սպորտի հարցերի նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանին:
Ձեր ուշադրությանն են ներկայացնում Լեռնիկ Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ.
«Հարգարժան գործընկեր, շնորհավորում եմ Ձեզ երիտասարդության և սպորտի կարևոր ու հետաքրքիր ոլորտների ղեկավարման լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, ոլորտներ, որոնց զարգացումն ու արդյունավետ ղեկավարումը կարող է պայմանավորել երկրի ապագան ու ներկայանալիությունն արտերկրում: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն ու լիահույս եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև կծավալվի կառուցողական համագործակցություն, որն ավելի կամրացնի մեր երկրների միջև բարեկամական շփումն ու հիմք կհանդիսանա բացառիկ նախագծերի համատեղ իրականացման համար»: