Սեփական թեկնածուով հանդես գալը կշռադատված որոշում էր. Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Լրահոս » Սեփական թեկնածուով հանդես գալը կշռադատված որոշում էր. Դավիթ Իշխանյան

Սեփական թեկնածուով հանդես գալը կշռադատված որոշում էր. Դավիթ Իշխանյան

«Ապառաժ»-ի զրուցակիցը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, 2020թ. Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Իշխանյանն է, իսկ թեման՝ 2020թ. կայանալիք համապետական ընտրությունները, 2019թ. ՀՅԴ Արցախի կառույցի կատարած աշխատանքները և անելիքները:

-Վերջին ամիսներին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն բանակցություններ է սկսել Արցախի քաղաքական ուժերի և ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ՝ միասնական օրակարգի և ԱՀ նախագահի հավանական թեկնածուի հարցի շուրջ: Իսկ դեկտեմբերի 15-ին ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը որոշել է առաջադրել Ձեր թեկնածությունը: Ինչպե՞ս է կայացվել այդ որոշումը:

-Քաղաքական գործընթացներով հետաքրքրված շրջանակները պարզ ընկալել և հասկացել են այդ որոշման իմաստը և անհրաժեշտությունը: Վերջին 6 ամիսների ընթացքում մեր քաղաքական գործունեության հիմնական առանցքը և ջանքերն ուղղված էին 2020թ. համապետական ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ տանելու և քաղաքական գործընթացների մեջ մեր վերջնական որոշումը կայացնելու առումով: Երբեմն հարցադրումներ են լինում, թե ինչո՞ւ Դաշնակցությունն այդ կարգի որոշում ընդունեց, ինչո՞ւ Դաշնակցությունը որոշեց սեփական թեկնածու առաջադրել: Այդ հարցադրումները վիրավորական են և անհասկանալի:

Համաձայնեցված թեկնածու ունենալու փաստը հաճախ աղավաղված և աղճատված ձևով է ներկայացվում: Մեր նախաձեռնության հիմնական նպատակն էր համախմբում ստեղծել՝ հանուն մեր ներքին միասնության, մեր առջև ծառացած մարտահրավերների դիմակայման, հաղթահարման և հանուն մեր ապագայի զարգացման: Այդ առումով՝ անհրաժեշտ է միասնական օրակարգ ունենալ և դրա շուրջ համախմբվել: Սակայն նախաձեռնությունն ամբողջական արդյունավետություն չունեցավ: Մենք մասնակի հաջողություններ արձանագրեցինք, որոնք հիմնականում վերաբերում են միասնական օրակարգի շուրջ ընդհանուր տեսակետներ ունենալուն և համախոհության մթնոլորտին: Այդ օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու փաստը այդպես էլ չկայացավ և դրա հեռանկարները՝ եթե ամբողջովին սպառված չեն, ապա այս հանգրվանում գոնե գրեթե հնարավոր չեն:

Ինչ վերաբերում է այս որոշմանը, ապա այն կայացվել է մեր ընթացակարգին համապատասխան: Հուլիսին կայացած ՀՅԴ Արցախի կառույցի բարձրագույն ժողովն ընտրված Կենտրոնական կոմիտեին հստակ առաջադրանք տվեց նախաձեռնություն ցուցաբերել և վերը հիշատակված գործընթացներում հաջողություններ ունենալու դեպքում համախմբվել որևէ թեկնածուի շուրջ: Անկախ քննարկումների արդյունքներից, պետք է հրավիրվեր Արտակարգ ժողով և վերջնական որոշումը կայացվեր հենց այդ ժողովում: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, տվյալ գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելով հանդերձ, հրավիրեց Արտակարգ ժողով և ներկայացրեց անցած վեց ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները: Արդյունքների քննարկմամբ և տեսակետների բյուրեղացումով կայացվեց այդ որոշումը: Արտակարգ Շրջանային ժողովին մասնակցում էին մեր շրջանային կառույցների պատասխանատու կազմերը, պաշտոնատար ընկերները, երիտասարդական միության և ՀՅԴ ուղեկից կառույցների ներկայացուցիչները (Հայ օգնության միության Արցախի միավոր, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակ, ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղ- Տ.Ա.): Ժողովի կազմը, կայացրած որոշումն էլ հենց վկայում է, որ ժողովը եզրակացության է հանգել ոչ միայն ԿԿ-ի, այլ Արցախի ողջ տարածքում ներկայացված կազմի մտքերի փոխանակման արդյունքում:

Չպետք է զարմանալ այդ որոշման վրա, այլ պետք է ողջունել, չպետք է կասկածամտությամբ վերաբերվել, այլ պետք է ունենալ համոզմունք, որ այն լավագույն և ճիշտ որոշումն էր ՀՅԴ Արցախի կառույցի համար: Սեփական թեկնածուով հանդես գալը կշռադատված որոշում էր:

-ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը որոշել էր ՀՅԴ նախընտրական ծրագիրը հիմնել մի շարք դրույթների վրա, որոնցից է նաև ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում և արդյո՞ք այդ կետը Արցախի հիմնախնդրի կարգավորման ՀՅԴ հիմնական դրույթն է:

-Արտակարգ ժողովի կողմից հրապարակված սկզբունքները համապատասխանում են օգոստոսի 30-ի՝ ՀՅԴ Արցախի ԿԿ հայտարարությանը և հուլիսին կայացած Շրջանային ժողովի ավարտին հնչեցված հայտարարությանը: Այդ սկզբունքներն այն հիմնասյունն են, այն անփոփոխ ուղղությունները, որոնց շուրջ մենք պատկերացնում ենք 2020թ. համապետական ընտրություններից հետո Արցախի զարգացումը: Այսինքն, Արցախի զարգացման հեռանկարները պայմանավորված են հենց այդ սկզբունքների հետևողական կիրառմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրը տարածքային ամբողջականության ապահովումն է: Այն իր մեջ ներառում է ներկայիս Արցախի Հանրապետության իրավազորության տակ գտնվող տարածքները և այն տարածքները, որոնք բռնազավթված են Ադրբեջանի կողմից:

ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածին հավատարիմ և հետևողական լինելու հանգամանքը չի սահմանափակվում միայն Սահմանադրության համապատասխան հոդվածի առկայությամբ: Այդ հոդվածի անշեղ կատարումը ենթադրում է լուրջ ջանքեր, անվտանգության մակարդակի բարձրացում, ժողովրդագրական իրավիճակի փոփոխություն և նմանատիպ մի շարք ուղղություններ, որոնցով հենց պայմանավորված է մեր տարածքային ամբողջականության ապահովումը: Շատ կարևոր է ճշգրտել յուրաքանչյուր կուսակցության տեսակետը հենց այդ սկզբունքի՝ տարածքային ամբողջականության մասին: Կարծում եմ, որ շատ քիչ տարբերություններ կարող են լինել այս կամ այն կուսակցության որդեգրած քաղաքական գծի մեջ, բայց ընդհանրության մեջ Դաշնակցության համար սա կարևոր կետ է, որի շուրջ ակնակալում էինք ընդհանուր համախմբում:

-Ի՞նչ հանգրվանում է գտնվում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստորագրման գործընթացը՝ հաշվի առնելով նաև այս տարվա մայիսին ՀՅԴ նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը:

-Երբ խոսում ենք անվտանգության համակարգի ուժեղացման և անվտանգության  երաշխավորի, բաղադրիչի ապահովման մասին, այստեղ մենք նկատի ունենք նաև Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը և իրավական փաստաթղթի առկայությունը: Երկու սուբյեկտները՝ ՀՀ-ն և ԱՀ-ն, պետք է հարաբերություններն ամբողջապես կառուցեն իրավապայմանագրային հիմքերով: Երկու կողմերի միջև համապատասխան փաստաթուղթը պետք է տարբերվի միջգերատեսչական հուշագրերից, պայմանագրերից և այլ իրավական ակտերից: Մենք ունեինք այդ դաշինքը կնքելու հնարավորությունները և բոլոր նախադրյալները, հատկապես՝ 2016թ. ապրիլից հետո, երբ մենք նաև մոտ էինք այդ ամբողջական փաստաթղթի ստորագրմանը:

Թեմայի առթիվ ՀՅԴ կառույցի և Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ մայիսին ֆորում կազմակերպվեց, որի նպատակը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հարցի քննարկումն էր և այդ գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելը: Կազմավորվեց կազմկոմիտե, որի մեջ ներառված են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ: Այն պետք է նախաձեռներ ընդհանուր ստորագրահավաք, նաև պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեին փաստաթղթի ստորագրման հիմքը նախապատրաստելու համար, բայց, ցավոք սրտի, մենք առայսօր չունենք ռազմավարական դաշինք: Այդ առումով 2020թ. ընտրություններից հետո մեր ընդհանուր սկզբունքների և որդեգրած քաղաքականության մեջ այս կետը լինելու է հիմնական ուղղություններից մեկը:

-ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից է հռչակվել սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և ներազգային համերաշխության ապահովումը: ՀՅԴ-ն մաս է կազմում գործող իշխանությանը, հնարավոր չէր արդյո՞ք այդ խնդիրները լուծել անցած տարիների ընթացքում:

-Նկատի առնելով այն, որ հիմա նախընտրական շրջան է և պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանում չենք, ես կվկայակոչեմ 2015թ. խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ որդեգրած քաղաքական գիծը և հիմնական սկզբունքները: Սոցիալական արդարություն հաստատելը, սոցիալական հիմնախնդիրներից խոսելը չի նշանակում, որ իշխանության մեջ լինելով որևէ ձևով պարտավորված ենք լռել ու դրա մասին չբարձրաձայնել: Իշխանության մեջ լինելով մենք ավելին ենք տեսել: Տեսնում ենք, որ անհրաժեշտություն կա այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու: Սոցիալական անարդարության դեմ պայքարը,  որպես սոցիալիստական, ընկերվարական կուսակցություն, նաև մեր էության մեջ է. համախառն ներքին արդյունք, պետական բյուջեի հնարավորություններ, իրականացվող ծրագրեր, կենսամակարդակ, նվազագույն աշխատավարձ, սպառողական զամբյուղ: Մենք համոզված ենք, որ սոցիալական արդարության սկզբունքի կիրարկումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում: Պետական կառավարման համակարգը դեռևս այնքան հղկված,  ամբողջականացված չէ, օրենսդրական դաշտում ևս փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Օրենսդրական դաշտում և կառավարման համակարգում փոփոխությունները պետք է նպաստեն, որ մոտենանք սոցիալական դժգոհությունների վերացմանը և սոցիալական արդարության հաստատմանը: Այստեղ խնդիրը իշխանության մեջ լինելու փաստը չէ:

-Վերջերս հաճախակի են հնչում կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի կոչեր: Արդյո՞ք բավարար եք համարում դրանց դեմ պայքարը և ի՞նչ նոր միջոցառումներ եք նախատեսում այդ ուղղությամբ:

-Կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարն անընդհատ գործընթաց է, որին մենք պետք է հետամուտ լինենք: Իհարկե, երբ մենք խոսում ենք կոռուպցիայի և հովանավորչության մասին, փորձում ենք վերաքննության ենթարկել վերջին 12 տարիների ընթացքում իրականացված փոփոխությունները: Անշուշտ, մենք ունենք բավականին հաջողություններ կաշառակերության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Դա ոչ միայն գործադիրի, այլ նաև օրենսդրական դաշտի, օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների, նաև դատաիրավական համակարգի գործունեության խնդիրներից մեկն է: Մենք պետք է ունենանք տարանջատված, զսպումների և հակակշիռների լուրջ մեխանիզմներ, որով մենք կկարողանանք նվազագույնի հասցնել երկրում կոռուպցիայի, հովանավորչության էլեմենտները: Այստեղ կարևոր են Սահմանադրության բուն էությունը և նրա պահանջները: Ցավոք սրտի, ներկա Սահմանադրությունը մեր գնահատմամբ լիարժեք չի ապահովում հակակշիռների և զսպումների մեխանիզմը:

-ՀՅԴ-ն Արցախի Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դեմ էր այս Սահմանադրությանը, և սպասելի էր, որ նախընտրական ծրագրում դրան անդրադարձ կլիներ: Բայց արդյո՞ք օրախնդիր եք համարում նոր Սահմանադրության ընդունումը:

-Հավանաբար, տեղին է մեր հանրությանը հիշեցնել 2017թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ Դաշնակցության որդեգրած քաղաքական գիծը և կեցվածքը: Այսինքն, մենք դեմ լինելով Սահմանադրությանը, նաև մի շարք հիմնավորումներ ներկայացրինք նոր Սահմանադրության ընդունումից հետո հնարավոր բացասական երևույթների մասին: Մասնավորապես, մենք ժամանակին անդրադարձանք, որ համաժամանակյա ընտրությունները, որի շեմին այսօր կանգնած ենք, ճգնաժամային իրավիճակներ առաջացնելու լուրջ վտանգներ է պարունակում նախընտրական կամ հետընտրական փուլում: Այդ առումով կարևորում ենք Սահմանադրության մեջ էական փոփոխություններ մտցնելը 2020թ. համապետական ընտրություններից հետո: Այդ հարցը քննարկման առիթ էր դարձել նաև անցած ամիսներին կուսակցությունների հետ խորհրդակցությունների ժամանակ: Որոշ կուսակցություններ համակարծիք են մեր մոտեցումներին: Մենք ընտրություններից անմիջապես հետո պնդելու ենք սահմանադրական փոփոխությունների հարցը քաղաքական օրակարգ դարձնելը:

-ԱՀ իշխանությունները տարիներ շարունակ վերաբնակեցման ուղղությամբ աշխատանքներ են տանում: Դրանք բավարար չե՞ք համարում:

-Մենք տարիներ ի վեր բարձրաձայնում էինք և բավարար չէինք համարում վերաբնակեցման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը: Իհարկե, գնահատում ենք պետության կողմից կատարված աշխատանքները, բայց այդ ամենը բավարար չէր: Այստեղ անհրաժեշտ են լուրջ հայեցակարգային մոտեցումներ, որոնց բացակայությունն է, որ դժգոհություն է առաջացրել ոչ միայն մեր կառույցում, այլ նաև հասարակական և քաղաքական դաշտում: Վերաբնակեցման արդյունավետ քաղաքականության իրականացումը կնպաստի նաև Ղարաբաղի հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծմանը: Վերաբնակեցման ճիշտ քաղաքականության իրականացմամբ, ժողովրդագրական իրավիճակի բարելավմամբ մենք կարող ենք փաստարկներ ունենալ մեր ձեռքին բանակցային գործընթացում և ապահովել Արցախի Հանրապետության տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումը:

Ողջունելի ենք համարում կառավարության կողմից վերջերս ձեռնարկված քայլերը: Մեր տեղեկություններով՝ վերջերս կառավարությունը նախաձեռնել է Արցախի ամբողջ տարածքը համարել վերաբնակեցվող գոտի: Մենք հնարավորություն կունենանք ճշգրիտ քայլեր կատարել և նոր քաղաքական գիծ որդեգրել: Մենք ունենք նաև մեր պատկերացումները, առաջարկները: Եվ երբ այս ոլորտին առնչվող խնդիրները և հայեցակարգային մոտեցումները հրապարակային քննարկումների նյութ դառնան, բնականաբար Դաշնակցության Արցախի կառույցն իր տեսլականները, առաջարկները կներկայացնի և կփորձի այստեղ լուրջ բեկումնային զարգացման հիմքեր դնել: Վերաբնակեցման քաղաքականության իրականացման համար պետք են լուրջ մասնագիտական և քաղաքական ուսումնասիրություններ և գնահատականներ:

Ծնելիության խրախուսման պետական ծրագրերը, բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցումը, սոցիալական տարբեր փաթեթների մշակումը և մատուցումը չի կարող ամբողջական գոհացում տալ, դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առջև: Մենք պետք է ունենանք վերաբնակեցման պետական առանձին մարմին, որը կունենա իր հստակ բյուջեն և ռազմավարությունը:

-«Ազգ-բանակ» հայեցակարգն արդյո՞ք կնպաստի քաղաքացիական պաշտպանության ոլորտի զարգացմանը, որի ուղղությամբ ՀՅԴ-ն տարիներ շարունակ առաջարկներ է ներկայացրել ու կոնկրետ ծրագրեր իրագործել:

-«Ազգ-բանակ» հայեցակարգը անվտանգության համակարգի ապահովման, պաշտպանունակության ամրապնդման բաղադրիչներից է: Դրա էությունն այն է, որ կարողանում ես շատ կարճ ժամանակում ողջ ժողովրդին մոբիլիզացնել և դարձնել բանակային, պաշտպանություն ապահովող, ամրապնդող միավոր: Այստեղ համակարգված գործելու անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ է, որ ազգաբնակչությունն ամբողջովին ներգրավված լինի մեր պաշտպանության համակարգի մեջ և ամրապնդի երկրի անվտանգությունը: «Ազգ-բանակ» հայեցակարգը միայն ինչ-որ գործողությունների շարան չէ, այլ նաև հոգեբանություն է: Մեզանից յուրաքանչյուրը, մեր երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պետք է ունենա իր ուղեղի մեջ այն մտայնությունը, որ ինքը զինվոր է, այս երկրի պաշտապանը: Այդտեղ ևս պետք է համալիր մոտեցում ունենանք և կարողանանք այնպիսի հոգեկերտվածք ստեղծել, որը պետք է վերածվի իրական գործողությունների: «Ազգ-բանակ» հայեցակարգի մեջ պետությունն ունի իր կարևոր դերակատարությունը:

-Արցախի ներքաղաքական կյանքը 2019թ. բավականին սուր էր՝ հաշվի առնելով նախընտրական շրջանը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված կացությունը, արդյո՞ք հասարակության մասնատման վտանգ եք տեսնում:

-2019թ. նշանավորվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, բայց և այնպես այս ընտրություններին նախորդած և հաջորդած շրջանը մեր ամբողջ հասարակությանը ներգրավել էր ապագա 2020թ. համապետական ընտրություններին: Սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները նախապատրաստական փուլ էին քաղաքական ուժերի համար: Այստեղ ուզում եմ անդրադառնալ հասարակության մեջ տիրող ընդհանուր մտայնությանը, հասարակության քաղաքականացված լինելու հանգամանքին և բևեռվածությանը: Մեր հասարակական դաշտում անընդհատ բևեռացման պրոցես է նկատվում՝ ինչ-որ տեղ արհեստական միջամտություններով, ինչ-որ տեղ՝ բնական: Այդ երկուսի համատեղմամբ արհեստական և բնական զարգացումները հասցրել են մի այնպիսի իրավիճակի, որ հասարակությունը մասնատման վտանգի առջև է կանգնած: Անցած ամիսներին մեր ամբողջ ջանքերը միտված էին, որպեսզի թույլ չտանք մեր հասարակական և քաղաքական դաշտի մասնատումը: Սա մեզ թելադրում է մեր քաղաքական փորձը: Ես չեմ վարանում և ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ այո, վտանգ կա: Եվ առաջիկա ընտրությունների նախաշեմին էլ ավելի կխորանա քաղաքական ուժերի միջև մրցակցային պայքարի արդյունքում բևեռացված իրավիճակը: Կարևոր է, որ այդ հակամարտությունը թշնամանքի չվերածվի և միմյանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ չստեղծվի: Ամեն ընտրության հաջորդում է հետընտրական փուլ: Մենք պետք է կարողանանք այդ փուլում խորությամբ վերլուծել և անդրադառնալ՝ ինչ արդյունքներ ենք ապահովել մեր երկրի զարգացման համար, ուր կհասնի Արցախն այդ ընտրությունների արդյունքում: Եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենա այդ պատասխանատվության զգացումը և իր առջև դրված խնդիրների հանգուցալուծման առումով նաև կանխատեսի իր ապագան, այդ ժամանակ կունենանք հաջողություններ: Իսկ եթե այդ պատասխանատվության զգացումը և մտայնությունը չլինի, ապա մենք, բնականաբար, կհայտնվենք շատ ծանր կացության մեջ:

Ավելի բևեռացված վիճակի մեջ հայտնվելու վտանգը դեռևս առկա է:  Դաշնակցության ջանքերը միտված են ոչ միայն ապագա ընտրություններում քաղաքական հաջողություններ արձանագրելուն, մեր քաղաքական դաշտում արժանի տեղ ապահովելուն, ինչու չէ՝ նաև երկրի ամբողջական ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելուն, այլ նաև հասարակական և քաղաքական դաշտը միասնական տեսնելուն:

-Անցնող տարում կարծես թե որոշակի ակտիվություն ու շունչ էր ստացել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Արդյո՞ք տեղաշարժ նկատում եք այդ առումով:

-Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված լուրջ ակնկալիքներ չունեինք: Նկատելի է, որ Հայաստանի նոր իշխանությունները որոշակի ճշգրտումներ անելով հանդերձ՝ նաև փորձում են բանակցային գործընթացը նոր հիմքերի վրա դնել: Ողջունելի էր անցյալ տարիներին Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը բանակցային լիարժեք կողմ դարձնելու քայլերը, նաև այն սկզբունքներն ու տեսակետները, որ հրապարակային ներկայացնում են Հայաստանի նոր իշխանությունները: Բայց հիմնահարցի կարգավորման առումով մենք դեռևս ունենք չլուսաբանված լուրջ մտահոգություններ: Բանակցային գործընթացը մինչև 2016 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, որին մենք դեմ էինք: Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությունները, որ սեղանին չկա բանակցային որևէ փաստաթուղթ և իրենք բանակցություններ չեն վարում, դեռևս չի ամբողջականացնում և չի  գոհացնում մեր պատկերացումները:

Ողջունելի է անցնող տարվա ընթացքում ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների երկու համատեղ նիստերի կայացումը: Մեր տեղեկություններով հրապարակային և ոչ հրապարակային այդ քննարկումների ընթացքում բավականին խորությամբ անդրադարձ է եղել Ղարաբաղյան հիմնահարցին: Մենք ՀՀ իշխանությունների հետ առիթ չենք ունենում հարցի առնչությամբ քննարկումներ ծավալել: Մենք տեղյակ ենք Արցախի իշխանությունների որդեգրած ընդհանուր սկզբունքներին և տեսակետներին և 2007 թ. որդեգրած այն կարծր կեցվածքին, որ ներկայացնում են ոչ միայն հրապարակավ: Եթե, ինչպես հայտարարվել է, ՀՀ և ԱՀ պաշտոնական տեսակետները համահունչ են, մեզ մնում է միայն գործնական քայլեր իրականացնել և իշխանություններին աջակցել այս հարցում:

Կուզեի այս հարցի առնչությամբ անդրադառնալ վերջերս շրջանառության մեջ դրված բանակցային գործընթացին «ադրբեջանական համայնքի» ներգրավման խնդրին: Այս առումով ամբողջությամբ կիսում ենք Անվտանգության խորհրդի վերջին նիստում ԱՀ նախագահի կողմից արված հայտարարությունը: Իրականության մեջ գոյություն չունեցող սուբյեկտը՝ այսպես կոչված «ադրբեջանական համայնքը» փորձում են խցկել բանակցային գործընթացի մեջ՝ ունենալով իրենց ակնկալիքները:

-Դուք 2019թ. այցելել եք մի շարք երկրներ, հանդիպումներ ունեցել այնտեղի հայ համայնքի հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք այցելություններից, արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները երկրորդ պլան են մղել Արցախի ճանաչման հարցը:

ԱՀ ԱԳ նախարարի հետ երկու կարևոր այցելություն եմ ունեցել՝ մեկը Լատինական Ամերիկա՝ Ուրուգվայ ու Արգենտինա, մյուսը՝ Ավստրալիա: Տարվա ընթացքում առիթ եմ ունեցել լինելու Հունաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում: Նոր հեռանկարներ և նոր հնարավորություններ են արձանագրվել ոչ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի, այլ նաև նոր բարեկամներ ձեռք բերելու գործում:

Այստեղ կցանկանայի անդրադառնալ հոկտեմբերին Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին: ՀՅԴ կառույցների, Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի կատարած տարիների աշխատանքի, Արցախի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք վերջապես Ստեփանակերտում կայացնել Արցախի բարեկամների համաժողովը: Դրանով արդյունավորվել է տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը և նոր սկիզբ է դրվել Արցախի արտաքին քաղաքական բնագավառում հաջողությունների համար, նոր սկիզբ՝ Արցախի միջազգային ճանաչումը մի նոր մակարդակի բարձրացնելու և նոր բարձունքներ նվաճելու առումով:

-2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից բացի ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել ՀՅԴ Արցախի կառույցը 2020թ.:

-Ընտրություններն այն նոր սկիզբը պետք է լինեն, որով պայմանավորված են լինելու ոչ միայն 2020թ., այլ դրան հաջորդող տարիների Արցախի զարգացումը: Այն սկզբունքները, որոնց մասին մենք խոսեցինք հարցազրույցի ընթացքում, բնականաբար շատ կարևոր են 2020թ. ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ նաև Դաշնակցության համար: Անվտանգության համակարգի ուժեղացումը, պաշտպանունակության ամրապնդումը, սոցիալական հիմնախնդիրների հանգուցալուծումը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներ են: Կարևոր եմ համարում մեկ անգամ ևս շեշտել, որ Դաշնակցությունը, համահայկական  կառույց լինելով, ունակ է համահայկական առումով ուժերի կենտրոնացման և նոր ծրագրերի իրականացման:

Նյութը պատրաստել է Տաթեւիկ Աղաջանյանը

1