«Մեծ աշխատանքներ ենք տանում Արցախի անկախության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Վաչե Գահրամանյանի
Գլխավոր » Միջազգային » «Մեծ աշխատանքներ ենք տանում Արցախի անկախության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Վաչե Գահրամանյանի

«Մեծ աշխատանքներ ենք տանում Արցախի անկախության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Վաչե Գահրամանյանի

 Հարցազրույց ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Վաչե Գահրամանյանի հետ

 

— Վերջին տարիներին Ավստրալիայում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի գրասենյակը, եւ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Անցած տարի ավստրալացի պատգամավորների խումբ էիք բերել Արցախ: Որ՞ն էր այդ այցի նպատակը: 

 

— Ավստրալիան մի փոքր տարբերվում է այլ երկրներից, քանի որ չունենք հարեւաններ: Այն մի մեծ կղզի է, եւ երբ փորձում ենք պատգամավորներին ներկայացնել Արցախի հարցը` ասելով, որ կան սահմաններ, նրանք չեն կարողանում հստակ պատկերացնել` ինչ ասել է սահմաններ: Նրանք հստակորեն չեն պատկերացնում, որ երկիրը կարող է սահմաններ ունենալ: Ավստրալիան սահմաններ չունի, իր շուրջն օվկիանոս է: Նրանք չեն կարողանում ըմբռնել, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնեցնում Արցախին` սահմաններում լարվածության պատճառով, եւ այնտեղ առկա խնդիրներն ինչ ազդեցություն են ունենում ժողովրդի հոգեկան աշխարհի վրա: Եվ անգամ  ինչ ազդեցություն ունի առեւտի վրա կամ դիվանագիտական հարաբերություններում` սահմաններում առկա խնդիրները: Մենք  այս ամենը մեկ առ  մեկ բացատրում եւ պարզաբանում ենք Ավստրալիայի պատգամավորներին: Անցյալ տարի մենք Ավստրալիայի 7 պատգամավորների հետ այցելեցինք Արցախ: Դրանք անձիք էին, ովքեր անտարբեր չեն Արցախյան հիմնահարցի նկատմամբ եւ հաճախ են խոսել այդ հարցի մասին: Ավստրալիայի ամենամեծ նահանգն ընդունեց բանաձեւ Արցախի ինքնորոշման ճանաչման մասին: Իսկ այդ պատգամավորները, ովքեր եկան Արցախ եւ իրենց աչքով տեսան, թե ինչ նշանակություն ունի Արցախը, բոլորովին տարբեր մթնոլորտ ստեղծվեց հենց իրենց մտքերում: Շատ լավ եմ հիշում, երբ ԼՂՀ ԱԺ-ում ավստրալիացի պատգամավորներից մեկը հարցրեց, թե ուր են փլատակ շենքերը: Նրանք զարմացած էին, որ Արցախը ոտքի է կանգնել եւ վերանորոգել է պատերազմի հետքերը: Նրանք զարմացել էին` տեսնելով, որ Արցախում ժողովուրդն ապրում է նորմալ, ինչպես Եւրոպական երկրներում են ապրում: Ավստրալիա վերադառնալով` նա իրապես կարողացավ ըմբռնել, թե Արցախը ոչ միայն ինչ-որ տարածք է, այլ մի պետություն է, որն ունի կառավարություն, եւ այդ երկրում ապրում է մի ամբողջ ժողովուրդ: 

 

— Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը խորհրդարանի մակարդակով: Ի՞նչ եք կարծում, այդ ճանաչման գործընթացը կարո՞ղ է շղթայական լինել եւ արդյո՞ք այդ գործընթացը կտեղափոխվի այլ նահանգներ կամ այլ մակարդակներում այն կընդունվի:

 

— Մենք արդեն լծվել ենք այդ աշխատանքին, որպեսզի այլ նահանգներ եւս իրենց հերթին ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ինչպես այն արեց Նոր Հարավային Ուելս նահանգը 2012 թվականին: Բավականին մեծ եւ լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի կողմից, եւ հույս ունենք, որ այլ նահանգներ եւս իրենց հերթին նման բանաձեւեր կընդունեն, ինչպես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: Արցախի անկախության ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը` դրանք երկու  հարցեր են, որոնց ուղղությամբ միաժամանակ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Այդ երկու հարցերն էլ շատ մեծ նշանակություն ունեն, շատ մեծ կարեւորություն ունեն: Դրանցից մեկը` պատմական հարթակում, իսկ մյուսը` ներկա իրավիճակի նկատմամբ:

 

— Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւից հետո արդյո±ք եղան ճնշումներ Ադրբեջանի կողմից, եւ, առհասարակ, ի±նչ խնդիրների առաջ եք կանգնում, որպեսզի  Ավստրալիան ճանաչի  Արցախի անկախությունը:

 

— Կարող եմ մի պարզ օրինակ բերել: Երբ 2012 թվականին Նոր Հարավային Ուելսի  խորհրդարանը որդեգրեց եւ միաձայն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թուրքերը փորձեցին որոշակի քայլեր ձեռնարկել: Մինչեւ 2013 թվականը Ավստրալիայում Ադրբեջանը չուներ դեսպանատուն, եւ երբ 7 պատգամավորներ Ավստրալիայից այցելեցին Արցախ, հենց այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը բացեց իր առաջին դեսպանատունն Ավստրալիայի մայրաքաղաքում: Փաստը ինքնին շատ հստակ է, թե ինչու: Բնականաբար` հակասելու մեր տարած  աշխատանքներին Արցախի ճանաչման նկատմամբ: Ավստրալիան եւ Ադրբեջանը չունեն ոչ մի տնտեսական կամ քաղաքական կապ: Իհարկե, ամեն մի պետություն նման իրավունք ունի եւ մենք չենք կարող դրան դեմ լինել, սակայն փաստը հայտնի է, թե ինչու Ավստրալիայում Ադրբեջանը դեսպանատուն բացեց:  Եվ անկախ այն բանից, թե որքան գումարներ են ծախսում իրենց սուտը առաջ տանելու համար, միեւնույն է` մենք համոզված ենք, որ ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է: Նոր Հարավային Ուելս նահանգի ճանաչումը մեծ արձագանք ունեցավ հենց տեղական շրջանակներում: Դաշնային կառավարությունը եւ խորհրդարանը քաջատեղյակ են, որ նման բանաձեւ է ընդունվել: Արդեն իսկ փաստն առկա է, որ Ավստրալիայի մայրաքաղաքում ղեկավարներն ու խորհրդարանականները լսեցին Արցախի մասին: Մենք հույս ունենք, որ այլ նահանգներ եւս իրենց հերթին կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բնականաբար, այդ ամենը մեկ օրվա աշխատանք չէ: Մեր ցանկալի արդյունքին հասնելու համար երկարաժամկետ եւ քրտնաջան աշխատանք է պահանջվում, սակայն մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում մենք մեր ցանկալի արդյունքին հասնելու ենք:

 

— Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Դատի գրասենյակի աշխատանքներն ակտիվացել են, եւ, առհասարակ, ի՞նչ աշխատանքներ է այսօր կատարում Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը եւ ի՞նչ խնդիրների եք հանդիպում:

 

— Խնդիրները գրեթե նույնն են` ինչ աշխարհի բոլոր երկրներում է առկա: Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ սպառնալիքներ է տեղում: Այդ հարցում արդեն տարիների փորձառություն ունենք եւ այդ ամենը նորություն չէ մեզ համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք հակասելու այդ բոլոր սպառնալիքներին, ինչը եւ անում ենք: Կարող եմ մի պարզ օրինակ բերել: 2013 թվականի վերջին թուրքական համայնքը Ավստրալիայում իրապես սկսել է ակտիվանալ: Նրանք Ամերիկայից մի պատմաբան էին հրավիրել Ջաստին Մաքարթի անունով: Նա բավականին հայտնի պատմաբան է եւ հայտնի է իր աշխատությամբ, որը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ է: Նա հրավիրվել էր Ավստրալիա եւ երեք գլխավոր ելույթներ պետք  է  ունենար:  Արդեն  տեղյակ  լինելով, թե  որտեղ  են  նախատեսվում  ելույթները, կապվեցինք այդ հանդիսությունների սրահների ղեկավարների հետ եւ ներկայացրինք, թե ով է այդ անձնավորությունը եւ ինչ է իրենից ներկայացնում: Եվ անմիջապես 2 հաստատությունները հրաժարվեցին տրամադրել իրենց սրահները այդ ելույթների համար: Սա նույնպես հաջողություն է: Բնականաբար, տեղական մամուլը նույնպես անդրադարձավ այդ ամենին, քանզի  Հայոց ցեղասպանության իրողությունը աղավաղող ինչ-որ մեկը չպետք է հնարավորություն ունենա բեմ բարձրանալու եւ իր ասելիքը փոխանցելու: Բնականաբար, այդ ամենը թուրքերի համար բավականին մեծ վնաս էր, քանզի նրանք չկարողացան փոխանցել ժողովրդին այն, ինչ ուզում էին փոխանցել` խեղաթյուրելով պատմական իրողությունը:

 

Մենք Ավստրալիայում երկու գլխավոր հաջողություններ ենք ունեցել: Ավստրալիայի երկու նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը, եւ այժմ էլ այլ նահանգների հետ ենք աշխատանքներ տանում, որպեսզի նրանք էլ բանաձեւեր ընդունեն: Եթե մի փոքր հետ նայենք, մոտ 5 կամ 6 տարի առաջ շատ քիչ մարդիկ կային, որ գիտեին Հայոց ցեղասպանության իրողության մասին: Եվ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ ընդհանրապես Հայաստանի մասին գրեթե տեղեկություն չունեին: Սկզբունքային խնդիրներ կային, որ պետք է վերլուծեինք եւ ներկայացնեինք խորհրդարանի անդամներին` կապված Հայաստանի հետ: Էլ չեմ ասում` Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի հարցով: Այսօր Ավստրալիայում հասել ենք մի հանգրվանի, որ չկա խորհրդարանի որեւէ անդամ, որը չգիտի Հայոց ցեղասպանության իրողության  մասին:

 

— Հայոց ցեղասպանության ճանաչումն Ավստրալիայում կատարվել է նահանգային մակարդակում: Արդյո՞ք այն այլ հարթակներ եւս կտեղափոխվի:

 

 — Ավստրալիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ընդունվել է նահանգային մակարդակով, սակայն աշխատանքներ են տարվում: Այդ հարցում հասել ենք այնպիսի մի տեղ, ինչպես որոշ երկրներում է. հասել ենք  «Ցեղասպանություն» բառի օգտագործմանը, սակայն, դժբախտաբար, Ավստրալիայի կառավարությունը շատ ուշադիր հետեւում է Ամերիկայի քաղաքականությանն այդ հարցի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ` պետք է նշեմ, որ Ավստրալիան շատ մոտ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ առաջին համաշխարհային պատերազմից հետո: Թուրքիան կարողացել է օգտագործել այդ պատմական հետքը, որպեսզի ամրապնդվեն կապերը Ավստրալիայի հետ: Ապրիլի 24-ին, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերի անմար հիշատակի համար, ապրիլի 25-ին Ավստրալիան պետք է տոնի առաջին համաշխարհային պատերազմի իր գլխավոր տոնակատարությունը: Թուրքերը կարողացել են օգտագործել այդ թվականը  իրենց շահի համար: Մենք` որպես հայ ազգ, որը գտնվում է Ավստրալիայում, մեր ձեռքին ունենք մեծ փաստ բոլոր այդ սպառնալիքների դեմ: Դա այն է, որ Ավստրալիան մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերին: Լիբանանում ներկայումս Կիլիկիո թեմի առաջնորդարանի շենքը` նախքան առաջնորդարան լինելը եղել է որբանոց, եւ ավստրալիացիները հոգ են տարել  մոտ 1500 հայ որբերի համար: Դա եղել է 1915-1927 թվականներին: Կան բազմաթիվ օրինակներ, որ Ավստրալիայի բժիշկներ եւ այլ մասնագետներ գաղթել են միջին արեւելք հայ որբերին հոգ տանելու համար: Ավստրալիայի տարբեր շրջաններում նստած կանայք իրենց ձեռքերով են հագուստներ կարել եւ ուղարկել այդ որբանոցներին:  Նաեւ այլուր ու ցորեն են ուղարկել, որպեսզի այդ երեխաները սոված չմնան: Դա Ավստրալիայի ներքին պատմությունն է, որը թուրքերը խախտել չեն կարող: Իսկ այս ամենը ուժ է մեր ձեռքին, առավել եւս` որ մոտենում է 100-ամյակը եւ լուրջ աշխատանք կա այդ ներքին տեղական պատմության ճանաչման նկատմամբ` կապված Հայոց ցեղասպանության հետ: Մենք լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի Ավստրալիան իր հերթին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

— Որքանով տեղյակ եմ` առաջիկայում լրագրողների խումբ եք բերելու Հայաստան: Արդյո՞ք նախատեսվում է նաեւ պաշտոնական  ներկայացուցիչների այց Հայաստան կամ Արցախ:

 

— Հավանաբար մեր հաջորդ այցելությունը Հայաստան` կլինի միայն լրագրողների հետ: Մենք ունենք ծրագրեր` տարբեր ներկայացուցիչների բերել Արցախ եւ Հայաստան: Բայց քանի որ եկող տարի Ցեղասպանության 100-ամյակն է, ուզում ենք, որ մեր տեղական թերթերն ավելի լայնորեն գրեն ոչ միայն Ցեղասպանության մասին, այլ ընդհանրապես Հայաստանի մասին, քանզի բազմաթիվ ավստրալիացիներ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Չի բացառվում, որ այդ ամենից հետո ցանկություն ունենան այցելել Հայաստան` որպես զբոսաշրջիկ: Այն ծրագիրը, որն ուզում ենք իրականացնել, կենտրոնացած է ոչ միայն Արցախի վրա կամ Ցեղասպանության ճանաչման վրա, այլ Հայաստանի տնտեսական զարգացման վրա:

 

Չնայած Հայ Դատը, որը Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական բաժինն է, միայն Դաշնակցության խնդիրը չէ: Հնարավոր չէ, որ աշխարհի երեսին մեկ հայ լինի, ով դեմ կլինի Հայ Դատին. դա արդեն իսկ շատ մեծ հաջողություն է: Մեր խնդիրն է` նրանց համախմբել եւ նրանց սրտերում միշտ վառ պահել հայրենիքի գաղափարը: Կա թյուր կարծիք, որ 100-ամյակին, եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը, ապա դա կլինի վերջնակետը: Դա բոլորովին սխալ մտածելակերպ է, քանզի Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն իսկ առաջին մարտահրավերն է. մենք ունենք հողային պահանջ, հատուցում եւ այլ պահանջներ: Եվ այդ ժամկետը կարեւոր չէ: Իհարկե, հաջորդ տարի լրանում է 100-ամյակը, բայց դա կարեւոր չէ: Եթե տեւի 200 տարի, որ հասնենք մեր պայքարի արդյունքին, ուրեմն աշխատանքները կտարվեն մինչեւ այդ ժամանակ, մինչեւ մեր բոլոր պահանջները կիրականանան:

 

 

Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆԻ

1