Արցախի հերոսների լուսանկարներն անարգած ուսուցչուհուն դպրոցից հեռացնելու հարցում վազգենաշենցիները վճռական են տրամադրված
Օրերս Մարտունու շրջանի Վազգենաշենի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարո Մաթևոսյանի վիրավորական գրառումները «Արցախի հերոսներ» պաստառի լուսանկարներից մի քանիսի վրա՝ ֆեյսբուքյան արցախյան տիրույթում և Վազգենաշենի համայնքում հանրային բողոքի ալիք է առաջացրել: Մասնավորապես, գյուղի կրթօջախում ուսուցչուհու անվայելուչ արարքի հետևանքով ստեղծված կոնֆլիկտային իրավիճակն արդեն դեկտեմբերի 9-ին վերաճել էր դասադուլի: Տապալվել էր բնականոն դասապրոցեսը:
Մինչ այդ, սոցցանցի օգտատերերից ու մի շարք լրատվամիջոցներից բացի, բավական կոշտ էր արձագանքել նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակը` ուսուցչուհու արարքը որակելով որպես <<պղծում>> և <<վանդալիզմ>>:
Ըստ շրջանառվող լուրերի` Մարտունու շրջանային դատախազությունը նյութերին ծանոթանալուց հետո, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, բավարարվել է միայն վարչական տուգանքի նշանակմամբ /որպես տուգանքի չափ` մի դեպքում նշվում է 1500, մյուս դեպքում` 15000 դրամ գումար/:
Այս տեղեկությունները վրդովմունքի տեղիք էր տվել վազգենաշենցի դպրոցականների և ծնողների շրջանում, ովքեր դասադուլ են հայտարարել` պահանջելով դպրոցից հեռացնել ուսուցչուհի Մ. Մաթևոսյանին:
Ոստիկանության ավագ տեղամասային տեսուչ Վազգեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարո Մաթևոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված և դպրոց ներկայացել է այդ կապակցությամբ: Նրա հաղորդմամբ` <<Վանդալիզմի>>-ի հատկանիշներով քրեական գործով ներկայումս դատարան ներկայացնելու համար նյութեր են կազմվում:
Տնօրենի աշխատասենյակում, ի պաշտոնե դպրոց այցելած ոստիկանության տեղամասային տեսուչի հետ մեր զրույցի ընթացքում Վազգենաշենի դպրոցում սովորականի պես հնչեց դասերն ազդարարող զանգը: Սակայն քիչ անց, տնօրեն Արմեն Ղայամյանը ստիպված էր խոստովանել, որ աշակերտների մեծամասնության չներկայանալու պատճառով օրվա բնականոն դասապրոցեսը տապալվել է: Նրա հաղորդմամբ` ընդհանուր առմամբ` 45 աշակերտից դպրոց էր ներկայացել ընդամենը 15-ը:
Գործող կարգի համաձայն` հրավիրված ծնողական ժողովում, որին ներկա էր նաև շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Զորիկ Ղուլյանը, աշակերտների և ծնողների ընդհանուր պահանջը ներկայացրեց ծնողական կոմիտեի նախագահ Շողեր Մեժլումյանը: Նրա տեղեկատվությամբ` աշակերտներն իրենք չեն ցանկացել ներկայանալ դպրոց, իսկ ընդհանուր որոշման մասին ծնողներին տեղեկացրել են վերջին պահին միայն: <<Ազատամարտում զոհված իմ հայրն ու տեգրը այն նույն հերոսների զինվորներն են եղել, ում լուսանկարներին ուսուցչուհին անվայել գրառումներ է կատարել>>,-ասաց Շ. Մեժլումյանը:
Շրջվարչակազմի ներկայացուցիչ Զորիկ Ղուլյանը, դատապարտելով ուսուցչուհու արարքը, ծնողներին հայտնեց, որ ներկայումս քրեական գործի շրջանակներում իրավասու մարմիններում նախաքննություն է ընթանում: Մինչ օրենքի շրջանակներում խնդրի լուծումը՝ ծնողներին հորդորել է երեխաներին դպրոց ուղարկել:
<<Իրավական գնահատականն ու դատարանի վճիռն ունենալուց հետո շրջվարչակազմը անպայման համարժեք գործողություններ է ձեռնարկելու>>,-վստահեցրեց կրթության բաժնի պատասխանատուն:
Մեզ հետ զրույցում Մարո Մաթևոսյանը չհերքեց իր մասնակցությունը Արցախի հերոսների պաստառին գրառումներ կատարելու գործում, բացառությամբ` Վիտալի Բալասանյանի լուսանկարի, որը գտնվում է նույն պաստառին: Նրա խոսքով` հերոսների լուսանկարները ոչ թե դպրոցի պատի հուշատախտակին են եղել, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլև գտել են իր գրասեղանին: Ի դեպ, դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով չկամեցավ ներկայանալ, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հերոսների լուսանկարներին գրառումներով պաստառը ինքն է նկատել դասարանի պատին և իջեցրել: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի լուսանկարին գրառման առկայության կամ բացակայության հանգամանքին՝ պաստառն առաջինը նկատած ուսուցչուհին հստակ չէր հիշում: Ամեն դեպքում, ըստ շրջվարչակազմի և ոստիկանության ներկայացուցիչների տեղեկատվության՝ աղմկարահարույց պաստառն ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննության:
Ինչպես պարզվեց մեր այցի ընթացքում՝ Վազգենաշենի դպրոցի միջանցքում փակցված՝ Արցախի հերոսների մեծադիր լուսանկարներից մի քանիսը ևս վանդալիզմի էին ենթարկվել: Այս վնասարար դեպքին իր մասնակցությունը Մ. Մաթևոսյանը ժխտեց` հավելելով, որ թանաքի հետքերով հերոսների լուսանկարները բոլորի աչքի առաջ են եղել ամիսներ շարունակ, ինչի մասին ոչ-ոք չի բարձրաձայնել:
<<Մինչդեռ դասարանի պահարանից գտած, դպրոցական տետրի մեծությամբ պաստառի փոքրամասշտաբ լուսանկարներին արված իմ գրառումները հատուկ նպատակով տարածվեցին, որպեսզի հնարավորինս վնասեն ինձ>>,- ասաց Մ. Մաթևոսյանը` հավելելով, որ նման վարքագծի դրսևորման դրդապատճառ է հանդիսացել գյուղում և դպրոցում առկա խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու ցանկությունը՝ առանց որևէ քաղաքական նկատառման:
Արդեն դեկտեմբերի 11-ին կայացած մեր հեռախոսազրույցում Վազգենաշենի դպրոցից տեղեկացրին, որ ծնողներն ու աշակերտները, անսալով շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի ղեկավարի հորդորներին, առայժմ դադարեցրել են դասադուլը` սպասելով դատարանի վճռին:
Վան Նովիկով