Ազգային ժողովն ընդունել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեն
Դեկտեմբերի 19-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Նիստին ներկա էր նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ով իր ելույթում կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի բյուջեն իր էությամբ իրատեսական է, ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպերի ապահովումը:
Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը, այդ թվում, նախատեսվում է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը:
«Իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են մնալու բանակաշինության, անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է իր ելույթում նախագահը: