Ստեփանակերտում դիմավորել են աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում դիմավորել են աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին

Ստեփանակերտում դիմավորել են աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավոր դիմավորել են հայ կարատեիստ, Եվրոպայի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին:

Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհի եռակի չեմպիոնի պատվավոր տիտղոսը:

Արթուրի խոսքով՝ աշխարհի առաջնությանը մասնակցել են 50 երկրներ ներկայացնող 300 մարզիկներ: Արցախցի մարզիկը մրցել է Թուրքիայի, Ղազախստանի, Վրաստանի մարզիկների հետ: Եզրափակիչ փուլում նա հանդիպել է Վրաստանը ներկայացնող հայ մարզիկի հետ, չնայած շատ է ցանկացել Ադրբեջանի մարզիկի հետ մրցել եւ հաղթել:

‹‹Մրցաշարն անցել է շատ հեշտ եւ արագ, որովհետեւ պատրաստվել ենք գրագետ եւ ինքնավստահ շարժվել դեպի հաղթանակ››,- հավելել է նա: Կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ Արթուրն աշխարհում միակ եռակի չեմպիոնն է այս մարտարվեստում:

‹‹Նա հաղթանակի է հասել իր նպատակասլացության եւ արցախցի լինելու շնորհիվ››,-հավելել է նա:

ԿԳՍ նախարարի տեղակալ, հայ սամբիստ, աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանի խոսքով՝ Արթուր Առուշանյանը երիցս աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է իր ինտենսիվ պարապմունքների արդյունքում:

‹‹Նրա հաղթանակը աննախադեպ է թե Արցախի մարզական, թե տվյալ մարտարվեստի պատմության մեջ››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան

1