Մեկնարկել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ցուցահանդեսը
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ցուցահանդեսը

Մեկնարկել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ցուցահանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ‹‹Վիկտորիա›› միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ ԱՀ պաշտպանության բանակի աջակցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա են եղել ‹‹Վիկտորիա›› միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գայանե Գեորգյանը, արվեստագետներ, հասարակական գործիչներ, հյուրեր:

Ցուցահանդեսին ներկայացվել են ժամկետային զինծառայության մեջ գտնվող ‹‹Փ. Թերլեմեզյան››-ի անվան գեղարվեստի քոլեջի սաներ, երիտասարդ նկարիչներ Հայկ Գալոյանի եւ Դավիթ Բոցինյանի նկարները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը: Նա կարեւորել է միջոցառման նշանակությունը եւ խորին շնորհակալություն հայտնել նրա աջակիցներին: Ելենա Դադայանը հավելել է, որ ինքն արդեն տեսնում է երիտասարդ նկարիչներին՝ հանրության կողմից պահանջված, մեծանուն նկարիչ դառնալու ճանապարհին:

‹‹Վիկտորիա›› միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գայանե Գեորգյանն ասել է, որ, Երեւանում մասնակցելով տղաների ստեղծագործական ծրագրերի ցուցահանդեսին, այդ պահին նրա մոտ մտահղացել է Արցախում եւս անհատական ցուցահանդես կազմակերպելու միտքը եւ, Ելենա Դադայանի հետ համագործակցելով, այն այսօր արդեն իրականություն դարձրել: Հիմնադրամի տնօրենը կարեւորել է ցուցահանդեսի նշանակությունը քաղաքական եւ մշակութային տեսանկյունից: Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսով պետք է աշխարհին հասցնել այն գաղափարը, որին ինքը միշտ հավատացել է եւ բազմիցս կրկնել, որ հայապահպանության եւ միջազգային հարթակում ճանաչելի դառնալու գործում մշակույթը հզոր զենք է:

‹‹Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է լինի ստեղծագործական այն լույսը, որը միշտ օգնել է հայ ժողովրդին ապրելու եւ արարելու: Մեր նպատակը մեկն է՝ ամբողջ աշխարհին հայտարարել, որ հայոց աշխարհը հզոր, տաղանդավոր եւ ստեղծագործող է››,- հավելել է նա:

Ժամկետային զինծառայող Հայկ Գալոյանը նկարում է 4 տարեկանից: Նրա խոսքով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պատկերասրահում ունեցել է եւս մեկ անհատական ցուցահանդես: Նա հավելել է, որ ծառայության ժամանակ չի նկարում՝ կապված տրամադրության եւ միջավայրի հետ:

‹‹Սիրում եմ նկարել այն, ինչի մեջ տեսնում եմ գեղեցիկը››,-ասել է նա:

Դավիթ Բոցինյանի խոսքով՝ ցուցադրության է ներկայացրել տարբեր ժանրային ընդգրկումներ ունեցող նկարներ:

‹‹Ցուցադրության են ներկայացրել իմ լավագույն աշխատանքները: Առանձնահատուկ հոգեհարազատ թեմա չկա, որով սիրում եմ ստեղծագործել››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան

1