Կայացել է ‹‹Լուսաբացից առաջ›› ներկայացման առաջնախաղը

Դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի է ունեցել երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանի ‹‹Պատերազմ… աչքեր… ծաղիկներ… ›› գրքի հիման վրա ստեղծված ‹‹Լուսաբացից առաջ›› բեմականացման առաջնախաղը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, Համազգայինի Կենտրանական վարչության անդամ, գրող Սպարտակ Ղարաբաղցյանը, ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, պետական այրեր եւ հյուրեր:

Պատերազմում զոհված իր հրամանատար հոր՝ Արմեն Ավագյանի ծննդյան 50-րդ տարելիցին նվիրված Հերմինե Ավագյանի «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ… » գիրքը հանդիսատեսի դատին է հանձնվել բեմականացված՝ արցախյան շարժման եւ պայքարի կենդանի դրվագներով, հայ ժողովրդի հավաքական կամքն ու նվիրումը մարմնավորող հրամանատարի կերպարով, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամուր թելերով հաղթանակի նվաճումով:
‹‹Լուսաբացից առաջ›› ներկայացումն արցախյան հերոսամարտի, մեր ժողովրդի ապրածի եւ չապրածի, մեր անցյալի եւ ապագայի հերոսապատումը պատկերող ներկայացում է, որի երաժշտությունը գրել է անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

Երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանը նշել է, որ ‹‹Լուսաբացից առաջ›› խորագիրն իր մեծ խորհուրդն ունի: Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է ներկայացնել մեր բոլորի մանկությունը, հարազատ վայրերով անցած պատերազմը, մինչեւ լուսաբաց եւ մինչեւ հաղթանակ մեր հերոսական անցյալն ու հաղթանակը բերող տղաներին:
‹‹Մենք պարտավոր ենք ամուր գրկել արյամբ ձեռքբերված մեր խաղաղ լուսաբացները: Թող բոլորի մանկությունը միշտ մանուկ մնա, եւ բոլորի հեքիաթներում երեք խնձոր ընկնի երկնքից››,- հավելել է հեղինակը:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ Ռուզաննա Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումն ավելի շատ պատերազմի հետեւանքն ու պատերազմն ապրած մարդու հոգեվիճակն է արտացոլում:

‹‹Մենք լավ գիտենք, թե ինչ է պատերազմը եւ խաբելու մտադրություն չենք ունեցել: Մեր կարեւոր խնդիրն է եղել ինքներս մեզ եւ ուրիշներին չխաբելն ու հանդիսատեսի հետ անկեղծ լինելը››,- հավելել է նա:
Ներկայացմանը ներկա Երվանդ Ղազանչյանի որդի Հակոբ Ղազանչյանը նշել է, որ ներկայացումը մեր անցյալը վերհիշելու եւ վերարժեւորելու եւս մեկ հնարավորություն է: Նրա խոսքով՝ թեման անհրաժեշտ է, դրա հետ մեկտեղ նաեւ՝ բեմ հանելու համար բարդ, քանի որ պատկերում է այն մարդկանց ճակատագրերը, որոնցից շատերն այսօր կենդանի են:
‹‹Լավ կլիներ, որ այս ներկայացումը դիտեր ոչ միայն հանդիսականը, այլեւ այն երիտասարդները, ովքեր զինվորական ծառայության են անցել Արցախի հողում››,- հավելել է նա:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանի խոսքով՝ ինքն առաջին անգամ ընթերցելով Հերմինե Ավագյանի գիրքը, իր տպավորությունների մասին անդրադարձել է ‹‹Ապառաժ›› պաշտոնաթերթում, որտեղ ներկայացրել է նոր արձակագրի՝ հայ ժողովրդի ցավն ու ճիչն ամփոփող մտածողությունը՝ գեղարվեստական պատկերներով, այսօր արդեն՝ բեմականացմամբ:
Ներկայացմանը հրավիրված են եղել նաեւ ստեղծագործության իրական հերոսները:


Հասմիկ Հակոբյան